Ինչու ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ. տնտեսական տիրապետությունից դեպի ռազմական

Ինչու ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ. տնտեսական տիրապետությունից դեպի ռազմական

Sat, 07 Mar 2026 21:00:00 +0400


Շատերի մոտ կա այն թյուր տպավորությունը, թե Միացյալ Նահանգները պատերազմ սկսեց Իրանի դեմ Իսրայելի դրդմամբ. Իսրայելն Իրանի գոյության մեջ տեսնում է գոյութենաբանական վտանգ, Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը եւ եթե Իրանը տիրապետեր միջուկային զենքի, ապա այն կարող էր օգտագործել Իսրայելը ոչնչացնելու համար, մանավանդ որ այդ երկիրը բավական փոքր է, եւ մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկները բավարար կլինեին Իսրայել պետությունը կործանելու համար: Բայց եթե իրականում վտանգը լիներ Իրանի միջուկային տեխնոլոգիաներից, այդ հարցը կարելի կլիներ լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, Իրանը պատրաստ էր միջազգային հսկողության տակ դնել իր միջուկային օբյեկտները՝ իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման դիմաց: Մինչդեռ Միացյալ Նահանգներին պետք է Իրանի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, պետք է այնտեղ հաստատվի մարիոնետային իշխանություն, այդ երկրի տարածքում տեղակայվեն ամերիկյան բազաներ, երկիրը հայտնվի ամերիկյան տոտալ հսկողության տակ: Քանի որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքական ու հատկապես տնտեսական էլիտաները միասնական են, ունեն միասնական շահեր, նրանք ձգտում են պահպանել ամերիկյան համաշխարհային տիրապետությունը:
Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ում եկան եզրակացության, որ իրենց ռազմական հիմնական հակառակորդը` Խորհրդային Միությունը, ոչնչացված է, եւ այլեւս որեւէ երկիր չունի այն ռազմական եւ տնտեսական ներուժը, որ վտանգ ներկայացնի իրենց համաշխարհային գերիշխանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմնական ռազմական հակառակորդը ջախջախված է, հիմա աշխարհին կարելի է տիրել ավելի քաղաքակիրթ մեթոդներով, տնտեսական ազդեցությամբ: ԱՄՆ-ում համոզված էին, որ իրենց տնտեսական կշիռը եւ ազդեցությունը բավարար կլինեն համաշխարհային գերիշխանության համար, բանակը եւ զինված ուժերը մղվեցին երկրորդ պլան՝ ավելի երկրորդական խնդիրներ լուծելու համար: Ի՞նչ է նշանակում տնտեսական գերիշխանություն. դոլարի ազդեցություն՝ որպես համաշխարհային վճարամիջոցի, ամերիկյան տնտեսությունը, լինելով ամենամեծը, նաեւ ամենամրցունակն է, հետեւաբար, մյուս երկրները տնտեսական կախվածություն ունեն ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ն վերահսկողություն է հաստատում այդ երկրների տնտեսությունների եւ ֆինանսների նկատմամբ, որոշում նրանց տնտեսական եւ ֆինանսավարկային քաղաքականությունը՝ դրանք ծառայեցնելով իր շահերին: Ավելի պարզ ասած՝ աշխարհն ընկնում է ԱՄՆ-ից տնտեսական կախվածության մեջ, եւ այդ կախվածությունը բավարար է՝ նրանց վերահսկելու եւ կառավարելու համար:
Այդ վիճակը տեւեց ընդամենը 10-15 տարի, քանի որ 2000-ականների կեսերից Չինաստանի տնտեսությունը սկսեց թափ հավաքել եւ սպառնալ ամերիկյան տնտեսական գերիշխանությանը: Տարեցտարի Չինաստանի տնտեսությունը սկսեց ավելի մեծանալ, իսկ ամերիկյան տնտեսությունը, հակառակը՝ փոքրանալ: Բազմաթիվ երկրների համար Չինաստանը դարձավ հիմնական առեւտրատնտեսական գործընկեր, ավելի մեծ թվով երկրներ սկսեցին վարկեր վերցնել ոչ թե միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ Չինաստանից, ինչի արդյունքում առաջացավ ֆինանսական կախվածություն Չինաստանից: ԱՄՆ-ի կախվածությունից ազատվելու փորձ անող երկրները, ի դեմս Չինաստանի, տեսան այն բեւեռը, որի շուրջ հնարավոր է համախմբվել եւ պաշտպանվել ամերիկյան միակողմանի կախվածությունից: Չինաստանը՝ ինքը եւս դեմ էր՝ ստեղծելու մի այնպիսի համակարգ, որտեղ միավորված կլինեին ամերիկյան գերիշխանության դեմ պայքարող երկրները, դաշնակիցներով ավելի հեշտ կլիներ դիմակայել ԱՄՆ-ին: Արդյունքում ստեղծվեց Շանհայյան համագործակցության կազմակերպությունը՝ ԲՐԻԿՍ-ը:

ԱՄՆ-ն հետեւում էր այդ զարգացումներին եւ հասկանում, որ դրանք տանում են իր ազդեցության թուլացմանը, եւ որպես հետեւանք՝ կարող է կորցնել համաշխարհային առաջնորդությունը: Քանի որ տնտեսական մեխանիզմներով հնարավոր չեղավ ճնշել Չինաստանին, մաքսատուրքերը, տարբեր պատժամիջոցներն ընդամենը կարճաժամկետ ազդեցություն էին թողնում, բայց չէին լուծում հիմնական խնդիրը` Չինաստանի տնտեսական ազդեցության ոչնչացում, տնտեսության զարգացման սառեցում: Միացյալ Նահանգները որոշեց, որ քանի դեռ բանը բանից չի անցել, պետք է օգտագործել սեփական զինված ուժերը` բանակը, ռազմական գերիշխանություն հաստատելու համար:

Քանի դեռ Չինաստանը ռազմական առումով թույլ է կամ առնվազն բավարար համարձակություն չունի՝ պաշտպանելու իր դաշնակից երկրներին, ԱՄՆ-ն կարող է ռազմական գերիշխանություն հաստատել դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ: Առաջին հարվածը հասցվեց Վենեսուելային, որը Չինաստանի նավթի հիմնական մատակարարներից էր: Այդ երկրում հաստատվեց պրոամերիկյան իշխանություն, համենայնդեպս, նոր իշխանությունները գործում են Վաշինգտոնից իջեցված ցուցումով եւ չեն համարձակվում հակադրվել ԱՄՆ իշխանություններին` իրենց եւս կարող են առեւանգել եւ դատել ամերիկյան դատարաններում:

Հաջորդն Իրանն է, որը եւս Չինաստանի նավթի եւ այլ հանքահումքային նյութերի մատակարարն է: Չինաստանը դատապարտեց Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան, բայց չունի բավարար ռազմական ուժ եւ համարձակություն՝ Իրանի կողմից, ընդդեմ ԱՄՆ-ի, պատերազմի մեջ ներգրավվելու: Չինաստանը նույնիսկ բացահայտ ռազմական օժանդակություն չի տրամադրում Իրանին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրն «ալիբի» ունի` ինքն էլ է պատերազմի մեջ եւ, հետեւաբար, ռեսուրսների խնդիր ունի: Մյուս կողմից Ռուսաստանն աշխարհաքաղաքական բեւեռի հավակնություններ չունի, նա եւս թաքնվում է Չինաստանի ստվերի տակ, եւ հիմնական թիրախն էլ Չինաստանն է:

Իրանի դեմ պատերազմը հնարավորություն է՝ պատժելու մի շարք այլ երկրների եւս, որոնք փորձում էին ամերիկյան գերիշխանությանն այլընտրանք գտնել, դիվերսիֆիկացնել իրենց տնտեսական, քաղաքական եւ ռազմական կախվածությունն ԱՄՆ-ից: Իրանի հարվածներն Սաուդյան Արաբիայում գտնվող նավթի պահեստներին, Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող թիրախները այդ երկրներին հիշեցում են, որ իրենք եւս կարող են կորուստներ կրել եւ ամենեւին պաշտպանված չեն: Այս երկրները համարձակություն էին ունեցել միանալ ԲՐԻԿՍ-ին: Մի կողմից, նրանք պատժվում են որպես ԱՄՆ-ի սատելիտներ, Իրանը նրանց հարվածում է ԱՄՆ դաշնակից լինելու համար, այդ երկրներում ամերիկյան ներկայության համար, բայց, մյուս կողմից, այդ հարվածները ոչնչացնում են ԲՐԻԿՍ-ը. ինչո՞ւ է նույն ԲՐԻԿՍ-ի անդամ Իրանը հարվածում նրանց, ինչո՞ւ կազմակերպության մյուս անդամները չեն միջամտում կամ միջնորդում:

ԱՄՆ-ն վերադառնում է հին եւ փորձված մոդելին. եթե որեւէ տարածքի եւ երկրի նկատմամբ կա ռազմական վերահսկողություն, կա նաեւ տնտեսական վերահսկողություն եւ շահագործում, առանց դրա վերահսկողությունը կատարյալ չէ: ԱՄՆ-ն չսպասեց, մինչեւ իր թշնամիներն ուժ հավաքեն եւ հանդես գան միասնական ճակատով, նա նրանցից յուրաքանչյուրին փորձում է պատժել առանձին-առանձին: Կհաղթի այդ պատերազմներում` կպահպանի համաշխարհային հեգեմոնի դերը, կպարտվի` կկորցնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա

«Հրապարակ»․ Իրանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ռուս-ուկրաինական պատերազմի վրա Sat, 07 Mar 2026 11:45:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով