Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված
Tue, 17 Nov 2026 13:13:24 +0400
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» փաստաթղթի թարմացված խմբագրությունը
Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չլուծված հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր տարբերակը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի հրապարակումը և արձանագրում այն ամենը, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ։
Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից երեք տարի անց, որոնց հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկող կողմին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը։
ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
• Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ արդեն բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է արցախահայության վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների հարցի մասին։ Այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ։
• Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս գոյություն չունի միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։
• Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված։ Միաժամանակ այն քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։
• Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանն անազատության մեջ է պահում 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման և զրկված են անկախ այցելությունների հնարավորությունից։
• Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ավելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։
• Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։
«Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտությունը, այլ խորացրեց անարդարությունը, – ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ – Ոչ մի համաձայնագիր, որը Բաքվում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը և ջնջում է մի ժողովրդի ժառանգությունը, չի կարող խաղաղություն կոչվել։ Կոչ ենք անում կառավարություններին Արցախին վերաբերվել որպես իրապես չլուծված խնդրի և նրա ժողովրդի իրավունքները կրկին ներառել միջազգային օրակարգում»։
ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝
• բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը նրանց մոտ, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,
• Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես որոշել է Արդարադատության միջազգային դատարանը,
• միջազգային մանդատով նոր ձևաչափի ստեղծումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության համաժողովի գումարումը,
• հաշվետվողականության ապահովումը՝ անպատժելիության փոխարեն, և ցանկացած այնպիսի կարգավորման բացառումը, որը կչեղարկի տեղահանվածների ու պատանդառվածների պահանջները,
• հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա յուրացման ու օտարման օրինականացման մերժումը,
• ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,
• Հայաստանի կառավարության կողմից այս իրավունքների հետևողական պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների նկատմամբ ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականության մշակումն ու իրականացումը։