Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ
Sat, 28 Nov 2026 20:00:02 +0400
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 27-ին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ։ Խոսքը Բենգազիի նավահանգստում ռուսական ռազմանավին և բեռնանավին հասցված հարվածի մասին է։
Հռոմն ու Կիևը տարբեր կերպ են գնահատում հարվածը։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Լիբիայի ինքնիշխանությունը խախտելը սխալ էր։ Ուկրաինական կողմն իր գործողությունը հիմնավորել է ինքնապաշտպանության իրավունքով։ Մելոնին իր հերթին զգուշացրել էր Միջերկրական ծովում պատերազմի տարածման վտանգի մասին։
Հեռախոսազրույցից հետո Զելենսկին հայտնել է, որ Կիևը պատրաստ է ապահովել երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների ուղիղ ու կանոնավոր կապը և անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը։ Հռոմը ևս ընդգծել է, որ շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը՝ միաժամանակ ձգտելով կանխել պատերազմի տարածումը։