«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին

«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին

Tue, 10 Nov 2026 08:45:20 +0400


Ընդդիմադիրները համա­խմբման գործընթաց են սկսել, իսկ հանգստյան օրերին Երեւանում իրազեկման ակցիա էին անում՝ «Հայաստանի անկախության պաշտպանության» եւ նոր սահմանադրության ընդունումը կանխելու նպատակով։ Ակցիային մասնակցում են խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Նրանց միացել են նաեւ «Ապրելու երկիր», ՀԱԿ, Հայաքվե, «Ժառանգություն», Հանրապետական եւ այլ կուսակցությունները:

Նոր սահմանադրությունն ալիեւյան անվանող ընդդիմադիրները պնդում են, թե իշխանությունները մայր օրենքը փոխելու որոշում են կայացրել Բաքվի պահանջով՝ դրանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու համար։ Հիշեցնենք, որ օրերս 12 ընդդիմադիր ուժ հայտարարել էին համախմբվելու եւ հանրային ճնշմամբ նոր սահմանադրության ընդունումը կանխելու մտադրության մասին։ Իշխանությունը, իհարկել, հերքում է, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Երեկ MaskOFF պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտել է՝ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է, որը չի պատրաստվում քննարկել որեւէ արտաքին դերակատարի հետ։ Ըստ Փաշինյանի՝ իշխանությունը ցանկանում է ժողովրդին հնարավորություն տալ՝ առաջին անգամ սեփական ազատ քվեով լեգիտիմ սահմանադրություն ընդունելու։ Միաժամանակ, վարչապետը բերանից թռցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրենց զրույցներում ընդունել է, որ սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է, սակայն նշել է նաեւ, որ գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեն նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը եւ իրենց պակասող 6-7 ձայնը չտան, ապա իշխանությունը հանրային ճնշում կգործադրի նրանց նկատմամբ՝ անգամ խորհրդարանի առջեւ ցույց կազմակերպելով։
Կիրակի օրվա հանրային իրազեկման ակցիային մասնակցում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին, ասաց. «Երկու ժամ պտտվել ենք` բարյացակամ արձագանքներ ենք նկատել: Երկու ժամվա ընթացքում զրուցել ենք առնվազն հարյուր մարդու հետ, հարյուրից միայն մեկն է մերժողական դիրքորոշում ցուցաբերել, մի քանիսն էլ փոքր-ինչ սառն են իրենց դրսեւորել, սակայն մեծ մասն ակտիվ է, ոգեւորված: Մարդիկ ուշադիր լսում են մեզ, արձագանքում են եւ համաձայնում մեզ հետ: Ինձ համար նորություն էր եւ հետաքրքիր այն փաստը, որ երիտասարդները շատ ավելի ակտիվ են ու արձագանքող, ավելի համաձայն եւ կարծում են, որ Հայաստանում չպետք է ալիեւյան սահմանադրություն ընդունվի եւ հանրաքվե իրականացվի: Ուրախալի է, որ անգամ իրար չսիրող կուսակցությունները լծվել են նույն գործին, սա վերկուսակցական հարց է, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Պետք է բոլորն իրենց խռովկանությունը, դժգոհությունը եւ հակակրանքները մի կողմ դնեն: Այս խնդրի լուծման ճանապարհին ո՛չ մանդատ ենք ստանում, ո՛չ էլ իշխանություն ենք վերցնում, ընդամենը պետք է պահել երկրի պետականությունը, սուվերենությունը, քաղաքական ուժերի մոտ կարծես թե ստացվում է դա անել: Կապ չունի՝ ընտրությունների ժամանակ ով ինչքան քվե է ստացել, պետք է բոլորն այս գործին լծվեն, Սահմանադրությունը չպետք է փոխվի, հանրաքվե չպետք է տեղի ունենա: Ես կարծում եմ, որ այս ամենի արդյունքում մեր ժողովուրդը նաեւ կվերականգնի ինքնավստահությունը: Այս պարտությունների շղթայից պետք է ազատվել, մեր հանրությանը պարտության կոմպլեքս` բարդույթ է պատել, պետք է ազատվել այդ ամենից: Տպավորություն կա, որ պասիվ ենք, լուռ ենք, պետք է հաղթահարենք այս ամենը»:

Կան տեսակետներ, որ այս ակցիայով ընդդիմությունը լեգիտիմացնում է իշխանության սահմանադրական հանրաքվեի գործընթացը։ «Չկա այդպիսի բան, ճիշտ ճանապարհն այն է, որ հանրաքվե տեղի չունենա: Հանրաքվեի երկու ելքի դեպքում էլ` դրական կլինի, թե բացասական, Հայաստանի Հանրապետությունը չի շահելու: Այդ խնդիրը որեւէ պարագայում չպետք է դրվի աճուրդի, այն առհասարակ չպետք է քննարկել: Չի կարելի Սահմանադրություն փոխել ինչ-որ մեկի պահանջով: Առաջին քայլը կախված է խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերից: Եթե նրանք պինդ լինեն, եթե հանրությունն իրենց հույս տա, «դուխ» տա, նրանք կհաջողեն: Որեւէ պարագայում այդ մի քանի մանդատը Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա: Եթե խորհրդարանական ուժերն իրենց պինդ պահեն, դա արդեն հաղթանակ կլինի, հանրաքվե չպետք է լինի: Իսկ եթե հարցը դուրս գա խորհրդարանական տիրույթից, ապա կա այլ տարբերակ եւս, որի մասին այսօր չարժե խոսել: Այսօրվա ճիշտ պլանն այն է, որ հանրաքվե տեղի չունենա: Մեր թասիբը, մեր նամուսը պահելու խնդիր է սա»:

Արամ Մանուկյանին արդեն մի քանի օր է՝ իշխանականները թիրախավորում են, անգամ անկախության կարեւորության մասին դասեր են տալիս մի մարդու, որն Անկախության հռչակագիրն է ընթերցել ամբիոնից եւ կրում է առաջին հանրապետության ղեկավարի անունը: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը` Կարապետ Ռուբինյանի որդին, տգեղ գրառումով անդրադարձել էր Արամ Մանուկյանին: Վերջինիս խնդրեցինք մեկնաբանել այդ գրառումը։ «Ես չեմ կարող իջնել իրենց մակարդակին եւ բացատրել, թե ես կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն անկախական ենք: Ամոթ է: Էդ իրենց որակի, բարոյականության, գրագիտության, ցածր կրթական ցենզի մասին է վկայում, ուրիշ ոչ մի բան: Իրենց ճիճու մակարդակին չի կարելի իջնել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին

«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին Tue, 10 Nov 2026 09:45:25…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ…

1 ժամ ago

Իսկ դուք ի՞նչ եք անում

Իսկ դուք ի՞նչ եք անում Tue, 10 Nov 2026 09:00:55 +0400 «Տաբատը նեղ է, լայն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400 Մասիս քաղաքի Դարբնիկ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Tue, 10 Nov 2026 08:15:09…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Tue, 10 Nov 2026 08:10:24 +0400 Թեպետ…

2 ժամ ago