«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին
Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400
Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն եւ սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի եւ դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այսինքն, իշխանությունը որոշել է խլել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին` Բուռնաշին պատկանող գույքերը՝ «պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով»: Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումն ընդունել է վարույթ եւ կիրառել է հայցի ապահովման միջոց` արգելանք է դրել գույքի վրա, որ սեփականատերը մինչեւ դատարանի վերջնական որոշումն այն չօտարի, չնվիրի այլ անձի եւ այլն։
Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, լուսահոգի Գալուստ Գրիգորիչի աներորդի Աշոտ Աղաբաբյանը 2018-ի իրադարձություններից հետո խզեց կապը հարազատ կուսակցության հետ՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ Նա Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը քննադատող հարցազրույցներ էր տալիս՝ դաժան որակումներ անելով: Դրանցից մեկում, օրինակ, ասում էր․ «Սերժի իշխանության ժամանակ ո՞վ կարար ինչ խոսար, Աստծուն փառք` Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։ Աղաբաբյանն ակնկալում էր Փաշինյանի հովանավորությունը, պետական աջակցություն, բարեհաճ հայացք: Օրինակ, որպեսզի բարեկարգի մարզադաշտը եւ ծառայեցնի բուն նպատակին` ֆուտբոլին, այն տարիներ շարունակ որպես հագուստի տոնավաճառ էր ծառայել, իսկ դաշտն անմխիթար վիճակում էր։ Պատմում են, որ այդ ակնկալիքներով տոգորված էլ՝ Բուռնաշը խզել էր իր բոլոր շփումները նախկին կուսակիցների հետ: Միայն վերջերս է հասկացել, որ իշխանությունը ոչ միայն մտադիր չէ իրեն աջակցել, այլեւ ծրագրում է խլել իր գույքը, որը նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ էր ձեռք բերել։
Մարզադաշտի շուրջ քննարկումներն ակտիվացան 2024-ին, երբ դատախազությունը հայտարարեց՝ 20 տարի առաջ պետության տնօրինած այս գույքն իրական արժեքից մոտ 200 անգամ էժան է վաճառվել, եւ հիմա իրենք ելքեր են փնտրում՝ այն Երեւանին վերադարձնելու։ Ըստ իրավապահների, կառավարությունը 2004-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, պետական գույքը մասնավորին է վաճառել, երբ Պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել են, որ մասնավորն արդեն խոշոր ներդրում է արել մարզադաշտում։ Աղաբաբյանին 88 միլիոն դրամով է վաճառվել մարզադաշտը, հիմա իրավապահները պնդում են, թե շուկայական արժեքը 11.5 միլիարդ էր։ Այժմ մարզադաշտի կադաստրային գինը 16 միլիարդից ավելի են հաշվում։ Իհարկե, 20 տարի առաջվա ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետը վաղուց է անցել, սակայն Նիկոլի թվին նման «թիթիզ բաների» հետեւից չեն ընկնում եւ ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլեցին՝ առանց որեւէ հիմքի, ու հանձնեցին պետական կառավարման, նույնը կանեն նաեւ Բուռնաշի դեպքում։ Երեկ չհաջողվեց գործարարից պարզաբանում ստանալ, նա, հավանաբար, այնքան անտրամադիր է, որ հեռախոսին պատասխանեց