Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները
Sat, 14 Nov 2026 20:15:44 +0400
Այսօր տեղեկացանք, որ դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Գրել էինք, որ ԲԴԽ-ն արդեն ստացել է միջնորդությունները և այսօր իսկ սկսել է դրանց քննությունը։
Սակայն առայժմ փակ են պահում վարույթի մանրամասները։ Պաշտոնական պատճառաբանությունը նախաքննության գաղտնիությունն է, ինչպես նաև դատավորների հեղինակությանը չվնասելու միտումը:
Միևնույն ժամանակ, ըստ լուրերի, գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումներն են։
Ո՞վ է Գևորգ Պողոսյանը
Գևորգ Պողոսյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ նա շուրջ վեց տարի աշխատել է դատական համակարգում՝ տարբեր դատարաններում զբաղեցնելով դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի պաշտոններ։ Աշխատել է նաև Վերաքննիչ քրեական դատարանում։
Այսինքն՝ նա դատական համակարգում նորեկ չէ։ Մինչև դատավոր դառնալը նա տարիներ շարունակ աշխատել է համակարգում, իսկ վերջին հինգ տարիներին արդեն որպես քրեական գործերով դատավոր։
Նրա անունը մինչ այս լայն հանրությանը հայտնի աղմկահարույց դատական գործերի հետ չի կապվել։
Ով է Մասիս Մելքոնյանը
Մասիս Մելքոնյանը հայտնի է քաղաքական հնչերանգ ունեցող բազմաթիվ գործերով կայացրած կալանքի որոշումներով։
Մասիս Մելքոնյանի որոշումներով կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ուրիշներ: Բացի այդ, վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։
Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը հետո բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորում։