Օձնեցի Պոստու «Հառաչանքը»
Sat, 07 Mar 2026 20:15:06 +0400

Մտքովս չէր անցնի, որ ոչ թե Լոռու խոր ձորերում, այլ Վանաձոր–Ալավերդի երթուղու հնամաշ «մարշրուտկայում» մի նոր «Հառաչանք» կլսեմ՝ արարված գրեթե թումանյանական շնչով։ Մայրաքաղաքի՝ Էջմիածին տանող խճուղու հարևանությամբ գտնվող ավտոկայանում ուզում էի Վանաձոր ուղևորվող մեքենայի տոմս վերցնել։ Տոմսավաճառը զարմացած նայեց ինձ՝ այնպիսի հայացքով, ասես մտքում հարցնում էր. «Տեսնես ո՞ր երկրից է սա լույս աշխարհ ընկել»։ Հետո բացատրեց՝ արդեն 2 տարի է Վանաձորի գիծը փակ է` մեքենա չկա։ Այ քեզ բան…Հանրապետության երրորդ քաղաքը կտրե՞լ են մայրաքաղաքից։ Մինչ կհասցնեի զարմանքս արտահայտել, տիկինն առաջարկեց օգտվել Երևան–Ալավերդի երթուղուց։
-Վերցրու, ուրիշ ճար չունես, զրուցելով ճամփան կկրճատենք,— թիկունքից լսեցի մի անծանոթ ձայն։ Շրջվեցի։ Մոտ 55 տարեկան, բեղ-մորուքով մարդ էր։ Տեղավորվեցինք հնամաշ «Գազել»-ում։ Չորս մարդու համար նախատեսված վերջին նստարանները երկուսով զբաղեցրինք։ «Գազելը» շարժվեց։ Մի քանի րոպե անց ընկերս, որ զրույցով ճանապարհը կարճացնելու հույս էր ներշնչել, արդեն նիրհում էր։ Բայց, ինչպես հետո պարզվեց, նրան վիճակված չէր երկար քնել։ Լցակայանում վարորդը կանգնեցրեց մեքենան ու հրահանգեց բոլորին իջնել՝ մինչև լիցքավորումը ավարտվի, սպասել անվտանգ գոտում։ Դա ակնհայտորեն զայրացրեց իմ նիրհող հարևանին:
– Էս ի՞նչ կարգ է,-փնթփնթաց նա,- ինչո՞ւ երթուղի դուրս գալուց առաջ մեքենան չեն լիցքավորում։
Հարցն, իհարկե, անպատասխան մնաց։ Բայց հարցը բացատրություն էր պահանջում։ Իրոք՝ ինչո՞ւ։ Նա մոտեցավ ինձ, վառիչ խնդրեց, ծխախոտ վառեց ու դժգոհ փնփնթաց. «Ոչ մի տեղ կարգուկանոն չկա, ախպեր։ Ուր գնում ես՝ մի պրոբլեմի մեջ ես ընկնում»։ Կատակով պատասխանեցի. «Ընկերս, շուտով համապետական ընտրություններ են։ Կգնանք ընտրատեղամասեր, միասնական ուժերով կընտրենք իմ ու քո սիրելի ՔՊ-ին, ու այս անգամ երկիրը շողուլի կբերեն»։ Զարմացած նայեց ինձ. «Նիկոլի աղանդի՞ց ես… Տեղդ կփոխես»։ «Մի նեղանա, ընկեր,-շարունակեցի ես, – Գուցե շատ բան չեմ հասկանում։ Ուղղակի առանց զայրույթի բացատրիր, որ խելքի գամ։ Ինչո՞ւ չպիտի ընտրենք Նիկոլին։ Իշխանության ութ տարիներին ի՞նչ վատ բան է արել, որ…»: Մի պահ լուռ նայեց ինձ։ Թվում էր՝ խղճաց «անգետիս», ծխախոտից մի խոր մուխ քաշեց, ապա, խաղաղված, բացեց «փակագծերը»։ Մեջ եմ բերում` առանց խմբագրման։
-Դու լոռեցի ես, երևի տեսած կլինես` անտառի եզրերից մի քանի քայլ հեռու մեկուսի ծառեր կան։ Հզոր ծառեր են, լայն սաղարթով։ Գյուղի մարդիկ դրանց ասում են՝ «քամի սանձող» ծառեր։ Այդ ծառերը իսկական հերոսներ են։ Իրենց ողջ հասակով կանգնած են քամիների ու փոթորիկների դիմաց։ Առաջին շեշտակի հարվածներն իրենք են ընդունում իրենց վրա։ Կլանում են, շեղում քամու ուժը։ Այսպես ասած՝ սանձում են քամին ու ծանր հարվածներից պաշտպանում ամբողջ անտառը։ Այդ ծառերի ամբողջ ուշադրությունը դրսի կողմն է։ Նրանց ուժը ուղղված է օտար ափերից եկող վտանգների դեմ։ Ներսից վտանգ չեն զգում։ Վստահ են՝ իրենց շուրջը իրենցն է, ետևում՝ ազգակիցներն են։ Բայց քո Նիկոլն ու քո ՔՊ-ականները, ներսից են հարվածում իրենց պաշտպանին։ Թիկունքը պահելու փոխարեն մեջքն են ջարդում։ Խեղճ «քամի սանձող» ծառ… ո՞ր հարվածին դիմանա։ Ախպերս, աչքերդ բաց արա։ Միայն մի նայիր՝ տես։ Տես, թե ուր են հասցրել մեր երկիրը։ Ասում են՝ սահմաններին խաղաղություն է հաստատվել։ Բայց ես զինվորական եմ եղել, չե՞մ տեսնում, թե ինչքան տարածք ենք հանձնել թշնամուն։ Չեմ իմանո՞ւմ, որ ամեն օր թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս մեր սահմաններից ներս, նոր դիրքեր է գրավում, ամրանում բարձունքներում։ Մարդ որքան անմեղսունակ պիտի լինի, որ հայտարարի՝ ձյունապատ սարերը մեզ ինչի՞ են պետք։ Կամ թե՝ թուրքերը կսովեն ու մեր սարերից կհեռանան։ Չեն հեռանա։ Թուրքը Նիկոլի նման միամիտ չէ։ Ասենք՝ ինչո՞ւ միայն նրան մեղադրենք։ Միամիտը մենք ենք, որ չենք նկատում այս ամենը ու թույլ ենք տալիս, որ մեր պաշտպանունակությանը թիկունքից հարվածեն։ Կամ մեր Սուրբ Եկեղեցու դեմ արշավը։ Արշավը բարերարների դեմ, հայրենասերների դեմ, հասարակության տարբեր խավերի դեմ։ Քանդված տնտեսության, գոյություն չունեցող գյուղատնտեսության մասին էլ ի՞նչ ասեմ։ Մենք գյուղացի ենք։ Տեսնում եմ մեր Օձուն գյուղում, նաև Լոռու երկրորդ հարկի՝ Դեբեդի ձորից վեր սարահարթի գյուղերում՝ Ծաթեր, Այգեհատ, Մղարթ, Ամոջ, Կարմիր Աղեգի, Հագվի, Արևածագ և այլուր, գյուղատնտեսական հողերի մեծ մասը պարապուրդի մեջ է։ Կարծում եք` գյուղացին վարուցանքի հավես չունի՞։ Ոչ։ Պարզապես հող մշակելու հնար չունի։ Տեխնիկայից օգտվելը թանկ հաճույք է։ Պարարտանյութերը, թունաքիմիկատները, ոռոգման ջուրը տարեցտարի թանկանում են։ Կարկուտի դեպքում էլ հակակարկտային կայանները չգիտես ինչու ուշանում են գործել։ Եվ ընդամենը 10-15 րոպեում գյուղացին կարող է իր մշակած արտի փոխարեն տեսնել սևին տվող մթին տարածք։Ամեն ինչի ապահովագրություն կա, բայց գյուղատնտեսության վնասների փոխհատուցում կամ չկա, կամ այնքան փոքր է, որ գրեթե գոյություն չունի։
Ասա՝ ի՞նչ լավ բան կա մեր գյուղերում։ Ահա իմ գյուղը՝ Լոռու երկրորդ ամենամեծ գյուղը. 3 դպրոց ունեինք։ Մեկը՝ հատուկ նշանակության գիշերօթիկ դպրոցը, փակվեց, շենքը վաճառվեց։ Հիմա այնտեղ փայտ են սղոցում, վաճառում, չգիտես ինչ են անում։ Մյուս դպրոցը՝ նախկին 8-ամյա կրթություն տվողը, ասում են՝ շուտով կքանդեն։ Կողքին նոր դպրոց են կառուցում։ Չենք հասկանում՝ ինչո՞ւ։ Հին շենքը քարակերտ էր, ամուր էր։ Կարծում ենք՝ չեն էլ քանդի։ Վերջում կվաճառեն մի փողատերի։ Ասա՝ այս ամենը մեր ինքնությանը, մեր պաշտպանունակությանը, մեր առաջընթացին հարված չէ՞։Հարված է։ Եվ այն էլ՝ ներսից։ Դավաճանական հարված։ Կարծում ես մեր գյուղացիները այս ամենը չե՞ն տեսնում։ Այն, ինչ տեսնում է գյուղացին իր պարզ ու անմիջական էությամբ, քաղաքացուն մնում է միայն նախանձել։ Այդ պատճառով էլ մենք երբեք Նիկոլին ու իր թափառախմբին ձայն չենք տալու։ Ներսից մեզ հարվածողը, մեր ողնաշարին վնաս հասցնողը մեր մեջ տեղ չունի»։
Այսպես խոսելով էլ հասանք Վանաձոր։ Իջնելուց առաջ հարցրի նոր «Հառաչանքի» ծերունու անունը։ Անունն ասաց` մի սիրուն պատմություն էլ հետը, բայց չեմ ուզում ՔՊ-ի բերանը գցել այս իմաստուն մարդուն` սկսեն անհանգստացնել, նեղել` դեմն ընտրություն է: Ընտրություններից հետո հատուկ կհանդիպեմ ու մի սիրուն հարցազրույց կանեմ հետը: Նման մարդկանցով է մեր երկիրը հարուստ ու շեն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր