«Հրապարակ»․ Ինչ ուզենք՝ կուղարկենք, ում ուզենք՝ կլուծարենք.  «սահմանադրական» մանիպուլյացիա Գալյանից

«Հրապարակ»․ Ինչ ուզենք՝ կուղարկենք, ում ուզենք՝ կլուծարենք.  «սահմանադրական» մանիպուլյացիա Գալյանից

Sat, 28 Nov 2026 10:45:17 +0400


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որն ի վերջո միանձնյա, իր ղեկավարած կառույցի անունից հրապարակեց սահմանադրության նախագիծը, հարցազրույց է տվել CivilNet-ի տաղավարում եւ բացահայտել, որ երկրի հիմնական օրենքի նախագծման գործընթացը դուրս է եկել իրավական շրջանակներից: Նա հաստատել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ծանոթ չի եղել սահմանադրության նախագծի տեքստին, առնվազն դրա 95%-ին: «Խորհուրդն ակտիվ կերպով աշխատել է, դրույթների 90 տոկոսից ավելի քննարկել է: Խորհրդին չի ուղարկվել ամբողջական տեքստը, բայց տեքստի գրեթե բոլոր հատվածները քննարկվել են, նախաբանը, անցումային դրույթները երեւի թե միայն չեն քննարկվել»,- ասում է նախարարը:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստերը, ինչպես հիշում ենք, անցնում էին լարված մթնոլորտում: Խորհրդի առանձին անդամներ սկսել էին կտրուկ քննադատել ԱՆ պահվածքը: «Դուք ստիպում եք, որ խորհրդի անդամները հրապարակման պահից քննադատեն այն: Դուք հանգեցնում եք նրան, որ հարց առաջանա, թե ինչ է անում խորհուրդը: Ստացվում է, որ խորհուրդը սահմանադրության նախագծի ընդդիմությունն է»,- հայտարարել է Դանիել Իոաննիսյանը: Խորհրդի մյուս անդամները եւս՝ Էդմոն Մարուքյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, զգուշացնում էին նախարարին, որ եթե նախագծի տեքստը հրապարակվի առանց իրենց առաջարկած փոփոխությունների, ապա իրենք հրապարակավ կքննադատեն այն: Անահիտ Մանասյանի բառերով ստացվում է, որ խորհրդի անդամներն ընդդիմադիր են դառնում այս նախագծին:

Ինչո՞ւ տեքստի ամբողջական տարբերակը չի քննարկվել խորհրդի հետ: «Եթե գնանք կոնսենսուսի ճանապարհով, երբեք ոչ մի տեղ չենք հասնի»,- ահա նախարարի պատասխանը: Կոնսենսուս պետք չէ, յուրայիններով է պետք առաջ գնալ՝ ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ բան: Ու յուրայիններով որոշում են նաեւ դատավորների ճակատագիրը, որոնք արդեն 60-70 տոկոսով Նիկոլի նշանակած մարդիկ են: «Այսօր դատական իշխանությունը կտրված է ժողովրդից»,- ասում է նախարար Գալյանը եւ փրկության բանաձեւ առաջարկում` ԲԴԽ բոլոր 10 անդամները նշանակվեն «Ազգային ժողովի ֆիլտրով»: Ազգային ժողով ասվածն էլ քաղաքական մեծամասնությունն է, այսինքն՝ ՔՊ-ն: Այսինքն՝ որպեսզի դատարանն իսկապես «ժողովրդական» դառնա, այն պետք է ամբողջությամբ խոթել իշխող քաղաքական մեծամասնության կոճակ սեղմողների քվեարկության մեխանիզմի մեջ: Ըստ Գալյանի, սա կապահովի օրգանական կապը ժողովրդի հետ: Ինչո՞ւ խորհուրդը չի քննարկել նոր սահմանադրության նախաբանը, դա անկյունաքարային փոփոխություն է: «Ինձ համար նախաբանն իրավական տեսանկյունից ամենանվազ նշանակություն ունեցողն է»,- ասում է իրավաբան նախարարը՝ վստահեցնելով, որ իրավական դրույթները սկսվում են առաջին հոդվածից, ու էլի մի շարք սենսացիոն հայտարարություններ է անում:

«Ցանկանում էինք՝ մենք հրապարակենք, որ հերթական անգամ սենսացիոն արտահոսքի տակ մեղադրանքներ չհնչեն», «ինչը չենք ուզել, չենք ուղարկել խորհուրդ»: Գործադիր իշխանության ներկայացուցիչը սրանով խոստովանում է, որ սահմանադրության նման հիմնարար փաստաթուղթը խմբագրվել է զուտ անձնական կամ գերատեսչական «ցանկությունների» մակարդակով՝ խորհրդակցական մարմնից թաքցնելով այն ամենը, ինչը կարող է ավելորդ աղմուկ կամ դիմադրություն առաջացնել: Իսկ որպեսզի այդ նույն խորհրդի անդամները հանկարծ չմոռանան իրենց տեղը, Գալյանը նրանց՝ ՄԻՊ-ին, Վճռաբեկ դատարանի, ԲԴԽ, կուսակցությունների ներկայացուցիչներին, Սաքունցին, Իոաննիսյանին, բոլորին հիշեցնում է իրենց տեղը՝ խորհուրդը ստեղծվել է վարչապետի որոշմամբ ու «ցանկացած պահի կարող է նաեւ լուծարվել»:

Փաստաբան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը կարծում է, որ նման ձեւով հարցերի մեծ մասին պատասխանելը պետական պաշտոնատար անձին անհարիր վարքագիծ է. «Բայց հենց դա էլ ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսքը»: Ըստ Արամ Օրբելյանի՝ առաջնային նպատակն Ալիեւի պահանջը կատարելն է, եւ նա չի ցանկանում քննարկել անգամ սահմանադրության բովանդակությունը, քանի որ սահմանադրությունը փոխելու նախադրյալ, անհրաժեշտություն, պահանջ չի տեսնում: «Եթե նախադրյալ չկա, ի՞նչ են ավելացնում, ի՞նչ են պակասեցնում, ում համար ինչն է կարեւոր կամ երկրորդական՝ առաջին հոդվածը, թե նախաբանը, կարեւոր չէ: Տեքստը միանշանակ խայտառակություն է, եւ ես կարող եմ հոդված առ հոդված ասել, թե որ մեկը որ քրեական կամ քաղաքացիական գործից է ծագել: Որտեղ պրոբլեմ են ունեցել, այդ հոդվածը փոխում են: Բոլոր փոփոխություններն էլ ինձ համար ընդունելի չեն, բայց խնդիրը դա չէ: Կարող են ունենալ վատ տեքստ, 6 ամիս աշխատեն վրան, խմբային փոփոխություններ անեն ու ի վերջո ունենան ինչ-որ բարելավված տեքստ, պարզ է, որ առանց նախաբանի եւ Անկախության հռչակագրի: Բայց արդյո՞ք մենք այսօր քաղաքական, քաղաքացիական, հանրային օրակարգում սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն ունենք, որի վրա հանրային ռեսուրս պետք է ծախսենք»:
Շատ ավելի լուրջ խնդիրներ կան՝ բյուջեի կատարողականը, կրթության վիճակը, որտեղ շատ վատ ցուցանիշներ են արձանագրվել, ենթակառուցվածքների խնդիրը, բյուջեում կապիտալ ներդրումների բոլոր ծրագրերը թերակատարված են, օդի որակ, արտադրություն, առողջապահության վիճակ, մահեր բանտերում, բանակում մահեր խաղաղ պայմաններում, հարկային վարչարարությունը, դատախազության կողմից իրագործվող պրոցեսը: «Բացում ենք դատախազության կայքը, վերջին 60 հրապարակումներից՝ էսօր եմ հաշվել, 38-ը վերաբերում է ինչ-որ գույքի բռնագանձման հարցերի: Եվ ոչ մի հայտարարություն չեք գտնի, որ դատախազության միջամտության արդյունքում մասնավորի գույքն է վերադարձվել: Այսինքն՝ օրակարգում լրջագույն խնդիրներ ունենք, որոնք քննարկելու փոխարեն ասում ենք՝ այ, սահմանադրության մեջ էսինչ, էսինչ հոդվածները վատն են: Սա կլիներ տրամաբանական, եթե լիներ կոնսենսուս փոփոխության մասին: Բայց մենք չենք կարող անընդհատ փոխել: Եվ երկրորդը՝ սահմանադրական ճգնաժամ, որը մեզ ստիպում է սահմանադրությունը վերանայել, չունենք: Կա Ալիեւի պահանջ: Բերեք, ասենք՝ եկեք նախաբանը հանենք, մարդիկ էլ կասեն, համաձայն են, թե չէ»:
Փաստաբան Հայկ Ալումյանը բավարարվեց մեկ նախադասությամբ. «Իրավաբանական բաղադրիչ չկա, ի՞նչը մեկնաբանեմ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախցիները շունչը պահած սպասում են

Արցախցիները շունչը պահած սպասում են Sat, 28 Nov 2026 11:30:20 +0400 Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա…

14 րոպե ago

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով Sat, 28 Nov 2026…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանը եւ Մոլդովան միատեսակ էքսպերիմենտներ են անում

«Հրապարակ»․ Հայաստանը եւ Մոլդովան միատեսակ էքսպերիմենտներ են անում Sat, 28 Nov 2026 11:15:22 +0400 Մոլդովայի…

29 րոպե ago

Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy

Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy Sat, 28 Nov…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել Sat, 28 Nov 2026 10:25:31 +0400 Խարբերդի մասնագիտացված…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան Sat, 28 Nov 2026 10:15:32 +0400 ԳՇ…

1 ժամ ago