«Հրապարակ»․ Գանձաքարում միլիարդների ներդրում չի արվել, վարչապետն էլ նման լիազորություն չունի
Tue, 03 Mar 2026 09:45:46 +0400

Համացանցում մեծ արձագանք է գտել մարտի 1-ի այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Գանձաքարի բնակիչ, նախկին զինծառայող Անդրանիկ Դովլաթբեկյանն Իջեւանում մոտենում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու դժգոհում, որ «լենինականցի» Արմինե Հարությունյանը, որը, նրա խոսքերով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ընտանիքում է մեծացել, նշանակվել է Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն։ Դովլաթբեկյանը դժգոհում է, որ «կողքից մեկին» նշանակել են մանկապարտեզի տնօրեն, մինչդեռ իր աղջիկը 13 տարի աշխատում է այդ մանկապարտեզում, սիրված է կոլեկտիվի կողմից, սիրում է իր աշխատանքը, սկայն չի նշանակվում։ Թվում է, թե Փաշինյանը պետք է զայրանար, որ մարզպետը չարաշահում է իր դիրքը, բայց վրդովվում է իրեն մոտեցած քաղաքացու ասածից. «Ի՞նչ է նշանակում՝ կողքից մեկին, կարող ա՞ մանկապարտեզը սեփականություն ա»։ Դովլաթբեկյանը վարչապետին խնդրում է «հարցին լուծում տալ»։ Եվ վարչապետը որոշում է «լուծում տալ»` արգելել նրա դստերն այդ պաշտոնին նշանակել: Մինչդեռ, եթե օրենքն արգելում է նրան միջամտել այդ պաշտոնի նշանակմանը, նույն խստությամբ արգելում է նաեւ «նշանակմանն արգելելը»:
Իսկ խնդրի նախապատմությունը հետեւյալն է․ Իջեւանի համայնքապետարանից տեղեկացանք, որ Գանձաքարի մանկապարտեզի տնօրենը կենսաթոշակառու է եղել։ Երեւանից ստուգումներ են եկել, արձանագրել այդ փաստը։ Համայնքապետարանը կենսաթոշակառու տնօրենին պատվով, շնորհակալագրով տուն է ուղարկել, որից հետո մանկապարտեզի փոխտնօրեն Ալլա Դովլաթբեկյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Համայնքապետարանը, սահմանված կարգով, մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է 2 թեկնածու՝ Ալլա Դովլաթբեկյանը եւ Արմինե Հարությունյանը` մարզպետի «մարդը»։ Փետրվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում երկու թեկնածուն էլ հավասար միավորներ են ստացել, երկուսն էլ ճանաչվել են հաղթող: Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պետք է նրանցից մեկին նշանակեր մանկապարտեզի տնօրեն, եւ փետրվարի 27-ին Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն Արմինե Հարությունյանին նշանակել է Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն։ Համայնքապետարանից հայտնեցին, որ մրցույթի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Ի դեպ, Արմինե Հարությունյանը Գանձաքարի միջնակարգ դպրոցում 5 դասաժամ շախմատ է դասավանդում։ Գանձաքարի դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանը հայտնեց, որ օրենքը մանկապարտեզի տնօրենին, ինչպես նաեւ իրեն՝ դպրոցի տնօրենին, թույլ է տալիս տնօրենի աշխատանքին զուգահեռ 8 դասաժամ պարապել, Արմինեն կորոշի՝ համատեղությամբ շախմատ դասավանդե՞լ, թե՞ ոչ։ Իսկ Անդրանիկ Դովլաթբեկյանը, մտածելով, որ իրենց մարզ եկած Փաշինյանը կհասկանա, որ անարդար բան է կատարվել, եւ իր աղջկան կաջակցի, որ նշանակեն տնօրեն, միամտաբար նրան է մոտեցել իր խնդրանքով` չպատկերացնելով, որ նման արձագանք կլինի:
Վարչապետի սպառնալիքը նա վատ ընդունեց եւ ինքն էլ նրան սպառնաց. «Գանձաքարում «լավ» կլի ձեր ընտրությունը»։ Փաշինյանը զայրացավ, թե Գանձաքարում 2 միլիարդ դրամով դպրոցի շենք են կառուցել, «տասնյակ միլիարդների» ներդրումներ արել։ Իբրեւ թե օրենքի տառը պահող եւ միջնորդություններով պաշտոնների նշանակելուն դեմ Փաշինյանը չհիշեց քիչ առաջ ասած իր այն խոսքերը, թե մանկապարտեզի տնօրեն նշանակելն իր գործը չէ` համայնքի ենթակայության խնդիր է, եւ ինքնատիրապետումը կորցրած՝ հայտարարեց․ «Արգելում եմ, հանկարծ չլսեմ, որ նշանակեցիք։ Ասում եմ՝ չլսեմ, չիմանամ, որեւէ պարագայում արգելում եմ, էս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Էս վարչապետի հարց չէ, ռազ որ հասավ էդտեղ, արգելելու եմ, դե վերջ»։ Ապա հավելեց․ «Գանձաքարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում ենք արել, էդ ամենի արդյունքում Գանձաքարում վատ պտի լինի` թող վատ լինի, գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատ ըլնի»։
Իսկ Գանձաքարի դպրոցի շինարարության մասին նշելն ամենեւին Նիկոլ Փաշինյանի օգտին չէ` այդ դպրոցի շինարարությունը կարելի է համարել «հեղափոխական իշխանության» եւ «նախկին թալանչիների» համագործակցության վառ դրսեւորում։ Շինարարությունն իրականացրել է Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թ․ ամռանը, սակայն 1,5 տարի ուշացել է։ 2021թ․ սեպտեմբերից, ավելի քան 3 տարի, Գանձաքարի միջնակարգ դպրոցի 465 աշակերտի դասերը կազմակերպվել են գյուղի մշակույթի տանը եւ փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձի պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարել է 150 հազար դրամ։ Փաշինյանը 8 տարի է՝ վարչապետ է, սակայն «վերջին տասնյակ տարիների ներդրումների մասին» է ասել։ Գանձաքարում տասնյակ միլիարդավոր դրամների ներդրում չի կատարվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր