Իրականանո՞ւմ են Ժիրինովսկու «մարգարեական» կանխատեսումները
Fri, 13 Nov 2026 19:15:37 +0400
«Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է մեկընդմիշտ կորցնել Հայաստանը: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը մոռացել է Ռուսաստանին, այլ՝ այն, որ Ռուսաստանը մոռացել է, թե ինչու էր Հայաստանը կարեւոր իր համար»։ Կան գործիչներ, որոնց արտահայտած մտքերը տարիներ անց նորից հայտնվում են օրակարգում՝ ստիպելով զարմանալ այդ մարդկանց պայծառատեսությամբ, հեռատեսությամբ։ Վլադիմիր Ժիրինովսկին, անկասկած, այդ մարդկանցից է։ Նրա աղմկահարույց հայտարարությունները՝ Հայաստանի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին, արժանի էին ավելի լուրջ ուշադրության։
Հայաստանի մասին ամենահետաքրքիր ու միաժամանակ ամենահակասական գնահատականները նա հնչեցրել է 2020 թ. պատերազմի օրերին եւ դրանից հետո։ Հոկտեմբերի 3-ին նա իր տելեգրամ ալիքում գրել է, որ Հարավային Կովկասի խնդրի լուծումը Ռուսաստանի ներկայության հետ է կապված։ Նրա համոզմամբ՝ եթե տարածաշրջանում հաստատվի Թուրքիայի ազդեցությունը, հայերի վիճակը կվատթարանա, իսկ Ռուսաստանը չպետք է հանդես գա որպես չեզոք կողմ, պիտի լինի անվտանգության երաշխավոր։ Նոյեմբերին, երբ պատերազմն ավարտվեց, եւ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Արցախում, Ժիրինովսկին կրկին խոսեց տարածաշրջանում Ռուսաստանի երկարատեւ ներկայության անհրաժեշտության մասին։ Նա հայտարարում էր, թե ռուսական բանակը Հարավային Կովկաս է եկել ընդմիշտ եւ պետք է մնա, իսկ նոյեմբերի 13-ին Պետդումայում ելույթի ժամանակ Ղարաբաղում ստեղծված իրավիճակը «խայտառակություն» էր անվանում եւ հարց բարձրացնում՝ ինչո՞ւ է ՌԴ-ն հետխորհրդային տարածքում զինվորներ տեղակայում, զոհեր տալիս, բայց այդ երկրներից թշնամանք ստանում։ Այդ ժամանակ դեռ հույս ունեինք, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կպահպանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը։ Իսկ Ժիրինովսկին համոզված էր, որ առանց Ռուսաստանի Կովկասում կայունություն չի լինի։ Չնայած` իր ներկայությամբ էլ կայունություն չապահովվեց:
2021 եւ 2022 թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ եւս Երեւանը չստացավ այն արձագանքը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից։ 2024 թ. փետրվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի հանդեպ անվտանգային պարտավորությունները։ Սա արդեն ոչ թե մասնավոր անձի գնահատական էր, այլ ՀՀ վարչապետի պաշտոնական հայտարարություն։ Սակայն հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը բացատրել միայն Երեւանի քաղաքական կողմնորոշման փոփոխությամբ՝ նշանակում է անտեսել ինչ-ինչ հանգամանքներ։ Իսկ Ռուսաստա՞նն ինչ արեց, որպեսզի պահպանի իր` դաշնակցի վստահությունը։ Բավակա՞ն էր արդյոք 200-ամյա պատմական անցյալը, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի (Ռուսաստանի ունեցած ռազմաբազաների մեջ մեծությամբ ու հզորությամբ 2-րդի) առկայությունը եւ ռազմավարական գործընկերության մասին անվերջ կրկնվող հայտարարությունները։
Հենց այս ժամանակ էլ վերստին խոսեց Ժիրինովսկին, ասելով՝ դաշնակից լինելը միայն պահանջներ ներկայացնելու իրավունք չէ, այլ փոխադարձ պատասխանատվություն է։ Եթե մի երկիր մյուսից ակնկալում է հավատարմություն, ապա պետք է պատրաստ լինի վճռական պահին իր պարտավորությունները կատարել։ Հակառակ դեպքում պատմական հիշողությունը չի կարող անվերջ փոխարինել անվտանգության իրական երաշխիքներին։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չափազանց համոզված էր, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի։ Եվ հենց այդ համոզմունքն էլ դարձավ նրա ամենամեծ քաղաքական սխալը։ Իսկ ի՞նչ է կորցնում Մոսկվան։ Ոչ միայն Հայաստանի նկատմամբ ազդեցությունը։ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դիրք է, տարածաշրջանային ներկայության հենակետ եւ Թուրքիայի ազդեցությանը հակակշռելու հնարավորություն։ Այդ դիրքի թուլացումը չի նշանակում, թե Ռուսաստանն արդեն կորցրել է ամբողջ Կովկասը, թեեւ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց քաղաքական ուղիները։ Բայց Հայաստանի հետ վստահության խզումը կարող է ավելի խորացնել Մոսկվայի նահանջը տարածաշրջանից, որտեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունն աճում է, Իրանը եւս ունի իր կենսական շահերը։
Այստեղ մեր առջեւ մեկ այլ վտանգ էլ է բացվում։ Ռուսաստանից հիասթափվելը դեռ չի նշանակում, թե պետք է առանց հաշվարկի ապավինել մեկ այլ ուժի։ Թուրքիայի հետ սահման բացելը, առեւտուր անելը, տնտեսական կապեր զարգացնելն ինքնին աղետ չէ, բայց երբ դա միակողմանի կախվածություն է ենթադրում, երբ սեփական արտադրության, շուկայի պաշտպանության եւ ազգային անվտանգության հաշվարկների փոխարեն գործում է միայն կարճաժամկետ քաղաքական շահը, տնտեսական հարաբերությունները կարող են դառնալ քաղաքական ազդեցության գործիք։ Պարտադիր չէ, որ որեւէ երկիր մյուսին ենթարկեցնի տանկերով. երբեմն դրա համար բավական են շուկան, կապիտալն ու կախվածությունը։ ՀՀ-ն չպետք է մի հովանավորից մյուսին անցնի` «ձեռքի հետ»։ Մեր նպատակն ինքնուրույն պետություն ունենալն է՝ հարաբերությունները զարգացնել բոլոր հարեւանների եւ միջազգային գործընկերների հետ, բայց ոչ մեկին չզոհաբերել սեփական ազգային շահերը։
Ժիրինովսկին մարգարե՞ էր։ Ոչ։ Նա քաղաքական գործիչ էր՝ իր կայսրական պատկերացումներով, երբեմն անհեթեթ չափազանցություններով, երբեմն՝ տարածաշրջանային զարգացումները զգալու կարողությամբ։ Նա չէր կանխատեսել Հայաստանի այսօրվա քաղաքական ընթացքի բոլոր մանրամասները։ Ավելին՝ 2020 թ. կանխատեսում էր Ռուսաստանի ազդեցության ընդլայնում։ Բայց նա ճիշտ էր գնահատում մի կարեւոր հանգամանք. Հայաստանը ՌԴ-ի համար պարզապես փոքրիկ երկիր չէ քարտեզի վրա, այլ ռազմավարական դիրք է, ազդեցության հենակետ եւ իր իսկ հարավային սահմանների անվտանգության բաղադրիչ։
Ժիրինովսկին գուցե չէր գուշակել Հայաստանի հեռանալու օրը, բայց Ռուսաստանի համար այդ հեռացման գինը պատկերացնում էր։ Իսկ Մոսկվան, կարծես, մինչ օրս էլ չի հասկացել, որ աշխարհաքաղաքական դաշնակիցներ կորցնելը շատ ավելի հեշտ է, քան նրանց տեղը լրացնելը։ Այո, ՌԴ-ն կարող է կորցնել Հայաստանը ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը մոռացել է Ռուսաստանին, այլ՝ այն, որ Ռուսաստանը մոռացել է, թե ինչու էր ՀՀ-ն կարեւոր իր համար։