Գյումրու ավագանին մերժեց ՔՊ-ի ներկայացրած նախագիծը
Tue, 17 Nov 2026 18:33:19 +0400
Այսօր Գյումրու ավագանին գումարեց հերթական նիստը, որն անցավ բավականին լարված մթնոլորտում։ Նիստին ներկա էին ավագանու բոլոր անդամները՝ ինչպես ընդդիմադիր խմբակցություններից, այնպես էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այս անգամ ևս չբացակայեցին քաղաքական տարաձայնություններն ու վիճահարույց հարցերի շուրջ քննարկումները։
Նիստի ուշագրավ դրվագներից էր ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանի հեղինակած նախագծի չընդունումը։ Բարսեղյանն առաջարկում էր բնակելի տարածքներին հարակից ավտոլվացման կետերի աշխատանքային ժամերը սահմանել 07:00-ից մինչև 23:00-ն՝ գիշերային ժամերին արգելելով աղմկոտ սարքավորումների՝ կոմպրեսորների, փոշեկուլների և բարձր ճնշման լվացման սարքերի օգտագործումը։ Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ նպատակը բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրն ապահովելն էր։
Սակայն ավագանու անդամները նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացրին՝ նշելով, որ նման հարցերի կարգավորումը ոստիկանության, այլ ոչ թե քաղաքային իշխանության գործառույթն է։ Արդյունքում ավագանու ընդդիմադիր բոլոր անդամները դեմ քվեարկեցին նախագծին, և այն չընդունվեց։
Ընդհանուր առմամբ, նիստի օրակարգում ընդգրկված էր 22 հարց։ Դրանց թվում էին քաղաքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև առաջիկա ամանորյա տոնակատարություններին և քաղաքի ձևավորմանը վերաբերող հարցեր։
Ավագանին փոփոխություններ կատարեց 2026 թվականի բյուջեի մասին որոշման մեջ, որն ընդունվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։ Բյուջեի հիմնական ցուցանիշները նվազեցվեցին հավասար չափով՝ շուրջ 128,2 միլիոն դրամով։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև քաղաքի ամանորյա ձևավորման հարցը։ Ավագանին միաձայն կողմ քվեարկեց տեղական բյուջեից 37 մլն 350 հազար դրամ հատկացնելու որոշմանը։ Գումարն ուղղվելու է Վարդանանց հրապարակի տոնածառի, քաղաքի փողոցների նոր տոնական զարդարանքների ձեռքբերմանը, ինչպես նաև առկա զարդարանքների վերանորոգմանը։
Ավագանու անդամներին ներկայացվեց նաև գալիք Ամանորի ձևավորման հայեցակարգը։ Նշվեց, որ զարդարվելու են ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածները, այլև ծայրամասային թաղամասերն ու փողոցները։ Քաղաքապետարանը նախատեսում է խրախուսել նաև այն քաղաքացիներին, որոնք սահմանված ոճին համապատասխան կզարդարեն իրենց բակերն ու փողոցները։
Օրակարգային մեկ այլ հարց նույնպես բավարար ձայներ չհավաքեց։ Խոսքը շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, դրանց գործունեության թույլատրելի վայրերն ու ժամերը կարգավորող նախագծի փոփոխությունն էր։