Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Sun, 15 Nov 2026 18:15:26 +0400


Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները հայտարարել է Ֆրանսիայում 2027 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հաղորդում է BBC News-ը։

37-ամյա մարզիկը դեռ չունի ո՛չ քաղաքական կուսակցություն, ո՛չ պետական ծառայության փորձ, ո՛չ էլ լիարժեք նախընտրական ծրագիր։ Սակայն նրա ժողովրդականությունն արդեն ստիպել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին լրջորեն վերաբերվել հնարավոր մրցակցին։

Գվադելուպայում ծնված Ռիներն իր նախաձեռնությունը ներկայացրել է «Ֆրանսիան, որը մենք սիրում ենք» կարգախոսով։ Սոցիալական ցանցերում հրապարակած ուղերձում նա հայտարարել է երկիրը համախմբելու, քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու և ռասիզմի ու փողոցային բռնության դեմ հանդես գալու մտադրության մասին։ Քարոզարշավի շրջանակում մարզիկը նաև այցելել է Փարիզից հյուսիս գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի հիվանդանոցներից մեկը։

Ռիների հայտարարությամբ տեսանյութը Instagram-ում և X-ում տասնյակ միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում Ifop-ի անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 22%-ը նշել է, որ կարող է քվեարկել նրա օգտին։

Ռիները ֆրանսիացի ամենատիտղոսակիր մարզիկներից է. նա ունի օլիմպիական հինգ ոսկե մեդալ և աշխարհի առաջնություններում 11 հաղթանակ։ Նա զբաղվում է նաև բիզնեսով և պարբերաբար ընդգրկվում երկրի ամենահայտնի հասարակական գործիչների շարքում։

Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, որ մարզական ճանաչումն ինքնին քաղաքական հաջողություն չի երաշխավորում։ Le Figaro-ի մեկնաբան Գիյոմ Տաբարը նշում է, որ քաղաքական վերնախավի հետ կապերի բացակայությունը խոչընդոտ չէ նախագահական մրցապայքարին մասնակցելու համար, բայց ինքնին նաև հաղթանակ չի ապահովում։

Քաղաքական ասպարեզում Ռիների հայտնվելը համընկել է Ֆրանսիայում կենտրոնամետ ուժերի ճգնաժամի հետ։ Քաղաքական կենտրոնի թուլացման ֆոնին իրենց դիրքերն ամրապնդում են թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ծայրահեղ ձախ ճամբարների ներկայացուցիչները։ Ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը դիտարկվում են 2027 թվականի մայիսին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի հնարավոր մասնակիցներ։

Ռիները ներկայանում է որպես թեկնածու, որը չի պատկանում ո՛չ ձախերին, ո՛չ աջերին։ BBC-ի գնահատմամբ, տնտեսական և հասարակական կարգի հարցերում նրա հայացքները հակված են դեպի աջ կենտրոն։ Միաժամանակ մարզիկը հանդես է գալիս ռասիզմի դեմ և քննադատում քաղաքական ծայրահեղականությունը՝ առաջին հերթին Լը Պենի ճամբարի հետ կապված։

Սակայն կենտրոնամետ դաշտն արդեն գերհագեցած է թեկնածուներով։ Նրանց թվում են նախկին վարչապետներ Էդուար Ֆիլիպը և Գաբրիել Ատալը, սոցիալիստ Ռաֆայել Գլյուքսմանը և աջակողմյան հանրապետականների ներկայացուցիչ Բրյունո Ռետայոն։ Մրցապայքարի հնարավոր մասնակից է համարվում նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականի փետրվարին։

Ռիների առաջադրումը կարող է է՛լ ավելի մասնատել կենտրոնամետ ընտրողների ձայները և մեծացնել Մելանշոնի՝ երկրորդ փուլ անցնելու հնարավորությունները։ Քաղաքական գործիչն ինքը ողջունել է ձյուդոիստի որոշումը՝ հայտարարելով, որ «ո՛չ ձախեր, ո՛չ աջեր» բանաձևը սովորաբար նշանակում է ձախակողմյան հայացքների բացակայություն։

Նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Ռիներին անվանել է մեծ չեմպիոն և ընդգծել, որ քաղաքականությունը չպետք է լինի բացառապես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության ոլորտը։ Սակայն մարզիկը զգուշացրել է իրեն գործող նախագահի հետ կապելու փորձերից՝ հայտարարելով, որ ինքը ո՛չ Մակրոնի բանագնացն է, ո՛չ էլ նրա կողմնակիցը։

Առայժմ բաց է մնում գլխավոր հարցը՝ կկարողանա՞ արդյոք Ռիները մարզիկի իր ժողովրդականությունը վերածել իրական քաղաքական աջակցության։ Դրա համար նա պետք է հստակեցնի իր դիրքորոշումները երկրի առանցքային խնդիրների՝ կենսաթոշակային բարեփոխման, կրթության, կյանքի թանկության, պետական պարտքի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ, ինչպես նաև թիմ ձևավորի ու կոնկրետ ծրագիր ներկայացնի։

Նույնիսկ եթե նրա քարոզարշավը կարճատև լինի, նման թեկնածուի հայտնվելն ինքնին վկայում է այն մասին, թե որքան անկայուն է դարձել Ֆրանսիայի քաղաքական դաշտը։ Բայց եթե Ռիներն իսկապես մտադիր է պայքարել Ելիսեյան պալատի համար, ապա ստիպված կլինի յուրացնել շատ ավելի կոշտ պայքարի կանոններ, քան տատամիի վրա անցկացվող գոտեմարտերն են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուշադրություն վարորդներ․ ձյուն է և մառախուղ

Ուշադրություն վարորդներ․ ձյուն է և մառախուղ Mon, 16 Nov 2026 20:14:57 +0400 Նոյեմբերի 16-ին՝ ժամը…

10 րոպե ago

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Mon, 16 Nov 2026 20:07:46 +0400 Սամվել…

17 րոպե ago

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝ Փաշինյան

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝…

24 րոպե ago

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել Mon, 16 Nov 2026 20:00:45 +0400 Մյունխենի «Բավարիան» սահմանել…

24 րոպե ago

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց Mon, 16 Nov 2026 19:45:47…

39 րոպե ago

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից Mon, 16 Nov 2026 19:32:54 +0400 Latest news…

52 րոպե ago