Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին
Mon, 09 Nov 2026 13:12:08 +0400
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարելիցն է։ Այդ առիթով քաղաքական և հասարակական տարբեր գործիչներ այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակին։
Խաչատրյանի խոսքով՝ խաղաղության մասին խոսելն անհիմն է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, սպառնալիքներ հնչեցնել և խոչընդոտել Արցախի հայ բնակչության վերադարձն իր հայրենիք։
Պատգամավորը նաև մատնանշել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ, իսկ Արցախում հետևողականորեն վերացվում է հայկական պատմամշակութային ներկայությունը։
Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը ոչ թե խաղաղություն է, այլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակավոր դադար։
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին»,- ասել է նա: