Ի՞նչ անելու եւ ինչպե՞ս անելու հարցերի շուրջ․ Աշոտ Հովսեփյան

Ի՞նչ անելու եւ ինչպե՞ս անելու հարցերի շուրջ․ Աշոտ Հովսեփյան

Sat, 28 Nov 2026 22:45:52 +0400


Մի քանի դիտարկում՝ քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ «Հրապարակային շաբաթ» հաղորդաշարի 15.11.2026թ. թողարկման ընթացքում լսածիս առնչությամբ

Իհարկե, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը բանիմաց, ավելին՝ բարձրակարգ մասնագետ է: Անկասկած հաճելի եւ ուսանելի է լսել նրա գրագետ խոսքը՝ անվիճելի փաստարկներով հիմնավորված, անձանձիր հետեւել իր կշռադատված վերլուծություններին: Բայց նա նույնպես, ինչպես տարբեր եթերներում հանդես եկող բազմաթիվ այլ մասնագետներն ու փորձագետները, թեպետեւ հիմնականում ճշգրիտ ախտորոշում է երկրում առկա քաղաքական, հասարակական, անգամ՝ սոցիալ-հոգեբանական դրությունը, մեկնաբանում տարբեր բարդ իրադարձությունները, նախանշում իրավիճակը շտկելու ելքերն ու դրանց ուղղությամբ անելիքները, թե ի վերջո ի՞նչ պիտի արվի անհույս թվացող էս վիճակից մեր երկիրն հանելու համար, բա՜յց…

Բայց, ինչպես եւ գրեթե բոլոր մյուս պարագաներում, նա նմանապես չի պարզաբանում, թե՝ ինչպե՞ս, իմա՝ ո՞նց պիտի անել էդ անելիքը (ներողություն՝ ակամա բառախաղի համար): Զորօրինակ, հանրության՝ ըստ առանձին սոցիալական խմբերի քաղաքականացման իր առաջարկն արդյոք կարո՞ղ է ենթադրել, ասենք, նոր կուսակցությունների հիմնում (հուսով եմ՝ որեւէ մեկը տարակույս չունի, որ մեղմ է ասելը, թե մեր կուսակցությունների քանակը չափազանց շատ է): Բայց, թերեւս, նման սոցիալական ուղղվածության մի կուսակցության անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա: Ու դա կարող է լինել թոշակառուների կուսակցությունը: Կարծում եմ՝ կարելի է դրա շուրջ շահագրգիռ քննարկումներ ծավալել, եւ հնարավորինս շուտ ձեռնարկել նման մի քայլ. հատկապես, որ մեր հանրության էդ «սեգմենտն» իրականում բավականին մեծ ռեսուրս է ներկայացնում իրենից եւ իր ներսում զգալի ներուժ է կրում, որը լավ կազմակերպելու դեպքում հնարավոր է շահեկան գործադրել՝ պայքարին ի պետս: Ինքս կուսակցական մարդ չլինելով ու նման հակումներից բացարձակ զերծ լինելով, երբեւէ որեւէ կուսակցության չանդամագրված, առավել եւս՝ որպես էդ առումով Գարեգին Նժդեհի ճշմարիտ բանաձեւման հավատավոր հետեւորդ, թե՝ կուսակցությունն ախտ է, որ պիտի վերանա, որ մնա Հայրենիքը, այդուհանդերձ, կարծում եմ, որ նման մի ձեռնարկում իրոք անհրաժեշտ է…

Ի՞նչ անելու եւ ինչպե՞ս անելու «դիլեման»: Միջընտրազանգվածային երկխոսության մասին հարգարժան Վահեի առաջարկը, որ նոր չէ (իր գրառումներում ու տարբեր ելույթներում հաճախ եմ հանդիպել) եւ իրոք բավականին գայթակղիչ է, բայց էլի՛ հարցը հանգում է ինչպե՞սին: Ո՞նց խոսել, ո՞ւմ հետ խոսել, ինչի՞ մասին խոսել հույլ ու հեղգ նիրհում դինջ ու անհաղորդ մրափած (թող կոպիտ չհնչի)՝ ուղեղաթափ ու ողնաշարազուրկ էդ զանգվածի հետ, երբ դրանց լսելիքի օրգանն անհուսորեն խցանված է: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գրառումներում շատ եմ հանդիպել, որ էդ զանգվածն այնքան էլ ստվար չէ: Չեմ վիճում, գուցե, բայց իմ աչքին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, դրանք շատ են երեւում, ու՝ ո՛չ միայն ցանցերում: Գոնե իմ շրջապատում հույլ ու հեղգ նիրհում անհաղորդ մրափած էդ անտարբերների մի ողջ «աստղաբույլ» կա, էլ չասեմ՝ աննահանջ մարտնչող տգետների եւ ուղեղաթափ ու ողնաշարազուրկ գոյանքների մասին, որոնց «շարքերում» նույնիսկ գիտական աստիճան ունեցող մերձավորներ ունեմ, որոնք իրենց կուռքի հանգույն՝ ինքզինքն անսխալական են համարում: Տառապանքս փորձ ունի, եւ ի դժբախտություն ինձ՝ իմ շրջապատում շատ են այդպիսիք, որոնք անգամ պնդում են դեռ, որ Արցախն, օրինակ, հանձնվել է հեռավոր 1991-ից սկսած՝ տարբեր տարիների, հանձնել են ռուսները, հանձնել են այլմոլորակայինները, ով ասես… Նույնիսկ չի օգնում հիմնավոր փաստարկված հակադարձումը, որ թուրքին հողատու իրենց կուռքն արդեն վաղուց «բացառիկ ազնվությամբ» խոստովանել է, որ «արցախյան» թոկը «մեր վզից» ինքն է հանել, փոխարենը՝ անթաքույց ձեռնամուխ է եղել մեր վզին թուրք-ազերիական այլազան իրական թոկերն ամուր փաթաթելու գործընթացի աննահանջ առաջմղմանը:

Ի՞նչ անելու եւ ինչպե՞ս անելու մյուս «դիլեման»: Իշխանազավթ կոլաբորանտների «Քանդենք Պետությունը» հանցավոր խմբակին՝ ՔՊ-ին ընտրող զանգվածի (ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի առաջարկած էս անվանումը ՔՊ-ի բուն էությունն ու բովանդակությունն ավելի քան համապարփակ ու ճշգրիտ է արտահայտում) կամ տարբեր պատճառներով ընտրություններին չմասնակցող քարացած գոյերի պարագայում առավել եւս պարզ չէ, թե ո՞նց դրանց դարձի բերել իրենց մոլորություններից (մեղմ ասած): Էդ առումով, հիշյալ զանգվածի հետ նույնպես երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտությունը չվիճարկելով հանդերձ, չեմ կիսում դրա իրական հնարավորությունների առնչությամբ հարգարժան Վահեի արտահայտած լավատեսությունը, եւ դժվարանում եմ հասկանալ՝ էդ առումով ինչ-որ տեղեկատվություն կամ հիմնավոր վերլուծություններ ունի՞ նա, թե՞ պարզապես իր պոզիտիվ համոզմունքներից սնվող լավատեսություն է: Այնպես որ, էս պարագայում նույնպես գրեթե բոլոր վերլուծաբանները հիմնականում ճիշտ են նշում, թե՝ ինչ անել, բայց ոչ մեկից դեռ չեմ լսել, թե ինչպե՞ս անել: Ի դեպ, ինչպես էս հարցադրմամբ, այնպես էլ այլ նկատառումներով (ի մասնավորի՝ 1988-ի շարժման առանձին դրվագների փորձի կիրառման հնարավորությունների քննարկման անհրաժեշտության առումով) դեռեւս տարիներ առաջ, եւ հատկապես՝ 2022-ի «Դիմադրության շարժման» օրերին, այլեւ՝ դրանից հետո էլ, 4 էջանոց գրությամբ ուղղակի կամ միջնորդավորված, դիմել եմ եւ՛ իրեն՝ Վահեին, եւ՛ ծանոթ ու անծանոթ այլ քաղաքագետների ու վերլուծաբանների, ընդդիմադիր գործիչների, գոնե ինձ համար պարզելու գործուն հնարները, թե ո՞նց «խոսել»՝ լսել չցանկացողների հետ, բայց հիմնականում պատասխան չեմ ստացել:

Ինչ վերաբերում է 2020-ից հետո տարբեր շարժումներին, ապա մի մեղսավոր զգացողություն ունեմ, որ ընդդիմությունը դրանք ո՛չ թե չհաջողեց բարենպաստ հանգրվանի հասցնել, այլ՝ չուզեց հաջողել, տարբեր պատճառներով: (Իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ նրանց մեղադրելու մտքից հեռու եմ, սակայն, ամենայն հարգանքով, կարծում եմ՝ ընդիմությունում որոշակի երկյուղներ, գուցե՝ հիմնավոր, ունեին դժվարին կացության հանձնառության, անբարեպատեհ իրավիճակից դուրս ելնելու պատասխանատվությունը ստանձնելու դժվարությունների առնչությամբ): Չգիտեմ, գուցե սխալվո՞ւմ եմ, բայց մի բանում ինտուիտիվ համոզված եմ, որ եղծապիղծ ու հավատազուրկ էս իշխանազավթ կոլաբորանտները, որոնք հիմնավոր սելեկցիոն մաղի միջով անցնելով են ընտրվել՝ պետության քանդման իրենց գործառույթն իրականացնելու համար (վկա՝ պատվարժան տիկնայք՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ այլք), ըստ այդմ՝ ամեն ինչ անում են կոնկրետ հանձնառությամբ ու հստակ նախանշված ուղեգծով էլ ընթանում են: Քանզի, ինչպես Կարինե Նալչաջյանն է դիպուկ բնորոշում, էս հավատազուրկ պատուհասները էթնիկ մուտանտներ են: Եվ, ըստ իս, մեծ մոլորություն է, թե դրանք իրենց էդ հանձնառություններն իրականացնում են, որ իբր թե իշխանությունը պահեն, այլ ավելի հավանական է, որ ամեն գնով իշխանությունը պահում են, որ էդ հանձնառությունները լիուլի իրականացնեն եւ ավարտին հասցնեն:

Ըստ այդմ, բնականաբար, դրանց համար ակտուալ է՝ «Չի լինի Հայաստան, չի լինի դատաստան, չեն տա պատասխան» բանաձեւը: Եվ ըստ էության դրանով է պայմանավորված նաեւ էս համընդհանուր, համապարփակ մոռացումի պարտադրանքը, երբ փորձ է արվում՝ ջնջել մեր հիշողությունը, ի պետս ինչի էլ որոշվել է վերանայել ամբողջ հայոց պատմությունը եւ աշխարհագրությունը, հայտարարվում է, թե պատմական Հայաստանը մեր թշնամին է եւ անասելի խոչընդոտում է մեր զարգացմանը: Ու դա՝ էն պարագայում, երբ դարավոր նենգ ոսոխը մեր հաշվին իր համար հորինում է չեղած-չունեցած պատմություն, մեր Հայրենյաց հողերին հավակնում, իսկ մեզ պարտադրվում է հիմնովին վերանայել դարավոր մեր պատմությունը, վերաձեւել աշխարհագրությունը: Երեւի թե դրա համար է, որ անսքող անպատկառությամբ է պատմական Հայաստանը թշնամի հայտարարվում, բիբլիական Արարատն օտար սար համարվում, զուգընթաց՝ իբր թե միամիտ զարմանքով, բայց հետեւողականորեն սերմանվում էն թյուր մտայնությունը, թե զինանշանի վրա ի՞նչ գործ ունի առյուծը, որը մեր լեռնաշխարհում վաղուց գոյություն չունի, այդպիսով՝ նաեւ զինանշանից Արարատի պատկերի բացառումը անոնսելով, դե իսկ արծիվն էլ քաջաբար բնորոշվում է ցարական-կայսերական մնացուկ, նույնպիսի հետեւողականությամբ հակառուսականությունը տարփողվում՝ իբր հայրենասիրության բարձրակետ: Չէ՞ որ առանց հիշողության ապագա չկա, որը լավ են սերտել մեր թշնամիք ու դրանց դրածոները մեր երկրում:

Այնպես որ, վաղուց արդեն խաբուսիկ չէ տպավորությունը (սկզբում կար նման խաբուսիկ տպավորություն), ավելին՝ ամենեւին էլ մեծ գաղտնիք չէ այլեւս, եւ ի խորոց սրտի, որ ներկայումս Հայաստանում իբր կառավարող, իսկ իրապես դրսից ուղղակիորեն կառավարվող օտարաճորտերի եւ օտարահարճերի ոհմակը հանդես է գալիս որպես հիրավի համահավաք ու միաձույլ ավերակող ուժ: Եվ ուրեմն՝ միանգամայն պարզորոշ է, որ «ուժ» կոչված օտարահպատակների էդ կործանիչ ոհմակի գոյանքներն իրենց առջեւ հստակ դրված խնդիրներ ունեն, որ անչափ ակնհայտ է. հիմնահատակ ավերակել Հայաստան աշխարհը՝ կործանարար հարվածներ հասցնելով հայ ազգին եւ հայ հասարակությանը՝ ընդհանրապես, իսկ զտարյուն հայ մարդուն՝ անհատապես, որպեսզի երկար ժամանակ մենք ուշքի չգանք, այդպիսով նաեւ մեզ ու մեր երկրի զարգացումն առնվազն 150 տարի ետ շպրտելով, է՛լ չեմ ասում՝ իսպառ վերացման իրական վտանգների եւ օդում թեւածող սպառնալիքների մասին: Ու ցավալիորեն ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հրովարտակել էր օտոմանյան արյունարբու սուլթանը՝ «Ջնջել Հայաստան, ջնջել հայ անուն», որը թեւածում էր Հայաստան աշխարհում դեռ 19-րդ դարի կեսերից, իսկ դարավերջին մասնակի գործադրմամբ՝ 20-րդ դարի սկզբում հասավ իր բարձրակետին, ու դեռեւս հարատեւում է մինչ օրս, վկա՝ հնամենի Արցախ աշխարհի էթնիկ զտումն արդեն 21-րդ դարում: Ու ներկայումս էլ աներկբայորեն դեռ չենք ձերբազատվել դարավոր նենգ ոսոխի կողմից մեր գլխին դամոկլյան սրի ճոճումների հեռանկարից, որ նմանապես որոշակիորեն գործադրման ակներեւ դրսեւորումներ ունի՝ ձեռամբ էդ նույն ոսոխի եւ ամենայն աջակցությամբ հայու տականքի:

Եվ ա՛րդ, եղծապիղծ ու հավատազուրկ պատուհասների եւ «թավշյա» իշխանազավթների էս անարգ ոհմակը, ասես օտոմանյան սուլթանի ժառանգները լինեն (թերեւս այդպես էլ կա՛ թուրքից ավելի վտանգավոր թուքանման հայերի պարագայում), որ սուլթանական թշնամական «հրամայականի» նորովի գործադրման շրջանակներում՝ հենց 2018-ից ի վեր (գուցե՝ դրանից էլ դեռ տասնամյակներ առաջ սկսած) թշնամաբար են գործում մեր երկրում՝ շարունակելով աննախադեպ ջանադիր ու եռանդուն իրականացնել իրենց օտար տերերից ժառանգած՝ «Ջնջել Հայաստան, ջնջել հայ անուն» հանձնառությունը: Հիշում ենք, չէ՞, ավելի քան հարյուրամյա վաղեմության եղերական անցյալի եղելությունները: Նաեւ ականատեսն ենք, չէ՞, ներկայիս խիստ աննպաստ իրադարձությունների: Ու դարձյալ՝ դարավոր նենգ ոսոխի ձեռամբ ու հայու տականքի աննախադեպ աջակցությամբ…

Վերջում՝ եւս մի դիտարկում: Մեր ձախողումների պատճառներից մեկն էլ շատերիս մոտ «էս երկիր» ասելու «գայթակղությունն» է, ըստ իս՝ ենթագիտակցական մակարդակում: Եվ ամենեւին էլ դա մանրուք չէ: Որովհետեւ, քանի դեռ մենք մեր ԵՐԿԻՐԸ համարում ենք «էս երկիր», ուրեմն, ասել կուզի, չենք ընկալում որպես մերը: Դա կարող է նշանակել, որ մենք ԵՐԿԻՐ չունենք: Հավանաբար: Կամ` նման մի բան: Ասենք, օրինակ, չենք ուզում ԵՐԿԻՐ ունենալ: Այսպիսով, ԵՐԿԻՐ չեն ունենում, երբ ԵՐԿԻՐ ունենալու ձգտումը «համառորեն» բացակայում է: Դա արդեն հաստա՛տ: Ես այդպես եմ կարծում, ու չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք «զլանում» ասել՝ «մեր երկիր» (իր ժամանակին անգամ ժողովրդական տրիբունի «տիտղոս վաստակած» Արշակ Սադոյանն էր ասում՝ «էս երկիրը», «էս ժողովուրդը»): Այլապես, ստացվում է, որ մենք էլ, որպես ԵՐԿԻՐ ունենալու ձգտում չունեցողներ (համարյա) կարող ենք ձեռք քաշել սեփական պետություն կառուցելու եւ անկախ պետականություն ունենալու հեռանկարի հույսից: Ու ոնց որ թե, ի խորոց սրտի, կարծես էդ ուղղությամբ էլ ընթանում ենք: Ու թվում է, թե անհագուրդ ձգտում ենք, որ մեր դաշտը բերք չտա: Որովհետեւ պատված է մոլախոտերով, որոնք չենք քաղհանում: Մինչդեռ, եթե ուզում ես դաշտդ բերք տա, պիտի քաղհանես մոլախոտերը: Չքաղհանես` բերք չե՛ս ստանա: Բերքի երես չե՛ս տեսնի: Բերք չե՛ս ունենա: Այնպես որ՝ պի՛տ քաղհանես: Անպայման պի՛տ քաղհանես: Պարտավոր ես քաղհանել…

Եվ ուրեմն, տեղին է հիշատակել հնդկական իմաստությունը. «Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց»: Այսինքն, այնքան խելացի պիտի լինենք, որ գաղափարին հետամուտ լինենք, ու ո՛չ թե բացահայտ ու բացարձակ անարժան մարդկանց ու տարատեսակ անարժեք իրադարձությունների սին ու անպտուղ քննարկումները համարենք առաջնահերթություն:

Ուստի, իրենց վերագրվող ու զուր տարփողվող՝ ինչ-որ քաղաքական, անգամ՝ բարոյական «մեծ» կապիտալի մասին բարբաջող եղկելի կերպարներին, որոնց համահավաք ողջ արժեքը, ինչպես ասում են՝ մի հոտած հավկիթ էլ չարժե, նույն թվում՝ ստի ու կեղծիքի համաշխարհային ռեկորդակրի եւ խաբեության օլիմպիական չեմպիոնի անձին ու մանիպուլյացիաներին, այլեւ իրենց պարագլխին հլու կամակատար՝ դատարկ ուսապարկերին ու դրանց ջերմեռանդ «առկայծումներին» ու փրփուր ի բերան ճամարտակումներին այսուհետ անդրադառնալն այլեւս անթույլատրելի շռայլություն դիտելով եւ, հատկապես, ներկա փուլում զերծ մնալով ալիեւյան սահմանադրության քննարկումների կեղծ օրակարգին տրվելու գայթակղություններից, երբ Անկախության հռչակագրի հանելը խայծ է նաեւ՝ այլ վտանգավոր ականները քողարկելու նպատակով, անհրաժեշտ է լիովին ու ամբողջովին կենտրոնանալ չարիքի իշխանությանը (ինչպես իրավացիորեն բնորոշել է Բագրատ Սրբազանը՝ հայակործան պատուհասներին) հեռացնելու գործուն միջոցների ձեռնարկման վրա, եւ է՛լ առավել՝ հիմնավորապես նախանշել էդ իշխանազավթ կոլաբորանտներից մեր երկիրը բարով-խերով ազատագրելուց հետո ակնկալելի փոփոխություներին միտված իրական ու հայկական անհետաձգելի օրակարգերը՝ իրապես հայանպաստ տեսլականով, նախ ձեւակերպելով դրանց ձեւավորման համար անհրաժեշտ հայեցակարգային մոտեցումները՝ մեր երկրի Մեծ Վերածննդին ի պետս:

Աշոտ Հովսեփյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

10 րոպե ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

25 րոպե ago

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են Sat, 28 Nov 2026 22:30:09 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

55 րոպե ago

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Sat, 28 Nov 2026 22:23:21…

1 ժամ ago

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը Sat, 28 Nov…

1 ժամ ago

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Sat, 28 Nov 2026 22:00:07…

1 ժամ ago