Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը
Tue, 24 Nov 2026 14:08:35 +0400
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամյանը ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին տված պատասխանը և նրա հասցեին հնչեցրած որակումները։
Ղահրամյանը հարցրել է, թե որքանով է ընդունելի երկրի վարչապետի նման խոսույթը լրագրողի հետ հաղորդակցության ընթացքում։
Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ Ղահրամյանն իր համար գործընկեր պատգամավոր է, ոչ թե լրագրող, որը կարող է իրեն հետաքրքրող ցանկացած հարց ուղղել։ Նա հավելել է, որ ակնկալում է քննարկվող նախագծի վերաբերյալ առաջարկություններ։
Ինչ վերաբերում է բռնության նկատմամբ իր վերաբերմունքին՝ Բաթոյանը հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում բռնության ցանկացած դրսևորմանը՝ անկախ նրանից, թե ով է այն կիրառում, որտեղ և ինչ ձևով։