Պարոն Փաշինյան, գնացե՛ք, խնդրում եմ, գնացե՛ք, հրաժարակա՛ն տվեք

Պարոն Փաշինյան, գնացե՛ք, խնդրում եմ, գնացե՛ք, հրաժարակա՛ն տվեք

Tue, 24 Nov 2026 11:19:03 +0400


Պարոն Փաշինյան,

Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում, երբ հարցնում էիք՝ «Էլ ի՞նչ եք ուզում», իսկ հետո ասացիք՝ «ռադս կքաշեմ, կգնամ», ես հավատացի Ձեր հուզմունքին։ Ինձ թվաց՝ այդ պահին անկեղծ էիք։ Տպավորություն ունեմ, որ հեռանալու միտքը Ձեզ համար վաղուց արդեն օտար չէ։ Գուցե մտովի հասել եք այդ օրվան և ինքներդ Ձեզ հարցրել՝ իսկ ի՞նչ է լինելու հաջորդ օրը։

Կարծում եմ՝ հասկանում եմ Ձեր երկմտանքը։ Իմ տպավորությամբ՝ այսօր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից երաշխիքներ եք փնտրում, որպեսզի կարողանաք հեռանալ Ձեզ համար ընդունելի պայմաններով։ Դրա համար ժամանակ է պետք։ Բայց Ձեր շահած ժամանակը Հայաստանի կյանքից անցնող ժամանակն է։ Աշխարհաքաղաքական այս ծանր պահին մի ամբողջ երկիր չի կարող անվերջ սպասել, մինչև պարզվի մեկ մարդու քաղաքական ճակատագիրը։

Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է։ Այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում։ Չեմ կարծում նաև, թե ինքներդ հավատում եք առաջարկած հանրաքվեի հեռանկարին։ Բայց քանի դեռ երկիրը քննարկում է՝ երբ կստորագրվի պայմանագիրը, երբ կանցկացվի հանրաքվեն, և ինչ դեպքում Դուք կհեռանաք, ստանում եք այն, ինչն այսօր ամենից շատ է պետք՝ ժամանակ։

Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր։ Ընդդիմությունից պահանջում եք հանրաքվեի համար պակասող վեց ձայնը և խոստանում հեռանալ, եթե ժողովուրդը մերժի նախագիծը։ Միաժամանակ քաղաքացու մեկ քվեին մի քանի տարբեր հարցերի պատասխան եք վերագրում։ Նա մեկ «այո»-ով կամ «ոչ»-ով պիտի արտահայտի իր կամքը Սահմանադրության, խաղաղության, անկախության և Ձեր հետագա պաշտոնավարման վերաբերյալ։ Բայց ինչպե՞ս կարող է մարդն ազնվորեն պատասխանել, եթե այդ հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ իր դիրքորոշումը տարբեր է։

Հենց այստեղ է բացահայտվում «Ալիևյան սահմանադրություն» բնորոշման իմաստը։ Այդպես անվանելով այս նախաձեռնությունը՝ ընդդիմությունը մատնանշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը մեր ներքին քաղաքական օրակարգ է բերվել թշնամական երկրի կողմից՝ անձամբ Ադրբեջանի նախագահի առաջադրած պայմանի տեսքով։ Երբ այդ պահանջը կապվում է խաղաղության հետ, իսկ մենք համաձայնում ենք այն հանրաքվեի դնել, արդեն իսկ ընդունում ենք, որ Ադրբեջանի նախագահը կարող է թելադրել՝ հայ ժողովուրդը երբ և ինչ պայմաններում վերանայի իր պետության հիմնարար համաձայնությունը։ Այդ գինը վճարում ենք հենց պարտադրանքն ընդունելու պահին՝ դեռ մինչև քվեարկությունը։ Նույնիսկ Ձեր հեռանալու համար այդ գինը վճարել չարժե։
Մի մտավախություն էլ ունեմ։ Եթե ակնկալած երաշխիքները չստանաք, կարծում եմ՝ կգնաք արտահերթ ընտրությունների։ Նոյեմբերի 18-ին Ձեր հայացքում տեսա նաև այն բոցկլտացող վճռականությունը, որով պատրաստ եք մտնելու հերթական քաղաքական արկածախնդրության մեջ։ Ինձ մտահոգում է, թե այդ պայքարում մինչև ուր եք պատրաստ գնալու, և ինչ կարող է կորցնել Հայաստանը։ Այսքան կորուստներից հետո մեր երկրում դեռ շատ բան կա պահպանելու։ Եվ դեռ շատ բան կա քանդելու՝ հանուն իշխանության ևս մի կարճ ժամանակի։

Վեց տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, անձնական խնդրանքով դիմեցի Ձեզ և խնդրեցի հեռանալ՝ վեր հառնելու հնարավորություն տալով մեզ ու մեր պետությանը։ Այսօր կրկնում եմ նույն խնդրանքը։ Ձեր առաջարկի շուրջ Ձեզ հետ բանակցելու կամ գործարքի գնալու որևէ տրամաբանական հիմք չկա։ Հրաժարական տալու որոշումը կարող եք կայացնել ինքներդ՝ առանց ընդդիմությունից վեց ձայն պահանջելու և առանց ժողովրդին պարտադրելու, որ նախ որոշի Ձեր քաղաքական ճակատագիրը։
Գնացե՛ք, խնդրում եմ, գնացե՛ք։ Հրաժարակա՛ն տվեք և թո՛ւյլ տվեք, որ Ձեր հեռանալը դառնա մեր երկրի ու պետականության վերականգնման իսկական մեկնակետը։

Դավիթ Անանյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինի անակնկալը․ Քուշներին նրա պապի մասին արխիվային նյութեր է ցույց տվել

Պուտինի անակնկալը․ Քուշներին նրա պապի մասին արխիվային նյութեր է ցույց տվել Tue, 24 Nov 2026…

10 րոպե ago

«Հրապարակ». Ժողովուրդն արդեն հոգնել է 8 տարի նույն սկավառակի պտտվելուց

«Հրապարակ». Ժողովուրդն արդեն հոգնել է 8 տարի նույն սկավառակի պտտվելուց Tue, 24 Nov 2026 11:15:48…

25 րոպե ago

Վերականգվեց պաշտոնում և մեկ օր անց հարստացավ 34 մլրդ դոլարով

Վերականգվեց պաշտոնում և մեկ օր անց հարստացավ 34 մլրդ դոլարով Tue, 24 Nov 2026 11:00:20…

41 րոպե ago

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը Tue, 24 Nov 2026 10:45:10…

56 րոպե ago

«Հրապարակ». Այս նախագծով դատական համակարգը տոտալ կերպով զրկվելու է անկախությունից

«Հրապարակ». Այս նախագծով դատական համակարգը տոտալ կերպով զրկվելու է անկախությունից Tue, 24 Nov 2026 10:45:08…

56 րոպե ago

Հայտնի երգչուհին մտրակի 74 հարված է ստացել առանց հիջաբի ելույթի համար

Հայտնի երգչուհին մտրակի 74 հարված է ստացել առանց հիջաբի ելույթի համար Tue, 24 Nov 2026…

1 ժամ ago