Երբ ուսուցիչը «մարում է»

Երբ ուսուցիչը «մարում է»

Tue, 17 Nov 2026 11:54:08 +0400


Մանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ ուսուցիչը «մարում է»

​Այսօր ուսուցչությունը ամենատխուր մասնագիտությունն է։ Բայց ոչ նրա համար, որ մենք չենք սիրում մեր գործը, այլ որովհետև սիրում ենք այն մինչև ինքնաոչնչացում։
​Երբ գրասենյակային աշխատողն «այրվում է», տուժում է մի հաշվետվություն։ Երբ «այրվում է» բժիշկը, սխալը տեսանելի է միանգամից։ Իսկ երբ «այրվում է» ուսուցիչը, աղետը լուռ է.
​Ուսուցիչը չի կարող սեր փոխանցել, եթե ներսից մոխրացած է։ Դատարկ բաժակից հնարավոր չէ ջուր լցնել։ Սա գեղեցիկ փոխաբերություն չէ, սա մանկավարժության երկաթյա օրենքն է։ Եվ այսօր մեր դպրոցներում այդ օրենքը խախտվում է ամեն ժամ։
​. Անվերջ պահանջներ՝ առանց աջակցության
Ուսուցչից պահանջում են լինել հոգեբան, սոցիալական աշխատող, կոնֆլիկտաբան և նորարար։ Բայց երբ նա բախվում է իրական դժվարության, մնում է մենակ։ Դպրոցի հոգեբանը այս շղթայից դուրս է։
Կյանքից.
Դասարանում բարդ վարքով կամ խորը տրավմա տարած երեխա կա։ Քեզնից պահանջում են «անհատական մոտեցում և արդյունք»։ Ոչ ոք չի հարցնում՝ իսկ դու ո՞նց ես դիմանում։ Ո՞վ է քեզ լսում դասից հետո։
Իսկ դու, սիրելի՛ ուսուցիչ, զինվա՞ծ ես անհրաժեշտ գիտելիքով և հուզական պաշտպանվածությամբ։ Ոչ։ Ոչ։ Ոչ։

Առավելագույն պատասխանատվություն՝ զրոյական պաշտպանվածություն
Ամեն ինչ պահանջվում է ուսուցչից, ոչինչ չի երաշխավորվում նրան։ Վերևից իջնող հրահանգների առաջ նա անզոր է, ծնողական ագրեսիայի առաջ՝ անպաշտպան։
Կյանքից.
Կիրակի երեկոյան՝ 9,30-ին, ծնողը Վայբերով ձայնային հաղորդագրություն է ուղարկում պահանջատիրական տոնով. «Ինչո՞ւ եք իմ տղային 7 նշանակել, նա ավելին գիտի»։ Սիրտդ արագ է խփում։ 25 րոպե հիմնավորում ես գրում, ջնջում, նորից գրում.վաղը նորից դու ես մեղավոր դուրս գալու։ Այդ 25 րոպեն գողացված է քո ընտանիքից, քո քնից ու քո արժանապատվությունից։ Բայց համակարգը դա անվանում է «ծնողի հետ արդյունավետ համագործակցություն»։
​

Անցանկալի վարքով երեխա. պաշտպանություն չկա, կառավարող՝ նույնպես
Դասարանում կա երեխա, ում վարքը խաթարում է դասը բոլորի համար, և ուսուցչի ձեռքին իրական գործիք չկա։ Ծնողը հաճախ պաշտպանում է երեխային ու մեղադրում ուսուցչին։ խորհուրդ է տրվում «գտնել մոտեցում»։ Ոչ ոք չի կառավարում այս վիճակը՝ ո՛չ ընտանիքը, ո՛չ դպրոցը, ո՛չ համակարգը։
Եվ դասը, այնուհանդերձ, «ստացվում է»։ Բայց ստացվում է ոչ թե որովհետև համակարգը աշխատում է, այլ որովհետև ուսուցիչն ամեն ինչ վերցնում է իր վրա։ Այդ «ստացվելու» գինը նրա առողջությունն է։
Կյանքից.
Դասարանում մեկ աշակերտ ամեն դաս խանգարում է։ Դու խոսել ես նրա հետ, ծնողի հետ, հոգեբանի հետ։ Փոփոխություն չկա։ Քսանինը երեխա սպասում է, որ դու լուծես, իսկ դու կանգնած ես մենակ՝ առանց կանոնի, առանց իրավունքի, առանց թիկունքի։

Բարեփոխումների «մշտական շինհրապարակը»
Անվերջ չափորոշիչներ, ատեստավորում, էլեկտրոնային մատյան։ Փորձառու մասնագետին ստիպում են կասկածել սեփական գիտելիքին ու արժեքին։
Կյանքից.
Տասնամյակների փորձ ունեցող ուսուցիչը նստած է համակարգչի առաջ՝ արցունքները կոկորդում խեղդած։ Էլեկտրոնային մատյանը կախե՜՜՜լ է…

Երկրորդային տրավմա և տոքսիկ լռություն
Հետպատերազմյան հասարակության չբարձրաձայնված ցավն ու տագնապը դասարան մտնում են երեխաների հետ։ Առաջինը դրանք կլանում է ուսուցիչը՝ առանց որևէ պաշտպանության։ Իսկ երբ նա փորձում է խոսել հոգնածության մասին, ընկնում է մեր դպրոցի ամենավտանգավոր կանոնի տակ. հոգնելը թուլություն է։ Բոլորը դատարկված են, բոլորը կրում են «ամենակարողի» դիմակը, և ոչ ոք չգիտի, որ մյուսն էլ նույն դիմակն է կրում։ Մենք դարձել ենք վիրավոր զինվորներ, որոնք իրավունք չունեն խոստովանելու, որ արյունահոսում են, որովհետև վաղը նորից առաջին գիծ պիտի մտնեն։
Կյանքից .

Դասի ամենաթեժ պահին աշակերտդ հանկարծ քարանում է և հայացքը հառում պատուհանից դուրս։ Դու ժպտում ես, շարունակում ես բացատրել, մոտենում ես, ձեռքդ դնում ես ուսին։ Ներսումդ ամեն ինչ փլվում է։ Այդ ծանրությունը մինչև ուշ գիշեր քարացած մնում է կրծքիդ տակ։

​Եթե ուզում ենք դասարանում տեսնել ազատ, ստեղծագործ ու ինքնավստահ երեխա, նախ պետք է վերադարձնենք ուսուցչի ուրախանալու իրավունքը։Մեզ պետք է իրական թիկունք, որը աշխատում է ուսուցչի համար, օրենք և կայուն կանոններ, որոնք պաշտպանում են նրան ծնողական ագրեսիայից, և դպրոց, որտեղ «ես հոգնել եմ» ասելը դադարում է վտանգավոր լինել։
​
Երեխան ամեն ինչ զգում է՝ նույնիսկ, երբ մենք լռում ենք ու ժպտում։ Նրան պետք չէ կատարյալ, ամեն ինչ հասցնող, բայց ներսից դատարկված ուսուցիչ։ Նրան պետք է կենդանի մարդ՝ իր ուրախությամբ, հանգստի իրավունքով ու պաշտպանված թիկունքով։
Դադարեք մեզնից անսպառ ռեսուրս սարքել։ Վերադարձրե՜՜՜ք մեր շնչելու իրավունքը։
Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնե՜՜՜լ եմ…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արջն ու քոթոթները՝ Ջերմուկի փողոցներում

Արջն ու քոթոթները՝ Ջերմուկի փողոցներում Tue, 17 Nov 2026 12:06:00 +0400 Latest news from Հրապարակ…

7 րոպե ago

Վենսն Իրանի ու Թրամփի մասին ուշագրավ հայտարարություն է արել

Վենսն Իրանի ու Թրամփի մասին ուշագրավ հայտարարություն է արել Tue, 17 Nov 2026 12:00:19 +0400…

13 րոպե ago

Նոր Սահմանադրությունում ընդդիմությունը տեսնելու է նաև իր շահերը

Նոր Սահմանադրությունում ընդդիմությունը տեսնելու է նաև իր շահերը Tue, 17 Nov 2026 11:57:09 +0400 Latest…

16 րոպե ago

Մեկնարկել է ՀԿԵ-ի հարցերով ՀՀ-ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Մեկնարկել է ՀԿԵ-ի հարցերով ՀՀ-ՌԴ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Tue, 17 Nov 2026 11:53:10 +0400…

20 րոպե ago

Չալաբյանը պատմեց, թե ինչու է հանդիպել ռուս պաշտոնյայի հետ

Չալաբյանը պատմեց, թե ինչու է հանդիպել ռուս պաշտոնյայի հետ Tue, 17 Nov 2026 11:46:03 +0400…

27 րոպե ago

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ Tue, 17 Nov 2026 11:45:01 +0400 Հայաստանում ուժային կառույցները սկսել…

28 րոպե ago