Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն անհամեմատ ավելի էժան գնով կարելի է գնել
Sat, 28 Nov 2026 19:15:13 +0400
Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսը լսելուց հետո հասկացա, որ այսպիսի վարչապետով Հայաստանը չէր կարող Արցախը պահել, որ այսպիսի վարչապետով նա չէր կարող Գեղարքունիքում, Ջերմուկում ու Սյունիքում տարածքներ չկորցնել: Ու հարցն ամենեւին էլ նրա վարած քաղաքականության նկատմամբ իմ ունեցած վերապահ վերաբերմունքը չէ: Հարցն այն է, որ այս մարդն անգամ այսքանից հետո էլ չի հասկացել, որ Հայաստանի ընտրությունն այսօր ոչ թե Եռաբլուրը մեծացնել կամ չմեծացնելու, այլ երկրի փոքրանալն ընդունել կամ չընդունելու միջեւ է: Ու երբ ինքը, որպես Հայաստանի վարչապետ, Հայաստանին Եռաբլուրը մեծացնել կամ չմեծացնելու ընտրանքի առջեւ է կանգնեցնում, դրանով նրան ոչ թե խաղաղությանն է մոտեցնում, այլ նրա մոտ երկրի փոքրացմանը հարմարվելու հավելյալ մոտիվացիա է ձեւավորում:
Այնինչ, ինչպես Հայաստանում ձեւավորվող այսօրվա տրամադրությունները, այնպես էլ աշխարհում ընթացող գործընթացները բոլորովին այլ, ընդ որում՝ Հայաստանի համար նպաստավոր բաների մասին են վկայում: Հարցն այն է, որ այն խաղաղությունը, որն այսօր Ադրբեջանն է առաջարկում Հայաստանին, Հայաստանի համար անհավանական թանկ խաղաղություն է:
Իրականում, այն խաղաղությունը, որն Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին, այսօրվա ձեւավորված աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանից կարող է անհամեմատ ավելի էժան գնով գնել, եթե, իհարկե, երկրի ղեկավարը Հայաստանի ընտրանքը ոչ թե Եռաբլուրի մեծացնել կամ չմեծացնելը, այլ երկրի փոքրանալ կամ չփոքրանալը դարձնի:
Իհարկե, երկրի փոքրանալուն չհարմարվելը ո՛չ 2020 թվականի պատերազմի եւ ո՛չ էլ Արցախի կորստի համար Ադրբեջանի նկատմամբ ռեւանշիստական հավակնություններ դրսեւորել չի նշանակում: Այն, ինչ եղել է, արդեն եղել է, եւ դրան գոնե այսօր անդրադառնալը, թերեւս, քաղաքական մանկամտություն կլինի: Խոսքն ավելի շուտ այն մասին է, որ ինչքան Հայաստանում են լավ հասկանում, որ այսօր Ադրբեջանից գնվող խաղաղությունը Հայաստանի համար չի կարող 2020 թվականի պատերազմի եւ Արցախի հայաթափման համար Ադրբեջանի նկատմամբ ռեւանշի չգնալու գինը չունենալ, այնքան էլ Ադրբեջանում պետք է գիտակցեն, որ իրենք չեն կարող իրենց կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության գնի մեջ՝ 2020 թվականի պատերազմի եւ Արցախի հայաթափման համար ռեւանշի չգնալուց բացի, նաեւ Հայաստանից իրենց գրաված 200 քառակուսի կիլոմետր տարածքի չվերադարձնելը ներառել: Այս առումով, նրանք պետք է վստահ լինեն, որ ինչքան էլ Հայաստանն այսօր պարտված լինի, միեւնույն է, նա այդպիսի խաղաղությունը երբեք իրենցից այդ գնով չի գնի:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ