Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը

Գիտական ազատությունը, քաղաքական ճնշումները և ազգային հիշողության պահպանումը

Fri, 13 Mar 2026 00:09:03 +0400


Ափսոսանքով և խոր մտահոգությամբ հարկ է արձանագրել, որ ցեղասպանագետ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը, առանց աշխատանքային որևէ թերացման կամ մասնագիտական անհաջողության, քաղաքական որոշումների հետևանքով ստիպված եղավ «իր դիմումի համաձայն» հրաժարվել իր ղեկավարած հաստատության՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։

Այս պատմությունը դուրս է մեկ անձի կամ մեկ հաստատության շրջանակներից։ Այն վերաբերում է գիտական ազատությանը, պետական կառավարման մշակույթին և ազգային հիշողության քաղաքականացման լուրջ խնդիրներին։

Ավելին՝ վերջինս բացահայտում է նաև այն հակասությունը, որը կարող է առաջանալ, երբ գիտական հաստատությունները սկսում են ընկալվել ոչ թե որպես գիտության, այլ որպես քաղաքականության ենթակա կառույցներ։

Գիտնականը և պաշտոնյան՝ հակասությո՞ւն, թե՞ համատեղելիություն

Հայաստանի գիտական և մշակութային ոլորտում ներկա իշխանության օրոք նկատվում է մտահոգիչ միտում․ բազմաթիվ ոլորտային մասնագետներ, որոնք միաժամանակ զբաղեցնում են վարչական կամ պետական պաշտոններ, այդ հանգամանքով պայմանավորված, հաճախ հայտնվում են դժվարին ընտրության առաջ։

Մասնագիտական գործունեությունը ենթադրում է մտքի ազատություն, փաստերի անաչառ ուսումնասիրություն և գիտական ճշմարտության պաշտպանություն։ Սակայն վարչական պաշտոնը ենթադրում է նաև քաղաքական միջավայրի հետ հաշվարկված հարաբերություններ։

Երբ այս երկու դերերը բախվում են, առաջանում է վտանգավոր իրավիճակ, որտեղ գիտնականը ստիպված է ընտրություն կատարել․

կա՛մ պահպանել պաշտոնը և հարմարվել քաղաքական ակնկալիքներին,

կա՛մ մնալ գիտական անաչառության դիրքում՝ վտանգելով վարչական պաշտոնը։

Այս հակասությունը հատկապես ցավոտ է այն հաստատությունների համար, որոնք զբաղվում են ազգային հիշողության և պատմական արդարության հարցերով։ Այդպիսի հաստատություններից ամենակարևորներից մեկը, անտարակույս, հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին տարիների արդյունքները
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տարբեր ժամանակներում աշխատած մարդկանց վկայությամբ կարելի է ասել, որ վերջին երկու տարիները Էդիտա Գզոյանի ղեկավարությամբ թանգարան-ինստիտուտի պատմության մեջ ամենաարդյունավետ շրջաններից մեկն էին։

Այդ ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր ձեռքբերումներ․
1 միջազգային գիտական հանդեսներում հրապարակված հոդվածների աննախադեպ քանակ,
2 “International Journal of Armenian Genocide Studies” հանդեսի ընդգրկումը “Scopus” միջազգային գիտական շտեմարանում՝ դառնալով ոլորտում Հայաստանի միակ նման պարբերականը,
3 բազմաթիվ միջազգային գիտաժողովների և համատեղ ծրագրերի իրականացում,
4 սփյուռքահայ գիտնականների հետ համագործակցության զգալի ակտիվացում,
5 թանգարանի արդիականացման քայլեր, այդ թվում՝ բազմալեզու աուդիոգիդերի համակարգի ներդրում,
6 աշխատակիցների աշխատանքի գնահատման և խրախուսման առավել արդար մոտեցումներ։
Այս ձեռքբերումների ամբողջական ցանկը դժվար է ներկայացնել մեկ հոդվածի շրջանակում, սակայն դրանց ազդեցությունն ակնհայտ էր ինչպես գիտական համայնքի, այնպես էլ թանգարանի աշխատակիցների համար։
Հատկանշական է, որ տնօրենի պաշտոնում փոփոխությանը դեմ արտահայտված բողոքի նամակը ստորագրել էին թանգարան-ինստիտուտի բոլոր 74 աշխատակիցները։ Նման համախմբվածություն այդ կառույցում նախկինում գրեթե չի արձանագրվել։

Գիտական հանրության արձագանքը
Իրավիճակի լրջության մեկ այլ կարևոր ցուցիչ դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների հրաժարականը։ Խորհուրդը լքեցին արտասահմանյան ճանաչված գիտնականներ Ռայմունդ Գևորգյանը և Ստեփան Աստուրյանը, ինչպես նաև Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչներ Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը։

Այս մարդիկ չեն կարող դասվել որևէ քաղաքական ճամբարի կամ «ռևանշիստական» շրջանակների մեջ։ Նրանք ճանաչված և սկզբունքային գիտնականներ են, որոնց քայլը պետք է ընկալել որպես գիտական հանրության լուրջ ազդանշան, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը դուրս է սովորական վարչական որոշման շրջանակից։

Վենսի այցը Ծիծեռնակաբերդ և «սադրանքի» շինծու մեղադրանքը
Իրավիճակը վերջնականապես պարզ դարձավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր ճեպազրույցի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, հրապարակային կերպով հայտարարեց, որ Էդիտա Գզոյանի հրաժարականը եղել է իր ուղիղ ցուցումով։

Վարչապետի խոսքով՝ պատճառն այն էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում Էդիտա Գզոյանը նրան ներկայացրել է նաև Արցախի հիմնախնդրին առնչվող նյութեր և նվիրաբերել համապատասխան գրքեր։

Թանգարան-ինստիտուտի տնօրենը ԱՄՆ փոխնախագահին էր ներկայացրել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նիկոլ Փաշինյանն այդ գործողությունները գնահատել է որպես «սադրիչ» և Հայաստանի արտաքին քաղաքականությանը հակասող քայլ։

Սակայն այստեղ հիմնարար հարց է առաջանում, թե արդյո՞ք թանգարանային և գիտական հաստատության տնօրենը պարտավոր է իր մասնագիտական գործունեությունը ենթարկել ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության ընթացիկ հաշվարկներին։
Թանգարանների և գիտական կենտրոնների առաքելությունը նաև պատմության ներկայացումն է՝ փաստերի և գիտական հետազոտությունների հիման վրա։ Եթե պատմական թեմաների ներկայացումն սկսում է սահմանափակվել քաղաքական նկատառումներով, ապա վտանգի տակ է հայտնվում հենց գիտական գործունեության իմաստը։
Այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց՝ պետական արարողակարգի կազմակերպման պատասխանատվության վերաբերյալ։
Ըստ ընդունված պետական պրակտիկայի՝ օտարերկրյա բարձրաստիճան հյուրին, հատկապես եթե խոսքը վերաբերում է ազգային նշանակության հուշահամալիր նրա այցելությանը, պետք է ուղեկցի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա։
Այդպիսի այցելության ժամանակ նախ կատարվում է պաշտոնական արարողակարգը հուշահամալիրում, իսկ հետո թանգարանում կազմակերպվում է համապատասխան էքսկուրսիա։

Սակայն այս դեպքում արձանագրվել է մի ուշագրավ հանգամանք․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության արարողակարգային պատասխանատուները չեն ժամանել թանգարան, տնօրինության հետ չեն քննարկել այցի արարողակարգային նրբությունները և չեն տրամադրել որևէ ուղեցույց։

Այս պայմաններում տրամաբանական է, որ եթե պետական արարողակարգը պատշաճ չի կազմակերպվել, ապա միանգամայն անարդար է դրա պատասխանատվությունը դնել թանգարան-ինստիտուտի տնօրենի վրա։
Եթե պետական մարմինները չեն իրականացրել անհրաժեշտ համակարգումը, ապա կառավարության անգործության կամ կազմակերպչական բացթողումների համար պատասխանատու պետք չէ դառնար գիտական հաստատության և թանգարանի տնօրենը։

Պատմական հիշողության քաղաքականացման վտանգը
Այս պատմությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե գիտական հաստատության ղեկավարը կարող է ազատվել պաշտոնից միայն այն բանի համար, որ օտարերկրյա բարձրաստիճան հյուր պաշտոնյային է ներկայացրել պատմական, թեկուզ զգայուն թեմա, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարող են սահմանափակվել նաև այլ ոլորտների գործունեությունները։
Տեսականորեն կարող է առաջանալ իրավիճակ, երբ․
1 կասկածի տակ կդրվի «Արևմտյան Հայաստան» կամ «Արցախ» եզրույթների օգտագործումը,
2 կգրաքննվեն և կսահմանափակվեն այդ թեմաներով գիտական հետազոտություններն ու հրատարակությունները,
3 կխմբագրվեն Հայոց պատմության դասագրքերը և բուհական ծրագրերը,
4 կվերանայվեն նշված թեմաներով թանգարանային ցուցադրությունները։
Այս ամենը կարող է ներկայացվել որպես «արտաքին քաղաքականության պահանջ», սակայն իրականում դա կհանգեցնի ազգային հիշողության քաղաքական վերահսկողությանը` իր աղետալի հետևանքներով։

Ազգային հիշողության խորհրդանիշները
Հայ ժողովրդի պատմական հիշողության համակարգում առանձնահատուկ տեղ ունեն երկու կարևոր հուշահամալիրներ՝ Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրները։
Ծիծեռնակաբերդը խորհրդանշում է հայ ժողովրդի ողբերգական անցյալը՝ Հայոց ցեղասպանությունը, և դրա զոհերի անմար հիշատակը։

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ այցելում են այդ նվիրական վայրը՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Սարդարապատը խորհրդանշում է ազգային դիմադրությունը և պետականության վերածնունդը՝ 1918 թվականին թուրքական ներխուժումների դեմ մղված մայիսյան հերոսամարտերի շնորհիվ, որոնք դարձան Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման նախադրյալը։

Այս երկու խորհրդանիշները միասին ներկայացնում են հայ ժողովրդի պատմական փորձառության ամբողջականությունը՝ ցեղասպանության ցավը և ազատության պայքարը։

Գիտության և պետության հարաբերությունը
Պետությունն ունի ներքին և արտաքին քաղաքական շահեր, իսկ գիտությունը՝ ճշմարտության որոնման նպատակ։ Այս երկու ոլորտները պետք չէ խառնվեն այնպես, որ մեկը բացառի մյուսին։

Գիտական հաստատությունների նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն վնասում է ակադեմիական ազատությանը, այլև խաթարում է Հայաստանի գիտության միջազգային հեղինակությունը։

Միջազգային համագործակցության և գիտական վստահության համար անհրաժեշտ է, որ գիտական կենտրոնները պահպանեն իրենց անկախությունն ու մասնագիտական ինքնավարությունը։

Այդ պատճառով էլ այս խնդիրը միայն մեկ հաստատության կամ մեկ տնօրենի հարց չէ։ Այն վերաբերում է ամբողջ գիտական համակարգին ու մշակութային հաստատություններին և այն արժեքներին, որոնց վրա պետք է կառուցվի պետությունը։

Քաղաքական հետևանքները և հասարակության ընտրությունը
Եթե գիտական և մշակութային կառույցներն սկսեն գործել քաղաքական այնպիսի հրահանգների պայմաններում, երբ անտեսվում է հայկական շահը, և սպասարկվում է օտար, մանավանդ թշնամական երկրների օրակարգերը, ապա նման իշխանության քաղաքականությունը կարող է բնութագրվել որպես կոլաբորացիոնիստական՝ այն իմաստով, որ քաղաքական իշխանությունն իր որոշումներն սկսում է համահունչ դարձնել արտաքին ուժերի օրակարգին՝ երբեմն նույնիսկ ազգային հիշողության ու հայկական շահերի հաշվին և ի հեճուկս դրանց։

Հայաստանի նման պետության համար դա կարող է ունենալ երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ։ Պատմական հիշողությունը պարզապես գիտական ոլորտ չէ․ այն ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից մեկն է։
Այս հարցը, ի վերջո, վերածվում է նաև հասարակական ընտրության հարցի։ Ժողովրդավարական երկրներում հասարակությունն է որոշում, թե ինչպիսի’ պետություն է ուզում կառուցել՝ այնպիսին, որը պաշտպանում է մասնագիտական ազատությունը, հայկական ինքնությունը, ազգային հիշողությո՞ւնը, թե՞ այնպիսին, որտեղ Հայոց պատմությունը, գիտությունը և մշակույթը ենթարկվում են քաղաքական նպատակահարմարություններին, ճնշումներին ու աղավաղումներին։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ ոչ միայն իշխանության պահպանման կամ փոփոխման քաղաքական պայքար, այլև արժեքների ընտրություն։

Հասարակությունը պետք է որոշի՝ աջակցե՞լ այն քաղաքական ուժերին, որոնք իրենց քաղաքականության հիմքում դնում են հայկական պետական և ազգային շահերը, թե՞ շարունակել վստահել այն ուժերին, որոնք տարբեր ձևերով առաջնորդվում են արտաքին կենտրոնների, հիմնականում` ռուսական և արևմտյան (գլոբալիստական) օրակարգերով։

Այսպիսով.
Էդիտա Գզոյանն իր պաշտոնից հեռանում է պարզ ճակատով և բարձր գլխով։ Նրա ղեկավարության տարիներն արդեն իսկ փաստագրված են որպես արդյունավետ և բովանդակալից շրջան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատմության մեջ։

Սակայն այս պատմության հիմնական հարցը մեկ անձի ու մեկ դեպքի մասին չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է, որը վերաբերում է գիտական ազատությանը, պետական կառավարման մշակույթին և ազգային հիշողության պահպանությանը։
Եթե գիտությունն սկսի ենթարկվել քաղաքական պահի պահանջներին, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ միայն մեկ հաստատություն, այլ ամբողջ գիտական համակարգը։

Եվ հենց այստեղ է, որ հասարակությունը, գիտական հանրությունը և քաղաքական համակարգը պետք է պատասխան տան մի պարզ հարցի․ արդյոք մենք ցանկանում ենք ունենալ անկախ գիտությո՞ւն, թե՞ հարմարվողական գիտական կառույցներ ու մշակութային հաստատություններ, որոնք կփոխեն իրենց դիրքորոշումը յուրաքանչյուր քաղաքական իրավիճակի ու իշխանության փոփոխության հետ։

Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևը նացիստ առաջնորդ է. Արտակ Բեգլարյան

Ալիևը նացիստ առաջնորդ է. Արտակ Բեգլարյան Thu, 12 Mar 2026 11:26:35 +0400 France 24 հեռուստալիքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով