«Եկել է քաղաքացու վրեժի ժամը….»
Mon, 23 Nov 2026 19:49:06 +0400
Ինչքան պետք է արհամարհես ժողովրդին ու հայտնի կենդանու տեղը դնես, որ ներկայացնես, թե` սա 2018-ին մեր ստանձնած պարտավորությունների շրջանակներում է, մենք առաջին օրից սկսած Սահմանադրության փոփոխության մասին ենք խոսել եւ ահա` 6 տարի անց հասել ենք հանգրվանին: Մարդիկ գիտեն, չէ՞, որ 2018-ին երբ խոսվում էր փոփոխությունների մասին, դա մի իմաստ ու նպատակ ուներ` «Սերժի Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունից հրաժարվելու», սուպերվարչապետական լիազորությունները կրճատելու, հակակշռման մեխանիզմները, ՀՀ նախագահի լիազորությունները, ընդդիմության վերահսկողական ֆունկցիաներն ավելացնելու, կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու:
Այսօր շրջանառված նախագիծը ոչ թե սուպերվարչապետական, այլ սուպեր-սուպեր վարչապետական, իրականում` բռնապետական երկրի Սահմանադրության նախագիծ է: Սահմանադրությամբ, ի դեպ, անհնարին է խաղաղություն հաստատել, բայց բռնապետություն հաստատելը միանգամայն իրատեսական է, ինչը եւ ձեռնարկել է իշխանության գլխին կանգնած մարդը, որին թվում է, թե` «ծովը ծնկներից է» եւ այլեւս ինչ ուզենա` կանի:
Ինձ թվում էր այդ տրյուկը, որ շարունակ կիրառել է` մարդկանց հիմարացնելու, վատը` լավ, կորուստը` ձեռքբերում ներկայացնելու, արդեն իրեն սպառել է: Որովհետեւ մի փոքր խումբ ապուշներից բացի, դժվար թե լինեն ադեկվատ մարդիկ, որոնք հավատում են, որ Արցախը կորցնելը բխում էր Հայաստանից շահերից, որ «Արցախը թոկ էր մեր վզին, տվեցինք` անկախացանք», կամ` «Արցախը տասնամյակներ առաջ էին տվել…», իսկ «մենք երբեք այսքան ինքնիշխան չենք եղել, ինչքան հիմա»: Կամ` «հայ ժողովուրդը վերջին 500 տարվա իր լավագույն շրջանն է ապրում…եւ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին», կամ` «ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն, բերել եմ այն ապագան, որի մասին մենք բոլորս երազում էինք», կամ` «ես պետությունը թակարդից եմ դուրս բերել» եւ նման տասնյակ հազարավոր հիմարություններ… ավելի շուտ` հիմարների, մտածելու անընդունակ մարդկանց համար նախատեսված արտահայտություններ…
Բայց պարզվում է` ոչ, մանկամիտների համար նախատեսված այդ լոլոները որոշել է կիրառել նաեւ Սահմանադրության դեպքում: Հիմա էլ փորձում են ներկայացնել, թե այս նախագիծը բխում է ընդդիմության, Դատական համակարգի, ՀՀ քաղաքացու շահերից… եւ ոչ մի կապ չունի Ալիեւի հետ: Նախագիծը հրապարակելուց առաջ ես անձամբ մտածում էի` առնվազն տրամաբանական կլինի, որ եթե Անկախության հռչակագրի հղումը հանվում է Սահմանադրությունից, Ցեղասպանության ու Արցախի մասին հիշատակում էլ չի լինելու, գոնե որոշ դրույթներով կկոմպենսացնեն էս կորուստը, որ մարդկանց համոզեն, որ այս Սահմանադրությունը մեր թշնամի երկրից չի թելադրված: Օրինակ, կսահմանափակեն վարչապետի պաշտոնում վերընտրվելու ժամկետը, ընդդիմադիրներին որոշ կառույցներում անդամներ ունենալու իրավունք կտան, խոսքի ազատության, սոցիալական եւ այլ երաշխիքները կավելացնեն:
Բայց չէ` որոշել են ոչ մի զիջում հայ մարդուն եւ ՀՀ ընդդիմությանը, «բոլորը քեզ` մեր սրտի Ալիեւ, բոլորը` քեզ»: Ու սա մի բանի մասին է միայն վկայում. Այնքան է ցինիզմը, մեծամտությունը, անամոթությունը համակել սրանց, որ կարծում են` աշխարհի ամենավատ սահմանադրությունն էլ բերեն` կկարողանան անցկացնել: Վախեցնելով, մարդկանց նսեմ կրքերից ու վախերից, շահամոլությունից ու տգիտությունից օգտվելով, հանրությանը մինչեւ վերջին խազն ապականելով` կկարողանան իրենց ուզածին հասնել:
Իր խոսքերով պատասխանենք` «Եկել է քաղաքացու վրեժի ժամը….»:
Նկարում` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 2020 թ. փետրվարի 21-ի նիստն է: Ինչպես տեսնում եք` բոլորովին այլ կազմ, 1-2 բացառությամբ: Բայց այսօրվա հանձնաժողովն էլ ոչ մի մասնակցություն չի ունեցել նախագծի կազմմանը: Գրել է` Սրբուհի Գալյանի կանտորան, հաստատել է` Նիկոլ Փաշինյանը: