«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

Fri, 13 Nov 2026 09:15:27 +0400


Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հոդված էր հրապարակել, որտեղ խոսել է այն մասին, որ Հայաստանը շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց, գրել է, որ ցանկալին պետք է տարբերել հնարավորից: «Ամեն անգամ, երբ Երեւանը փորձել է քայլ անել դեպի Արեւմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը եւ ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»»,- գրել է Արմեն Գրիգորյանը, նաեւ խոսել է հայաստանյան քաղհասարակության պասիվության մասին՝ պնդելով, որ այս ամենը եւս ԵՄ անդամ դառնալու պատրանքի ծիրում է: Մինչդեռ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անկարելի է Իրանի եւ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնել:

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի Գրիգորյանի պնդումների վերաբերյալ: Արդյո՞ք Հայաստանն այդքան հեռու է ԵՄ անդամ դառնալու հնարավորությունից: Խոսելով այս թեմայի մասին՝ նա ասաց. «Ես, իհարկե, որոշ մտքերի հետ համաձայն չեմ: Օրինակ, հոդվածում ասվում է, որ ընդդիմությունն ավելի շատ ձայներ է ստացել այս ընտրությունների ժամանակ, եւ դա, ըստ էության, կապվում է նրա հետ, որ Հայաստանը փորձում է ԵՄ անդամ դառնալ, սակայն կոնցեպտուալ առումով այդ հոդվածում կան մի քանի կարեւոր կետեր, որոնց մասին պետք է խոսել: Եթե մենք գիտենք, որ ԵՄ անդամ դառնալու ճանապարհն այդքան երկար է, եւ կան երկրներ, որոնք երկար տարիներ է՝ սպասում են ԵՄ անդամ դառնալուն, ապա ինչո՞ւ ենք խոսքի մակարդակով փորձում կտրուկ լինել եւ դեմ գնալ Ռուսաստանին: Իրանից եւ ՌԴ-ից մենք էներգետիկ առումով մեծ կախվածության մեջ ենք: Աշխարհագրական դիրքը չենք կարող փոխել: Եթե ինձ հարցնեն, թե առանց էներգակիրների եւ այլ ռիսկերի Արեւմուտք կընտրեմ, թե Ռուսաստան, կարծում եմ, որ ես եւ հայ ժողովրդի մեծամասնությունը կընտրենք Եվրոպան` քաղաքակրթական առումով, քանի որ մենք պատկանում ենք եվրոպական ընտանիքին, եվրոպական ժողովուրդ ենք մենք, բայց չենք կարող ռիսկերը հաշվի չառնել: Ի վերջո, ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք: Ես քննադատում եմ Ռուսաստանի վարած քաղաքականությունն աշխարհի հանդեպ, բայց չենք կարող կտրվել իրականությունից: Այստեղ մի խոցելի պահ էլ կա` Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Էներգակիրների առումով մենք հույս ունեինք, որ տարածաշրջանի ապաշրջափակում տեղի կունենա, եւ Հայաստան անգամ Թուրքմենստանից գազ կգա, Իրանից եւ այլն, սակայն միջազգային հարաբերություններն այնպես դասավորվեցին, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները բավականին լարվեցին, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության գնալ եւ չի պատրաստվում սահմանները բացել: Ադրբեջանը կարող է անգամ Կալինինգրադի ռեժիմի օրինակը կիրառել: Ինչ-որ մի պահի Ադրբեջանը կարող է պահանջել ճանապարհը, ասել` ժամանակը լրանում է, լավագույն դեպքում դա կլինի ԹՐԻՓՓ-ը, վատագույն դեպքում` նոյեմբերի 9-ի միջանցքը, եւ նա ուղղակի չի բացի ճանապարհը: Պիտի մտածենք վատագույն սցենարների մասին: Ռուսաստանն Ուկրաինայում չի հասնում իր նպատակին, հիմա կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, ես համարում եմ սխալ, այն պարագայում, երբ չունենք ճանապարհային քարտեզ: Օրինակ` Մոլդովայից ԵՄ անդամակցության ձգտող եւ այլ երկրներ դժգոհում են՝ ասելով, որ շատ կարճ տեւեց պրոցեսը, եթե Հայաստանին էլ նման տարբերակ առաջարկեին, ես կմտածեի, որ գուցե կա ճանապարհային քարտեզ, բայց ՀՀ իշխանությունը մի օր ասում է` վաղը ԵՄ անդամակցության հայտ ենք ներկայացնելու, հաջորդ օրն ասում է` մի քանի տարուց նոր հավանական կլինի: Այսպիսի տերմինաբանությամբ, երբ հստակ քայլեր չկան, ո՞րն է նպատակը՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ հանելու: Ո՞րն է նպատակը` որ Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառվեն, սպառնան մեզ: Հայաստանի քայլերն ու խոսքերը պետք է փոխկապակցված լինեն, ոչ թե մեծ-մեծ խոսենք, ասենք` վերջ, մենք ԵՄ անդամ ենք, բայց իրականում կանգնեք փակուղու առաջ: Ես երբեմն որոշ «արեւմտամետների» եմ լսում, որոնք ասում են՝ հենց հիմա պիտի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնենք, անգամ որոշները ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին են խոսում, բայց չէ՞ որ չի կարելի մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ այսպես: Ռուսաստանին այս հայտարարություններով խաղաթուղթ են տալիս: Ես անգամ կասկածներ ունեմ, որ «արեւմտամետներից» մեկը ռուսական հատուկ ծառայությունների հետ սերտ կապերի մեջ է, եւ նման հայտարարություններ անելով` օգնում են Ռուսաստանին: Ես՝ ինքս, արեւմտամետ եմ եւ նմաններին չեմ համարում արեւմտամետ: Մենք պետք է հեռանանք Ռուսաստանից, սակայն ոչ թե խոսքով, այլ՝ իրական դիվերսիֆիկացիայով, իրական քայլերով»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400…

19 րոպե ago

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային…

31 րոպե ago

Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400 Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Fri, 13 Nov 2026 08:10:59 +0400 Քաղաքական դաշտում կարծում…

2 ժամ ago