Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը
Sat, 28 Feb 2026 21:45:35 +0400

Ամերիկահայ հայտնի նկարիչ Մայքլ Արամը ստեղծում է կենցաղային հիասքանչ առարկաներ` ձեռքի աշխատանքը համադրելով նրբագեղության հետ։ Նա իր ճանապարհը սկսել է Հնդկաստան զբոսաշրջային այցելությամբ եւ համեստ մեկնարկային կապիտալով։ Այսօր արդեն գլոբալ ապրանքանիշի ստեղծող է, որը միավորում է հարյուրավոր վարպետների։ Ծնվել է 1963 թվականին, ամերիկյան Պրովիդենսում՝ հայկական ավանդապահ ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Կերպարվեստ է ուսանել Ֆլորենցիայում, ապա, վերադառնալով ԱՄՆ, շարունակել է ուսումնառությունը Նյու Յորքում։ Կարիերան սկսել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի խմբագրությունում՝ որպես գրքերի եւ պաստառների դիզայներ։ 1989-ին տուրիստական այցելությամբ մեկնել է Հնդկաստան, որն էլ նրա համար շրջադարձային է դարձել։ Հին Դելլիում նա բացահայտել է մետաղամշակման արհեստը, տարվել արհեստավորների աշխատանքով, յուրացրել այդ արհեստի բոլոր նրբությունները։ Այստեղ էլ ծանոթացել է վարպետ Մոհամեդ Իդրիսի հետ։ Միասին ստեղծել են առաջին աշխատանքը` դեկորատիվ բռնակով կոշիկի եղջյուր։
Հետագա տասնամյակներին այն դարձել է մասշտաբային բիզնես՝ համաշխարհային հռչակով։ Մայքլ Արամն իրեն անվանում է պատահական բիզնեսմեն, քանի որ նախնական կապիտալը, որով սկսել է բիզնեսը, կազմել է ընդամենը 2 հազար ամերիկյան դոլար։ Հարավային Դելիի նրա արհեստանոցում այսօր աշխատում է ավելի քան 200 արհեստավոր, որոնք կյանքի են կոչում նկարչի ամենաբարդ մտահղացումները, իսկ նա ապրում է երկու երկրում միաժամանակ՝ տարվա մի մասն անցկացնելով Հնդկաստանում։ Իր գլխավոր ձեռքբերումը Մայքլ Արամը համարում է բարձր արվեստի եւ նյութական արհեստի միջեւ ամուր կամրջի ստեղծումը։ Նրա բրենդի փիլիսոփայությունը` մարդը պետք է ապրի գեղեցիկ միջավայրում, իսկ տան յուրաքանչյուր առարկա իր մեջ հուզական լիցք պետք է պարունակի։ Նրա համար կարեւոր է, որ պահպանվի ձեռքի աշխատանքի հետքը, քանի որ աշխատանքի եզակիությունը հենց դրանում է։ Նա է 2016-ին՝ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ժամանակ պատրաստել հայտնի նվեր «Նոյան տապանը», որն իրենից ներկայացնում է սիմվոլիզմի եւ վարպետության զուգորդում, խաղաղության եւ հույսի խորհրդանիշ։ Իսկ ներշնչանքն իր արհեստի եւ արվեստի համար՝ հայազգի նշանավոր նկարիչը վերցնում է բնությունից։ Այսօր արդեն «Մայքլ Արամ» ապրանքանիշի գործերը ներկայացված են աշխարհի ավելի քան 600 հայտնի խանութներում, եւ ամեն գործ, որ ստեղծված է նրա կողմից, անկրկնելի է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր