«Հրապարակ». Ժողովուրդն արդեն հոգնել է 8 տարի նույն սկավառակի պտտվելուց
Tue, 24 Nov 2026 11:15:48 +0400
Երեկ հրապարակվեց Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը` դրա համար հատուկ ստեղծված կայքում, եւ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով։ Նոր սահմանադրության նախաբանում, ինչպեսեւ սպասվում էր, բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, բայց բազում այլ դրույթներ կան, որոնք ավելի քան մերժելի են ու վտանգավոր։ Նոր սահմանադրության նախագծով մասնավորապես փոփոխվում է նաեւ սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայների շեմը` «պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդն» է անհրաժեշտ: Գործող սահմանադրությամբ՝ երկու երրորդն էր:
Ընդդիմությունը կարծում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի չեն աջակցի իշխանությանը նախագիծը հանրաքվեի դնելու հարցում: Բաքուն, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, պահանջում է ՀՀ սահմանադրության փոփոխություն, որպեսզի տարածքային «հավակնություններից» հրաժարվենք, բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռքի հետ ուրիշ փոփոխություններ էլ կյանքի կոչել: Օրինակ, ԱԺ դերին, ընդդիմության իրավունքներին, կուսակցություններին ու ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում։ Նոր սահմանադրության նախագծի կայքում քաղաքացիները կարող են նաեւ առաջարկություններ ներկայացնել: ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը երեկ հայտարարեց, որ սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչեւ 2027 թ. գարուն։ Կլսեն քաղաքացիների կարծիքները, կքննարկեն նրանց ներկայացրած առաջարկները, այնուհետեւ նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Այդ դեպքում ինչո՞ւ են այսպես հապճեպ` շնչակտուր հրապարակում սահմանադրության տեքստը: Ամենօրյա ռեժիմով տեռորի ենթարկում ընդդիմությանն ու հանրությանը, ո՞րն է նպատակը:
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Իշխանությունները մտածում են, որ կարող են որոշակի աշխարհաքաղաքական զարգացումներ լինել, եւ դրա արդյունքում պետք է արագ իրականացնել այս գործընթացը: Հրապարակելու ժամանակը հիմա էր, քանի որ ակնհայտ է` հունվարից հետո ԱՄՆ-ում իրավիճակը կտրուկ փոխվելու է: Արդեն հայտարարություններ կան հետաքննությունների վերաբերյալ, Քուշները, Իլոն Մասկը հրավիրվելու են Կոնգրես, եւ այնպիսի պրոցեսներ են տեղի ունենալու, որոնք ազդելու են միջազգային իրավիճակի վրա: Բացի այդ էլ, եթե իշխանությունները կարծում են, որ խաղաղության հաստատումը կապված է Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ, գուցե ԹՐԻՓՓ-ի կառուցման համար է այս ամենը: Ադրբեջանի իշխանություններն անդադար ասում են, որ առանց իրենց համաձայնության ԹՐԻՓՓ-ը չի կարող կառուցվել, որովհետեւ այն միացնում է Ադրբեջանի երկու հատվածները: Այդտեղ անհրաժեշտ է սահմանազատում: Հիմա՝ հնարավո՞ր է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանն այդ գործընթացը կապում է սահմանադրական փոփոխությունների եւ խաղաղության հաստատման հետ: Կարծում եմ, որ սա շատ իրատեսական տարբերակ է: Ալիեւը փորձում է ժամանակ շահել, իսկ Հայաստանը շտապում է»:
Իսկ ի՞նչ տարբերակով կարող է Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրության հարցը դնել հանրաքվեի։ «Արտահերթ ընտրությունները թեպետ այնքան էլ ցանկալի չեն իշխանությունների համար, գուցե իրենք տվյալներ ունեն, որ մարդիկ հոգնել են` ամեն անգամ լարվածության պայմաններում մասնակցել ընտրությունների եւ այլն: Արդեն 8 տարի է՝ նույն սկավառակն է պտտեցնում Փաշինյանը` դուք ռուսաստրուկ եք, դուք թալանչի եք, ժողովուրդն արդեն հոգնել է այս ամենից: Ի դեպ, օգոստոսի 8-ի նախաստորագրված պայմանագրում որեւէ խոսք չկա Հայաստանում սահմանադրություն փոխելու մասին, այնպես որ՝ հանրությունը կարող է առանց որեւէ նոր ընտրության` խաղաղություն պահանջել իշխանությունից: Հասկանալի չէ, թե ինչու Փաշինյանն Ադրբեջանի հետ չի խոսում այն մասին, որ նախաստորագրված փաստաթղթում խոսք չկա սահմանադրության մասին: Կամ գուցե չունի ԱՄՆ-ի աջակցությունն այս հարցում: Ես բացասական եմ գնահատում Թրամփի գործունեությունը: Նա միայն գեղեցիկ հայտարարություն է անում ԹՐԻՓՓ-ի մասին, եւ վերջ»: