«Հրապարակ». ԸՕ փոփոխությամբ` 119 ընտրողից մնացել է 74-ը
Fri, 13 Nov 2026 12:15:03 +0400
Նոյեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզի 12 համայնքում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ 12 համայնքից 10-ում՝ Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սեւան, Սպիտակ, Շիրակի Աշոցք եւ Ամասիա, Կապան եւ Նոյեմբերյան, ընտրություններն անցնելու են կուսակցական ցուցակով` համամասնական ընտրակարգով: Իսկ երկու համայնքում՝ Արագածոտնի Արեւուտում ու Մեծաձորում, ընտրելու են մեծամասնական կարգով, քանի որ 4 հազարից պակաս բնակչություն ունեն: Այս համայնքներում ազգային փոքրամասնություններ են բնակվում:
Մեծաձորում երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող համայնքապետ Մրազ Միրոյանը եւ նախկին համայնքապետ Ջամալ Սալմոյանը։ Մեզ հետ զրույցում Մեծաձորի գործող համայնքապետ Մրազ Միրոյանը հայտնեց, որ թեեւ որպես անկուսակցական է առաջադրվել, բայց սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Մյուս թեկնածուն անկուսակցական է եւ որեւէ քաղաքական ուժի չի հարում, իսկ ես ՔՊ-ի անդամ եմ, էլի»։ Հարցին՝ քանի ընտրող կա համայնքում, Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունը, որով ընտրողների համար Հայաստանում բնակվելու ցենզ է սահմանվել, ազդե՞լ է ընտրողների թվի վրա, Միրոյանը պատասխանեց․ «119 ընտրող պետք է լիներ, բայց վերջին փոփոխությունից հետո ընտրողների թիվը կրճատվել է, հիմա 74 ընտրող ունենք»։
Նրա խոսքով, համայնքը հիմնականում եզդիաբնակ է, իսկ ինքն անձամբ համայնքի համար շատ բան է արել․ «Ես չեմ կարող իմ ընտրվելու շանսերը գնահատել, բայց համայնքում ընտրողը թող նայի իմ արած գործին, ես շատ բաներ եմ արել»։
Ստացվում է՝ միայն այս փոքր համայնքում ընտրողների թիվը պակասել է 45-ով կամ մոտ 38 տոկոսով։ Եվ այս նվազումը տեղի է ունեցել ամբողջ հանրապետության տարածքում: Ապօրինի օրենսդրական փոփոխությամբ իշխանությունը հասավ նրան, որ ընտրողների իրավունքը սահմանափակեց, եւ հանրապետությունով մեկ առնվազն 30-40 տոկոս ՀՀ քաղաքացիներ զրկվեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե քվեարկության օրվան նախորդած 48-րդ օրվա (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա) դրությամբ դրան նախորդած 730 օրվա (2 տարվա) ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի չի գտնվել 366 եւ ավելի օր, այսինքն` մեկ տարի: