«Հրապարակ»․ Եթե այդքան կարեւոր նշանակություն ունի ԹՐԻՓՓ-ը, ինչո՞ւ էր մեկնարկն այդքան դժգույն

«Հրապարակ»․ Եթե այդքան կարեւոր նշանակություն ունի ԹՐԻՓՓ-ը, ինչո՞ւ էր մեկնարկն այդքան դժգույն

Wed, 25 Nov 2026 10:45:39 +0400


Հայաստանի եւ ԱՄՆ ղեկավարները ուղերձներով ազդարարեցին Սյունիքում հայ-ամերիկյան TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին՝ այն որակելով որպես պատմական իրադարձություն Հայաստանի նորագույն պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման եւ այսօրվա աննախադեպ իրողությունների հաստատման համար»: TRIPP-ը, ըստ նրա, միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ, տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա, եւ ունենալու է տարածաշրջանային ու միջազգային նշանակություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր ուղերձում «աներեւակայելի ուրախալի իրադարձություն» է որակել իր անունը կրող նախագծի պաշտոնական մեկնարկը` շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ «այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաեւ՝ իրեն Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրելու համար»: «Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ բոլորովին նոր՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ այս գործընկերությունը կստեղծի նոր առեւտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների եւ էներգետիկ հոսքերի, ինչպես նաեւ՝ ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք՝ ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն»,- նշել է Թրամփը եւ Նիկոլ Փաշինյանին հրավիրել՝ մասնակցելու հաջորդ տարվա Ազգային աղոթքի նախաճաշին:

Առաջնորդների ուղերձների հեռարձակումից հետո Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրեց Մեղրիում աշխատող շինտեխնիկան, որը TRIPP-ի տեղանքում հարթեցման աշխատանքներ էր իրականացնում, եւ մի քանի դժգույն լուսանկար ուղարկվեց լրատվամիջոցներին, որոնք բոլորովին չեն խոսում «դարի կառույցի» մասին: Թե որքան կտեւեն շինաշխատանքները, որքան ներդրում են կատարում Երեւանն ու Վաշինգտոնը, ինչ գրաֆիկով են աշխատելու շինարարները, չհայտարարվեց: Բայց ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է: Նաեւ վստահ են, որ ոչ մի խոչընդոտ չունի այս ծրագիրը` Իրանը հաշտ է կատարվողի հետ, սակայն փաստերը հակառակի մասին են խոսում:

«TRIPP նախագիծը («Թրամփի ուղի»), որի մեկնարկի մասին նոյեմբերի 23-ին ազդարարել են Հայաստանն ու ԱՄՆ-ն, չի կարող փոխարինել գործող տրանսպորտային միջանցքներին»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանին մի քանի հարց տվեցինք թեմայի մասին: «Երբ հետեւում ենք Իրանից հնչող հայտարարություններին, պետք է արձանագրենք, որ դրանք բավականին կոշտ են: Մոհամմադ Մոխբերի գրառումն այս առնչությամբ բավականին կոշտ է: Թեմայի մասին խոսել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նա ծավալուն հոդված է գրել, խոսել է ԹՐԻՓՓ-ի եւ ամերիկյան հնարավոր ներկայության մասին` Իրանի հյուսիսային սահմաններին: Ակնհայտ է, որ Իրանի ներսում կան բավականին ազդեցիկ գործիչներ, ովքեր դեմ են այս նախագծին ընդհանրապես: Մոխբերի գրառման մեջ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համեմատություն է արվում ԹՐԻՓՓ-ի եւ Հորմուզի նեղուցի հարավային երթուղու միջեւ: Այդ հատվածի վրա իրանական կողմը հաճախ հարձակումներ է իրականացնում, հետեւաբար՝ այս համեմատության մեջ սպառնալիքի որոշ էլեմենտներ կան: Ակնհայտ է, որ այս խնդիրները պետք է հստակորեն կոմունիկացվեն իրանական կողմի հետ, որպեսզի որեւէ թյուրընկալում չլինի Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Մի կարեւոր հանգամանք էլ կա` Իրանում այժմ հոգեւոր առաջնորդը մի մարդ է, որի հայրը սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, եւ անգամ զուտ մարդկային տեսանկյունից էլ այն չի կարող ընդունելի լինել…. ԹՐԻՓՓ-ը կրում է իր հորը սպանողի անունը: Թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսանկյունից դա չի կարող ընդունելի լինել: Ի վերջո` մեզ համար էլ, որպես պետության, հաճելի չէ, երբ մեր երկրի որեւէ տարածք կրում է մեկ այլ պետության ղեկավարի անունը: Ռուսաստան կլինի, ԱՄՆ կլինի, Իրան կլինի, եվրոպական, աֆրիկյան, թե ասիական պետության ղեկավար կլինի, հատկապես մի տարածքում, որտեղ պայքարել է Գարեգին Նժդեհը: Իրանի հետ կապված խնդիրները բազմաշերտ են, եւ դրանք պետք է կարգավորել: Հանդարտ մթնոլորտում պետք է այս հարցը քննարկել, որեւէ պարագայում չի կարելի թողնել, որ Իրան-Հայաստան հարաբերությունները խզվեն: Այն ոչ միայն անթույլատրելի է մեզ համար, այլեւ՝ խիստ վտանգավոր, եթե հաշվի առնենք այն սպառնալիքները, որոնք առկա են անվտանգության ոլորտում»:

Իրանագետը նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Փաշինյանը հիացած է ԹՐԻՓՓ-ով, նա չի՞ ընկալում հնարավոր ռիսկերը։ «Այդ հանդիսավոր ու պաթոսախառն հայտարարություններից անդին պետք է հասկանալ, թե ինչ իրավական կարգավորումներ է անցել այդ ճանապարհը: Արդյո՞ք ադրբեջանական կողմը ճանապարհը կիրառելու է այն պայմանով, որի մասին բարձրաձայնվում է: Հասկանալի լեզվով ասած` արդյո՞ք այդ ճանապարհով անցնող ադրբեջանցին տեսնելու է հայ սահմանապահի, մաքսավորի երես, թե՞ ոչ: Թե չէ՝ պաթոսային հայտարարություններ կարող են հնչել թե՛ Հայաստանից, թե՛ ԱՄՆ-ից, այդ ամենին պետք չէ մեծ կարեւորություն տալ: Հիմնական հարցը պետք է լինի ՀՀ տարածքով անցումը` ներհայաստանյան իրավակարգերով սահմանելը: Այդ ճանապարհը չպետք է տարբերվի, օրինակ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից: Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ կա, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Չնայած հանդիսավոր ու պաթետիկ ուղերձներին՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի արարողությունը հանդիսավոր չէր, ավելին` դժգույն էր, սա էլ բավականին տարօրինակ փաստ է: Եթե այն այդքան կարեւոր նշանակություն ունի, ապա ինչո՞ւ արարողությունը հանդիսավոր չէր: Մենք միայն տեսանք Սյունիքի մարզպետի ելույթը եւ մի քանի տրակտոր, որոնք հողային աշխատանքներ էին իրականացնում: Գլոբալ առումով այս բոլոր կարեւոր բաղադրիչները պետք է դիտարկել մեկ կարեւոր հարթության մեջ` ՀՀ անվտանգության ճարտարապետության համատեքստում: Ի վերջո, գոնե մենք մեզ համար պետք է հասկանալի եւ ընկալելի դարձնենք այն հարցը, թե ինչպիսի ապագա է սպասվում Հայաստանին: Չի կարելի որեւէ խորամանկություն անել՝ իշխանությունը պահելու կամ այս համատեքստում` իշխանության գալու համար: Այն կարող է աններելի շքեղություն լինել մեր երկրի անվտանգության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, չնայած հայտարարություններին, Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի դեմ ճնշումները: Թուրքիան էլ իր հերթին նշում է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք

Ովքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք Wed, 25 Nov 2026 10:21:05…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Ռումինիա` ընտրություն կեղծելու նոր հմտություններ սովորելու է գնացել

«Հրապարակ»․ Ռումինիա` ընտրություն կեղծելու նոր հմտություններ սովորելու է գնացել Wed, 25 Nov 2026 10:15:15 +0400…

51 րոպե ago

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը

Փաստորեն ոչ միայն երեւանյան, այլ նաեւ եվրոպական կառավարման մասնագետ է այդ մարդը Wed, 25 Nov…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու

«Հրապարակ»․ Եթե վերջում պետք է էլի գոռգոռա, ի՞նչ է փոխվելու Wed, 25 Nov 2026 09:45:29…

1 ժամ ago

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու

«Հրապարակ»․ «Չորրորդ հանրապետություն» է ուզում ձեւավորել, որ հիմք լինի երրորդ հանրապետության տարածքներից հրաժարվելու Wed, 25…

2 ժամ ago

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է

Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է Wed, 25 Nov 2026 09:14:53 +0400 Մինչ գործող կառավարիչը հասարակությանն…

2 ժամ ago