Գրիգորի Պերելմանի տեսակին սպասելիս…

Գրիգորի Պերելմանի տեսակին սպասելիս…

Sat, 21 Nov 2026 21:15:28 +0400


Մեկ-երկու խոսք ասեմ նիկոլիզմից ազատվելու՝ Փաշինյանի առաջարկի մասին: Հենց նիկոլիզմից, քանի որ վարչապետի պաշտոնից Նիկոլի հրաժարականից հետո պարտադիր քամուն են տրվելու նրա կեղծ ու, ըստ այդմ, հակագիտական ու նաև հակահայկական գաղափարները: Եվ եթե այդ երևույթն ինքը գիտակցեր, ապա երբեք չէր մտածի ընդդիմությանը տրվելիք առաջարկի մասին, որից հրաժարվել հնարավոր չէր լինի: Եթե, իհարկե, նրա «գաղափարախոսությունն» իսկապես արժեք ունի իր համար: Եվ ոչ թե անձնական իշխանությունը պահելու գործիք է միայն: Ինչը ոչ միայն իմ, այլ բազմաթիվ անձանց սուբյեկտիվ կարծիքն է: Իսկ երբ բազմաթիվ սուբյեկտիվ կարծիքները մեկտեղվում են, ապա դրանք օրինաչափորեն գեներացվում են օբյեկտիվ կամ հանրային կարծիքի:
Սակայն մինչև նրա ինքնակամ հրաժարականը՝ եթե հրաշք պատահի ու դա տեղի ունենա, բազմակի անգամ արագանալու է հայկական պետականության կորստի գործընթացը: Ինչի սկիզբը դրվեց 2018-ին՝ որքան էլ դա խոստովանելը տհաճ լինի ինձ նման՝ նախկիններին ընդդիմադիր մարդկանց համար: Նույնիսկ եթե վերացարկվենք Նիկոլի խոսքին հավատալ-չհավատալու հանգամանքից, ապա չեմ կարծում, թե պետականության կորստի գնով արժե ազատվել Նիկոլից ու նիկոլիզմից: Ինչը վստահաբար տեղի կունենա, քանի որ թշնամու պահանջով գործող Սահմանադրությունը փոխելն իր հետևից բերելու է ավելի ծանր ու պետության անվտանգությունը հիմնովին խարխլող պահանջներ: Օրինակ՝ «արևմտյան Զանգեզուրի», «Գոյչա» լճի և վերջապես՝ «արևմտյան Ադրբեջանի» հանձնումը: Ինչն, ի դեպ, ոչ միայն չեն թաքցնում Ադրբեջանում, այլև դարձրել են պետական քաղաքականության օրակարգ:

Որպես իրեն վարչապետի պաշտոնից հեռացնելու մեխանիզմ ընդգծում է, թե ինքը հեղափոխություն անելու հնարավորություն է բացում, բայց ասվածը թերի է: Թերի է, որովհետև, նախ, Սերժ Սարգսյանը թույլ ղեկավար էր, ու ինքը օգտվեց դրանից: Երկրորդ, Սերժի համար իշխանություն կորցնելը չէր հանգեցնելու այլ, ավելի լուրջ արժեքների (ասենք՝ ազատության) կորստի: Իսկ Փաշինյանի համար իշխանությունն ու ազատությունը գտնվում են նույն հարթության վրա՝ էլ չասած կյանքը կորցնելու վտանգի մասին: Որովհետև եթե կորցնի իշխանությունը, ապա հաստատ կկանգնի արդարադատության առջև: Ու խիստ կասկածելի կլինի նաև կյանքի խնդիրը: Ու այդ պատճառով էլ Փաշինյանի օրոք չի կարող տեղի ունենալ անարյուն կամ, այսպես կոչված, «թավշյա» հեղափոխություն: Ինչի վկայությունը 2021-ից այս կողմ նախորդ փորձերի բռնի տապալումն էր:

Ի դեպ, ինքն իրեն ամենագետ ու գերխելացի համարող վարչապետը հաճախ չի գիտակցում սեփական մտքերի հակասականությունը: Հա՛մ փորձում է կաշառել ընդդիմությանը հեղափոխության հնարավորությամբ, որպեսզի ստանա հանրաքվեի գնալու հնարավորություն: Հա՛մ էլ ընդդիմության կողմից խաղաղությանը խոչընդոտելը գնահատում է զրո ամբողջ զրո հինգ (0.05) կամ զրո ամբողջ զրո զրո հինգ (0.005) տոկոս: Բայց այդ գնահատականը նշանակում է, որ խոչընդոտելու հնարավորությունը մոտենում է զրոյին: Իսկ եթե այդպես է, ապա դա, իր հերթին, նշանակում է, որ դա խոչընդոտ լինել չի կարող: Ու դրա առումով մտահոգվել ու պաշտոնից հրաժարվելու տարբերակ առաջարկելն անիմաստ է:

Չեզոք կամ նույնիսկ ընդդիմադիր դիտորդներն առաջարկում են, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը հանդես գա կոնտրառաջարկով: Փորձեցի ինքս ինձ պատկերացնել որպես դրա անդամ ու ներկայացնել մի այդպիսի առաջարկ: Բայց հենց սկզբից բախվեցի անլուծելի տրիլեմայի. ինչպիսի դեր է հատկացվելու դրանում գործող իշխանությանը: Ավելի ճիշտ, անձամբ Նիկոլին: Նա պետք է դիտարկվի որպես համախո՞հ, խոչընդո՞տ, թե ընդհանրապես հաշվի չառնվի՞: Եթե առաջինը կամ վերջինը, ապա դա նշանակում է, որ առաջարկը չի կարող լինել իրական ու գործնականում կիրառելի: Համենայն դեպս, մինչև նրա հրաժարականը, իսկ դա ոնց որ թե դեռևս ընդամենը հիփոթետիկ է:

Մնում է երկրորդը՝ երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոչընդոտ է: Դա այն է, ինչ առկա է մեր իրականությունում: Առաջին հայացքից այս խնդիրն անլուծելի է. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ի դեմս վարչապետի առկա խոչընդոտը: Եթե, իհարկե, չենք կարողանում կյանքի կոչել նրա հրաժարականը վարչապետի պաշտոնից: Պատասխանը ես չունեմ, ու կարծում եմ, որ այն ոչ ոք էլ չունի: Բայց այն, ինչ անլուծելի է թվում այսօր, կարող է լուծվել վաղը կամ մյուս օրը: Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա՝ բերեմ մեկ օրինակ, բայց մեկ այլ՝ մաթեմատիկայի ոլորտից: Հրեական արմատներով խորհրդային ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը (ծնվ. 1966 թ.) 2002–2003 թվականներին ապացուցել է դարի ամենաբարդ խնդիրներից մեկը՝ Պուանկարեի վարկածը:
Այն 1904 թվականին ձևակերպվել է մեկ այլ մեծագույն մաթեմատիկոս Անրի Պուանկարեի (1854-1912) կողմից: Եվ համարվում է, այսպես կոչված, «Հազարամյակի յոթ խնդիրներից» մեկը, ընդ որում, միակ լուծվածը: 2006-ին Պերելմանին շնորհվել է մաթեմատիկայի գծով «Նոբելյան մրցանակ» համարվող Ֆիլդսյան մեդալը, իսկ 2010 թվականին Քլեյի մաթեմատիկական ինստիտուտը նրան շնորհել է 1 միլիոն դոլար մրցանակ։ Պերելմանը հրաժարվել է երկուսից էլ, բայց դա արդեն այլ հարց է: Հանճարեղ մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանին հիշատակելու իմաստը, կարծում եմ, պարզ է: Մի գեղեցիկ օր հանդես կգա մեկը, ով կկարողանա լուծել այսօրվա տեսակետից մեզ անլուծելի թվացող հարցը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է փոքրիկ հայ համայնքը նպաստել երկրի զարգացմանը

Ինչպես է փոքրիկ հայ համայնքը նպաստել երկրի զարգացմանը Sat, 21 Nov 2026 21:00:19 +0400 Եթովպիայում…

28 րոպե ago

54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը

54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի…

42 րոպե ago

Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները

Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները Sat, 21 Nov 2026 20:15:58…

1 ժամ ago

Թրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին

Թրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին Sat, 21 Nov 2026 20:00:14 +0400…

1 ժամ ago

Ժողովրդավարության ՔՊ-ական պատկերացումը

Ժողովրդավարության ՔՊ-ական պատկերացումը Sat, 21 Nov 2026 19:45:02 +0400 Իրական ժողովրդավարություն հաստատելու խոստումներով իշխանության եկածը…

2 ժամ ago

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը Sat, 21 Nov 2026 19:30:52 +0400…

2 ժամ ago