ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ

ԵՄ որոշ երկրներ որոշել են, որ կարող են անկախանալ

Tue, 17 Nov 2026 20:15:46 +0400


Երբ ենթակաները համարում են, որ տերն այլեւս նախկինը չէ՝ թուլացել է եւ բավարար ուժ չունի՝ իրենց թոկի վրա կապած պահելու, առաջանում է թոկը պոկելու, ազատագրվելու եւ ինքնուրույն ապրելու ցանկություն։ Այդպես է եղել միշտ, հարյուրամյակներ շարունակ, այդպես է ինչպես մարդկանց, այնպես էլ պետությունների հարաբերություններում։ ԵՄ անդամ որոշ երկրներ, հատկապես նրանք, որոնք իրենց համարում են ավելի հզոր եւ բավարար ուժեղ, մտածում են, որ եկել է պահը՝ թոթափելու ամերիկյան գերիշխանության լուծը եւ կրկին անկախանալու։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ելույթ ունենալով ասել է, որ իրենք ԱՄՆ-ին հստակ ուղերձ են հղել․ «Այլեւս ոչ մի անակնկալ։ Եվրոպայի մասին ոչ մի որոշում՝ առանց Եվրոպայի, ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»։ Կարեւորն «այլեւս» բառն է, Մերցը գիտի, որ եվրոպական հարցերը լուծվել են առանց իրենց, բայց կարծում է, որ այլեւս այդպես չպետք է լինի։ Ինչո՞ւ եւ որտեղի՞ց այդքան համարձակություն։

Գերմանիայի եւ որոշ եվրոպական երկրների իշխանություններ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում նախատեսված եռակողմ հանդիպման ժամանակ կարող է տեղի ունենալ աշխարհի նոր վերաբաժանում, նոր աշխարհակարգի ձեւավորում, արդյունքում կվերաբաշխվեն ազդեցության գոտիները, թե որ երկրներն ում գերիշխանության տակ են անցնելու, ով ինչ է ստանում, ով ինչ է զիջում եւ ինչի դիմաց։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների առաջնորդները մտածում են, որ աշխարհի նոր վերաբաժանման արդյունքում իրենք ոչինչ չեն ստանա, ավելին՝ իրենց պատկանելության հարցը կարող է լուծվել առանց իրենց մասնակցության։

1945 թվականի փետրվարին, երբ խորհրդային բանակը մտել էր նացիստական Գերմանիայի տարածք, հակահիտլերյան կոալիցիայի անդամները՝ ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, այդ երկրների առաջնորդների մասնակցությամբ անցկացրին Յալթայի կոնֆերանսը, որտեղ գծեցին նոր աշխարհի քարտեզը, աշխարհը բաժանեցին ազդեցության գոտիների։ Նույն Գերմանիան կիսվեց մի քանի մասի, Գերմանիայից տարածքներ բաժին հասան Ֆրանսիային, Լեհաստանին, Չեխոսլովակիային, Խորհրդային Միությանը, մնացածը բաժանվեց երկու մասի՝ ԳԴՀ-ն՝ որպես ԽՍՀՄ ազդեցության տարածք, իսկ ԳՖՀ-ն՝ ամերիկյան։ Արեւելյան Եվրոպան անցավ ԽՍՀՄ-ին, իսկ արեւմտյանը դարձավ ամերիկյան ազդեցության գոտի, ԽՍՀՄ-ն իր ազդեցության գոտում էր զորք պահում, ԱՄՆ-ն՝ իր։ Օտարերկրյա զորքերը միշտ տեղաբաշխվում են բարի նպատակով՝ այդ երկիրն ու քաղաքացիներին արտաքին ագրեսորից պաշտպանելու համար, Խորհրդային Միությունը ԳԴՀ-ն պաշտպանում էր ամերիկյան եւ համաշխարհային իմպերիալիզմից, ԱՄՆ-ն ԳՖՀ-ն՝ խորհրդային կարմիր ժանտախտից։ 1990-ին ԽՍՀՄ-ը պարտվեց ԱՄՆ-ին սառը պատերազմում, ԽՍՀՄ-ը ստիպված էր զորքերը դուրս բերել Արեւելյան Եվրոպայից եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մեծ մասի տարածքից, իսկ որտեղ պահեց՝ ԱՄՆ-ի համաձայնությամբ։ Ոչ միայն ԽՍՀՄ-ի նախկին ազդեցության, այլեւ բուն ԽՍՀՄ տարածքը դարձավ ամերիկյան ազդեցության գոտի, Միացյալ Նահանգներն Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում ռազմական բազաներ տեղակայեց՝ որպես իր ազդեցության եւ տիրապետության հաստատման գործիք։ Ամերիկյան զորքը մտավ նաեւ ԳԴՀ տարածք, թե այս անգամ ումից պաշտպանելու՝ պարզ չէր, բայց գերմանացիները հասկանում էին, որ դա օկուպացիոն բանակ է, ցանկացած օտար բանակ օկուպացիոն է։ Խորհրդային օկուպացիան փոխարինվեց ամերիկյանով։

Գերմանացիները, բելգիացիները կամ նիդերլանդացիները գիտեին, որ իրենք ամերիկյան ազդեցության տարածք են, իրենց անվտանգությունն ապահովում է ԱՄՆ-ն, ամերիկյան բանակը, որը փաթեթավորված է ՆԱՏՕ-ի գրառմամբ, իբրեւ թե մենք ընդհանուր անվտանգության համակարգում ենք, մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա, մենք միասին ենք պաշտպանվում։ ՆԱՏՕ-ի անդամները դեռեւս ոչ մի անգամ համատեղ չեն պաշտպանվել, բայց համատեղ հարձակվել են Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի եւ այլ երկրների վրա։ Դա էլ է հազարամյակներով ընդունված կարգ․ հաղթող երկրները միշտ օգտագործել են հպատակված երկրների բանակներն իրենց զավթողական գործողությունների ժամանակ։ Ադոլֆ Հիտլերը Հունգարիայի, Ֆրանսիայի կամ Ավստրիայի բանակները եւ զինվորներին չէ՞ր օգտագործում ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում, թե՞ Ռուսաստանը Հայաստանի, Ուզբեկստանի կամ Ղազախստանի մարդկային ռեսուրսը չէր օգտագործում ընդհանուր պաշտպանության համար։

80 տարի շարունակ ամերիկյան ենթակայության տակ գտնվող երկրները համակերպվել էին ամերիկյան տիրապետության եւ ենթակայի կարգավիճակին, համակերպվել էին այն մտքի հետ, որ իրենց հարցերը որոշում է իրենց պաշտպանն ու անվտանգության երաշխավորը՝ տերը միշտ երաշխավորում է ենթակաների անվտանգությունը։ Բայց հիմա Ֆրիդրիխ Մերցն ասում է, որ այլեւս այդպես չի կարող լինել, որ առանց իրենց մասնակցության իրենց հարցը չի կարող որոշվել։ Ինչո՞ւ են հպատակներն ըմբոստացել։ Գուցե նրանք զգացել են կամ հասկացել են, որ տերը թուլացել է, որ նա այլեւս նախկին ուժը չունի՝ իրենց վախի մեջ պահելու համար։ Այդ զգացողության հիմնական պատճառները երկուսն են՝ Ուկրաինա-Ռուսաստան եւ ԱՄՆ-Իրան պատերազմները։

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն այդքան ուժ չունի, որ կարողանա հաղթել Ռուսաստանին, որ նույնիսկ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համընդհանուր աջակցությունը բավարար չէ Ռուսաստանին հաղթելու համար։ Մյուս կողմից՝ այդ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանն էլ այն ուժը չունի, որ կարողանա կուլ տալ Եվրոպային։ Ռուսաստանը 5 տարի է՝ պատերազմում է, բայց չի կարողանում գրավել Ուկրաինան։ Իսկ ամերիկյան բանակը Եվրոպային պետք է պաշտպաներ Ռուսաստանի ագրեսիայից, այլ սպառնալիք գոյություն չունի։ Ճիշտ է՝ եվրոպացիներին փորձում են համոզել, որ Ռուսաստանը հաջորդիվ հարձակվելու է իրենց վրա, բայց դրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում, պատերազմը հյուծել ու թուլացրել է Ռուսաստանը, այնտեղ հակապատերազմական տրամադրություններ են։

Իրանի վրա հարձակումն էլ ցույց տվեց, որ աշխարհի ամենաուժեղ բանակի համարում ունեցող ամերիկյան բանակն ընդունակ չէ հաղթելու իրենից թվով փոքր եւ տեխնոլոգիապես հետամնաց երկրի բանակին։ Ամերիկյան ուժի եւ ազդեցության լեգենդը փլուզվեց, ԱՄՆ ենթակաները հասկանում են, որ եթե Իրանին կարելի է անկախ լինել, չենթարկվել ամերիկյան թելադրանքին, ինչո՞ւ նույնը չի կարելի Գերմանիային, Ֆրանսիային, Իսպանիային։ Եվրոպացիները հասկանում են, որ իրենք առանձին-առանձին չեն կարող դուրս գալ ամերիկյան հեգեմոնիայի դեմ, իրենց առանձին-առանձին հեշտ կլինի կոտրել, դրա համար փորձում են հանդես գալ միասնաբար։
Ահա թե ինչու են Հայաստանում իշխանության որոշ նախկին ու ներկա սպասարկուներ սկսել կասկածել Հայաստանի ԵՄ անդամակցության հեռանկարին․ ԵՄ-ն Եվրոպայում ամերիկյան գաղութատիրության գործիքն է, եթե ԵՄ երկրներն ըմբոստանան եւ անկախություն ձեռք բերեն, այդ կառույցն էլ ինքնաբերաբար կոչնչանա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը

Գյումրիում «Տիկնիկը» ծեծել է զբոսաշրջիկին․ ավագանու նիստին հիշեցին զավեշտալի միջադեպը Tue, 17 Nov 2026 20:22:02…

9 րոպե ago

Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը

Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը Tue, 17 Nov…

13 րոպե ago

Ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել սեքսուալ բռնության համար

Ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել սեքսուալ բռնության համար Tue, 17 Nov 2026 20:00:29 +0400…

31 րոպե ago

Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ չդնելու միակ երաշխավորությունը ՀՀ խաղաղությունն է

Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ չդնելու միակ երաշխավորությունը ՀՀ խաղաղությունն է Tue, 17 Nov 2026 19:52:50…

38 րոպե ago

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա

Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա Tue, 17 Nov 2026 19:45:15 +0400…

46 րոպե ago

Ինչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել իր երկրի ծննդյան վկայականից․ Ֆարմանյան

Ինչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել իր երկրի ծննդյան վկայականից․ Ֆարմանյան Tue, 17 Nov 2026 19:44:07…

47 րոպե ago