«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ
Tue, 17 Nov 2026 11:45:01 +0400
Հայաստանում ուժային կառույցները սկսել են ակտիվորեն զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեն, քննչականը, Գլխավոր դատախազությունը դեսպանը դեսպանի հետեւից են ընդունում։ ՆԳ, արդարադատության նախարարներն էլ հետ չեն մնում, բայց նախարարների դեպքում դիվանագետների հետ շփումն ավելի օրինաչափ է, մինչդեռ քննիչ-դատախազները պետք է զբաղվեն բացառապես քրեական գործերով ու արդարադատությամբ: Դրա փոխարեն նրանք լծվել են ԱԳՆ-ի գործն անելուն: Թողած իրենց բուն պարտականությունները՝ փորձում են արտաքին կապեր հաստատել:
Առաջատարը, անշուշտ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ, նա իր աշխատասենյակում հյուրընկալել է երկու խոշոր երկրների դեսպանների։ Նոյեմբերի 13-ին ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը, իսկ նոյեմբերի 16-ին՝ Չինաստանի դեսպան Լի Սինվեյին։ Պաշտոնական տեքստերը, ինչպես միշտ, շաբլոնային են ու բարձրագոչ՝ «կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում», «փորձի փոխանակում» եւ, ուշադրություն՝ «կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում»։ Հավանաբար, քննիչներին նոր տեխնիկա ու գրանտներ են պետք, իսկ դեսպանների հետ հանդիպումները դրա ամենակարճ ճանապարհն են։ Ի դեպ, Նահապետյանը հոկտեմբերին ԱՄՆ-ում էր՝ աշխատանքային այցով։ Նույն օրերին ԱՄՆ-ում էր նաեւ Քննչական կոմիտեի նախագահը։
Ավելի բարձր նշաձող է վերցրել Աննա Վարդապետյանը: Գլխավոր դատախազի զբաղվածությունը նրա համար քիչ է, նա, կարելի է ասել, միջազգային կարգավիճակ ունի: Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ է ընտրվել: Վարդապետյանը ոչ միայն դեսպանների հետ է նախընտրում հանդիպել, այլեւ արտասահմանյան գործընկերների ու միջազգային կառույցների հետ է շփվում, իբրեւ ամենապարապ պաշտոնյա: Օր ու գիշեր ընդունելությունների մեջ է մեր Վարդապետյանը: Նոյեմբերի 14-ին օվկիանոսից այն կողմ՝ Բուենոս Այրեսում հանդիպել է Դուբայի դատախազի հետ՝ քննարկելու ապօրինի գույքի բռնագանձման գործերով համագործակցությունը, Արգենտինայի իր կոլեգայի հետ է հանդիպել, հոկտեմբերին՝ Վրաստանի գլխավոր դատախազի հետ:
Հետ չի մնում նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Նա եւս այս տարի հանդիպումներ է ունեցել նույն Իտալիայի դեսպանի հետ՝ ամռանը, ավելի վաղ ընդունել էր Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւին։ Ի՞նչ ընդհանուր եզրեր ունեն հայ եւ ղազախ քննիչները, բացի հետխորհրդային անցյալից ու միանման քրեական դատավարության օրենսգրքերից, դժվար է ասել։ Բայց հանդիպումը կայացել է, լուսանկարները՝ հրապարակվել, «սերտ փոխգործակցության» մասին հերթապահ խոսքերն էլ՝ ասվել:
Մեր ուժայինների համար սա հիանալի առիթ է՝ սեփական կարեւորությունն ընդգծելու, միջազգային լեգիտիմություն ստանալու, հերթական «տեխնիկական աջակցությունը» կորզելու համար: Բայց դեսպանների ինչի՞ն են պետք նման հանդիպումները: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանն արձագանքում է. «Հրավեր են ստանում՝ չեն մերժում: Բովանդակություն չկա այդ հանդիպումներում: Նկարվելու համար են: Ես Լեհաստանում դեսպան եղած ժամանակ ոչ մի ուժայինի հետ չեմ հանդիպել»: