Անձի երկվություն
Fri, 06 Mar 2026 09:00:00 +0400

Կարելի է ողջ օրը ժողովրդավարությունից, լեգիտիմությունից, արդար ընտրություններից խոսել, հետո բարձր ամբիոններից հայտարարել, թե այս կամ այն ուժը չի լինելու հաջորդ խորհրդարանում: Եթե ժողովուրդն է իր քվեով որոշելու, թե ով է լինելու խորհրդարանում, ի՞նչ իրավունքով ես նման բան հայտարարում եւ ընտրություններից երեք ամիս առաջ ինչ-որ ուժերի հասցեին հակաքարոզչություն անում: Կարելի է ազատ խոսքից ու ժողովրդավարությունից խոսել եւ խորհրդարանում ի լուր աշխարհի առաջարկել, թե եկեք արգելենք լրագրողներին՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ բան հրապարակելը, իսկ պաշտպանության նախարարն էլ հավանություն տա, թե, այո, եկեք նման օրինագիծ ընդունենք: Կարելի է հայտարարել, որ կայուն խաղաղություն է հաստատվել Հայաստանում, որ մեկուկես տարի սահմաններին կրակոց չկա, բանակում ոչ մի զոհ չունենք թշնամու կրակոցից, բայց պարզվի, որ այս ընթացքում թշնամին թաքուն առաջ է եկել մեր տարածքում, նոր դիրքեր գրավել, ամրաշինական աշխատանքներ իրականացրել: Եվ երբ այդ մասին ապացույցներով, քարտեզներով հրապարակեն, հայտարարել, որ դա սուտ է, եւ վերջ: Հույսը միամիտ մարդկանց հավատի վրա է․ ով հավատաց՝ հավատաց: Կարելի է մի կողմից խոսել, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա, մյուս կողմից հայտարարել` «երբ հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից, դարձանք պետություն»: Կարելի է հայտարարել, թե ինստիտուցիոնալ պետություն ենք, բոլոր ինստիտուտներն աշխատում են, հետո ասել` «կառավարությունը ես եմ»: Ասում են` հարեւան երկրում սուգ է, պատերազմ է, սիրուն չէ, որ «պեռաշկի» եք ուտում, թմբուկ զարկում, 2 օր ուշ ցավակցում, ասում է` իսկ դուք ինչո՞ւ չեք հացադուլ հայտարարում, մոխիր լցնում ձեր գլխին, քուրձ հագնում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր