Ո՞վ է քեզ լիազորել հրաժարվել Հայոց ցեղասպանությունից
Sun, 08 Nov 2026 18:15:08 +0400
Սկզբում ասաց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։ Հետո, տեսնելով, որ առանձնապես արձագանք չկա, ձայնն ավելի բարձրացրեց, մի քայլ էլ առաջ գնաց։ Հայտարարեց, որ այդ հարցն ընդհանրապես Հայաստանի օրակարգում չկա։
Ավելին՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը որակեց որպես ուրիշ պետությունների ձեռքին եղած «վճարամիջոց» և հայտարարեց, որ մենք պետք է հրաժարվենք դրանից։ Ո՞վ է Փաշինյանին լիազորել՝ որոշելու, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի օրակարգում չպետք է լինի։ Ո՞վ է նրան իրավունք տվել մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողությունը, արդարության պահանջը և ավելի քան մեկ դար տևած պայքարը վերածելու դիվանագիտական առևտրի առարկայի։ Ժողովո՞ւրդը։ Ժողովուրդը քեզ վարչապետ է ընտրել, ոչ թե իր պատմության խմբագիր։ Քեզ պետական կառավարում է վստահել, ոչ թե հայ ժողովրդի պատմական հիշողությունը տնօրինելու իրավունք։ Սա ինքնուրո՞ւյն որոշում է, թե՞ արտաքին ակնկալիքների կատարում։ Ո՞վ է պահանջել այդ հրաժարումը, ի՞նչ է խոստացվել դրա դիմաց, և ի՞նչ է ստացել Հայաստանը։ Ո՞րն է դրա զիջման երաշխիքը։ Դու Հայաստանի վարչապետն ես, ոչ թե հայ ժողովրդի պատմության սեփականատերը։ Եվ եթե քո որոշմամբ հրաժարվում ես այդ հարցը բարձրացնելուց, դա դեռ չի նշանակում, որ հայ ժողովուրդն էլ է հրաժարվել իր պատմական իրավունքից։
Հայոց ցեղասպանության ճանաչումը կուսակցական օրակարգ չէ, որը կարելի է փոխել իշխանության գալուց հետո։ Դա մեր պատմության, մեր ինքնության և մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության միջազգային ճանաչման ու դատապարտման օրակարգ է։ Ավելին՝ սա միայն անցյալի հարց չէ, այլև ապագայի անվտանգության։ Դրանով վտանգվում է հայ ժողովրդի ապագան, որովհետև պատմական արդարության պահանջից հրաժարվելը խաղաղության երաշխիք չէ, այլ նոր ցեղասպանության կրկնություն է։