Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Fri, 27 Nov 2026 20:15:08 +0400


Հարցազրույց «Լիդիան Արմենիայի» Սոցիալական բաժնի ղեկավար Լուսինե Հակոբյանի հետ։

– Համաձայնագրով «Լիդիան Արմենիան» պարտավորվել է տարեկան 7-9 միլիոն դոլար հատկացնել համայնքների զարգացմանը։ Ինչպե՞ս է որոշվել այդ գումարի չափը, արդյո՞ք այն կախված է լինելու հանքավայրի արտադրական ծավալներից կամ եկամուտներից։

– 2026 օգոստոսի 31-ին Լիդիան Արմենիայի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ջերմուկ, Վայք ու Սիսիան խոշորացված համայնքների միջև կնքված Համայնքային զարգացման համաձայնագրով ստանձնած գումարի չափը տևական բանակցությունների և պայմանավորվածության արդյունք է և կախված է երկու հիմնական գործոններից․

  • Ամուլսարի ծրագրի փուլերից․ շինարարական փուլում ներդրումը տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար է։ Այդ փուլն ավարտվում է, երբ արտադրությունը 60 անընդմեջ օր գործում է հզորության առնվազն 85%-ով։
  • Ոսկու գնից․ շահագործման փուլում եռամսյակի գումարը 7 կամ 9 մլն ԱՄՆ դոլարի մեկ քառորդն է՝ կախված նախորդ եռամսյակում Լոնդոնի Թանկարժեք Մետաղների Շուկայի Ասոցիացիայի (LBMA) ոսկու միջին գնից։ Շեմը սահմանված է 3,550 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար․ գինը այս շեմից բարձրանալու դեպքում հանձնառությունը դառնում է 9 մլն ԱՄՆ դոլար։

Ըստ համաձայնագրի, Լիդիան Արմենիան իրավունք ունի նաև կրճատել կամ կասեցնել վճարումները մի քանի դեպքում։ Օրինակ, եթե հանքարդյունաբերական աշխատանքները տևական ժամանակով կրճատվեն կամ կասեցվեն, եթե ոսկու գինը կտրուկ և զգալիորեն նվազի, կամ եթե լիցենզիան կամ անհրաժեշտ թույլտվությունները չպահպանվեն։

– Ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու, թե որ ծրագրերն են ֆինանսավորվելու։ Արդյո՞ք համայնքներն իրենք են ներկայացնելու իրենց առաջնահերթությունները, թե՞ հիմնադրամն է մշակելու զարգացման ծրագրերն ու առաջարկելու դրանք համայնքներին։

– Ծրագրերը հիմնված են լինելու համայնքային առաջնահերթությունների վրա, մշակվելու են համայնքներում և հիմնադրամին են ներկայացվելու համայնքների կողմից՝ ըստ Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի (ԱՀԶՀ) կողմից մշակված և ԱՀԶՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ընթացակարգերի։ Համայնքային զարգացմանն ուղղվող տարեկան ներդրումը բաշխվում է երկզամբյուղ մոդելով։ Ներդրման 70%-ն ուղղվում է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքներին՝ Համաձայնագրով սահմանված բանաձևով, որը հաշվի է առնում ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թիվը, հանքի կողմից օգտագործվող հողատարածքների մակերեսը և բնակավայրերի հեռավորությունը հանքի ենթակառուցվածքներից։ Յուրաքանչյուր ազդակիր բնակավայրին երաշխավորված է իր խոշորացված համայնքի ֆինանսավորման առնվազն 20%-ը։ Մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով տրամադրվում է այն ծրագրերին, որոնք կարող են երկարաժամկետ և չափելի արդյունքներ ապահովել առավել մեծ թվով բնակիչների համար։ Այս համակարգով մենք ձգտում ենք ոչ միայն արձագանքել համայնքների ընթացիկ կարիքներին, այլև նպաստել նրանց ինքնուրույն և երկարաժամկետ զարգացմանը։

Որոշում կայացնողը Հոգաբարձուների խորհուրդն է․ այն ընտրում է ֆինանսավորվող ծրագրերը: Խորհուրդն է սահմանում ծրագրային առաջարկների մանրամասն պահանջները, գնահատման չափորոշիչները և միավորների հաշվարկման մեթոդաբանությունը։ Այդ պահանջները պարտադիր ներառում են համայնքային խորհրդակցություններ և ավագանու հետ քննարկումներ։ Բոլոր առաջարկները գնահատվում են Խորհրդի կողմից, իսկ ֆինանսավորման որոշումները պետք է լինեն փաստաթղթավորված և հիմնավորված։

– Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ինչպե՞ս է ապահովվելու համայնքների շահերի ներկայացվածությունը։ Որքանո՞վ են համայնքները մասնակցելու որոշումների կայացմանը, նրանք կարո՞ղ են մերժել ընկերության կամ հիմնադրամի առաջարկած ծրագիրը։

– Կրկնվեմ․ ո՛չ ընկերությունը, ո՛չ հիմնադրամը ծրագրեր չեն առաջարկելու։ Այդ իրավունքը բացառապես համայնքներինն է։ Համայնքները ներկայացված են հիմնադրամի բարձրագույն մարմնում՝ հոգաբարձուների խորհրդում, ի դեմս խոշորացված Ջերմուկ, Վայք, Սիսիան համայնքների մեկական ներկայացուցչի։ Եվ, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է համայնքների ակտիվ ներգրավման պահանջ՝ առաջնահերթությունների որոշման և ծրագրերի նախագծման փուլում։

– Ինչպե՞ս է ապահովվելու հիմնադրամի ֆինանսական գործունեության թափանցիկությունը։ Արդյո՞ք հանրությանը հասանելի են լինելու տարեկան բյուջեն, ֆինանսավորվող ծրագրերի ցանկը, ծախսերի հաշվետվությունները եւ ծրագրերի արդյունավետության գնահատականները։ Նախատեսվո՞ւմ է անկախ աուդիտ։

– Պայմանագիրը նախատեսում է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ամենամյա ֆինանսական աուդիտ, որի արդյունքները պետք է ներկայացվեն Խորհրդին, ինչից հետո դրանք համապատասխան ֆինանսական հաշվետվությունների հետ միասին տրամադրվելու են համաձայնագրի բոլոր կողմերին և հրապարակվելու՝ օրենքով սահմանված կարգով: Նախատեսված է նաև կատարողականի անկախ ստուգում ընտրված համայնքային ծրագրերի համար՝ փաստացի արդյունքների ստուգման նպատակով:

– Որո՞նք են լինելու հիմնադրամի գործունեության առաջին տարվա առաջնահերթությունները։ Արդեն կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացումը նախատեսվում է սկսել առաջիկայում, ե՞րբ համայնքների բնակիչները կտեսնեն առաջին շոշափելի արդյունքները։

– Ինչպես նշեցի, առաջնահերթությունները սահմանում է համայնքը։ Առաջիկայում հիմնադրամի կողմից կամբողջականացվեն ծրագրերի ընդունման, իրականացման և վերահսկման ընթացակարգերը, իսկ առաջին արդյունքների մասին կկարողանանք խոսել ավելի ուշ՝ առաջին ծրագրերի ավարտից հետո։ Առաջին շոշափելի արդյունքները կախված կլինեն նաև առաջարկված ծրագրերի ծավալներից և տևողություններից։ Ըստ խորհրդում ընդգրկված համայնքների ներկայացուցիչների, համայնքներում արդեն ակտիվորեն քննարկվում են ծրագրային գաղափարներն ու առաջնահերթությունները։

– Ինչպե՞ս է հիմնադրամը գնահատելու իր ծրագրերի իրական ազդեցությունը համայնքների զարգացման վրա։ Խոսքը միայն ենթակառուցվածքների բարելավման եւ սոցիալական աջակցության մասի՞ն է, թե՞ նաեւ աշխատատեղերի ստեղծման, տեղական բիզնեսի զարգացման, կրթության եւ տնտեսական ինքնուրույնության խթանման։

– Նախատեսված է լայն գործիքակազմ՝ ազդեցության գնահատման համար․ արդյունքների ընդունման չափանիշներ, փուլային հավաստում, ավարտի հավաստագրում և հետավարտական մշտադիտարկում, ինչպես նաև արդյունավետության աուդիտ։ Սա զուգորդվելու է գործընկեր համայնքներում տարեկան սոցիալ-տնտեսական հարցմամբ, որը չափելու է համայնքներում բնակչության բարօրությունը։ Ծրագրերը ներառում են լայն շրջանակ՝ ենթակառուցվածքների բարելավում, բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման, կրթական և առողջապահական ծրագրեր, և այլն։

– Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկարաժամկետ գործընթաց է, սակայն հանքարդյունաբերական գործունեությունը հավերժ չէ։ Ի՞նչ մեխանիզմ է նախատեսված, որպեսզի հիմնադրամի գործունեությունը եւ համայնքների զարգացման ֆինանսավորումը կախված չլինեն միայն հանքի շահագործման ժամանակահատվածից։ Ի՞նչ երաշխիքներ ունեն համայնքները, որ հանքի փակվելուց հետո չեն հայտնվի ֆինանսական ու տնտեսական նոր կախվածության մեջ։

– Ինչպես ցանկացած այլ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, մեծ նշանակություն է տրվելու ծրագրերի կայունությանն ու երկարաժամկետ ազդեցությանը՝ սկսած նախագծման և գնահատման փուլերից։ Հստակեցվելու են ստեղծված արդյունքների պահպանման պատասխանատուները և միջոցները՝ երկարաժամկետ կայունության համար։ Այս ծրագրերը կարող են նաև միտված լինել տեղական տարբեր խմբերի կարողությունների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Այլ կերպ ասած, մենք տալիս ենք գործիքներ և ստեղծում հնարավորություններ, և ոչ թե տրամադրում ժամանակավոր օգնություն՝ «ձուկ մի՛ տուր, ձուկ որսալ սովորեցրու» սկզբունքով։

– Ի՞նչ երաշխիքներ կան, որ հիմնադրամը չի վերածվի համայնքներին ֆինանսական աջակցություն տրամադրող հերթական կառույցի, այլ իսկապես կդառնա համայնքների զարգացման գործիք։

– Համայնքներում զարգացման իրական արդյունքների հասնելու համար համաձայնագիրը սահմանում է բոլոր կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև վերահսկման բազմաշերտ մասնակցային մոդել տարբեր խմբերի կողմից՝ համայնք, հիմնադրամ, Խորհուրդ, տեխնիկական մասնագետներ, և այլն։ Ինչպես արդեն նշեցի, ծրագրային գաղափարներն առաջադրվում են համայնքների կողմից։ Կարծում եմ այս նախաձեռնությունը նաև լավ հնարավորություն է համայնքների համար՝ կարողությունների զարգացման և մասնակցության ակտիվացման, ինչպես նաև առանձին վերցված բնակավայրի ձայնը համայնքապետարաններում ավելի լսելի դարձնելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները հարցեր ունեն հայ պաշտոնյաներին, հայերն ադրբեջանցիներին հարցեր չունեն

Ադրբեջանցիները հարցեր ունեն հայ պաշտոնյաներին, հայերն ադրբեջանցիներին հարցեր չունեն Fri, 27 Nov 2026 20:45:23 +0400…

12 րոպե ago

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում Fri, 27…

21 րոպե ago

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել Fri, 27 Nov 2026 20:30:38 +0400 Սերբիայի նախկին…

27 րոպե ago

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է Fri, 27 Nov 2026 20:25:23 +0400 Թուրքիայի…

32 րոպե ago

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Fri, 27 Nov 2026 20:10:12 +0400 Քաղաքագետ Սուրեն…

47 րոպե ago

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին Fri, 27 Nov 2026 20:00:43 +0400 ԱՄՆ…

57 րոպե ago