Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում

«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում

Fri, 13 Mar 2026 13:15:51 +0400


Գյուլագարակ համայնքի վարչական ղեկավարը հայտարարություն է տարածել այն մասին, որ բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներն ասբեստից են, կարող են դիմել գյուղապետարան՝ ներկայացնելով շինությունների մակերեսը, եւ դրանք կփոխվեն: Հայտարարությունից հետո չեն էլ սպասել, որ մարդիկ դիմեն, գյուղապետարանի աշխատողներն անձամբ են զանգում, հարցում անում եւ ցուցակագրում: Բայց գյուղացիներից շատերը հասկացել են, որ սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառք՝ ընտրություններին ձայն ստանալու նպատակով:

Մեր զրուցակիցը Լոռվա բնակիչ է։ «Հոբարձի վարչական ղեկավար Իշխան Լալազարյանը զանգահարեց, ասեց, որ հաշվառում են անում` ասբեստի համար: Ճիշտ է` մենք տանիքի խնդիր ունեինք, բայց մեր տվյալները չտվեցինք: Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞, ընկել ա՝ գյուղերի օժանդակ շինությունների տանիքներն ա փոխում: Հասկացանք, որ քաղաքական առումով են օգտագործելու, եւ ոչ մի օժանդակություն էլ չի լինելու: Եթե օգնող էին, թող ժամանակին օգնեին: Անցած տարի կարկուտի հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում բավականին վնաս կրեցի: Այդ ժամանակ ասում էին, որ փոխհատուցելու են վնասը: Անգամ էկոնոմիկայի նախարարություն նամակ ուղարկեցի, բայց ոչ մի փոխհատուցում էլ չտվեցին»,- ասաց նա:

Հոբարձի բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Լալազարյանից հետաքրքրվեցինք, թե քանի բնակիչ է ցուցակագրվել։ «Ի՞նչ իմանամ` դու ով ես, ինչի համար ես զանգել, որ ես քո հարցին պատասխանեմ: Մոտեցի, հարցը տուր, պատասխանը կստանաս»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Կուրթան բնակավայրի վարչական ղեկավար Աբգար Մագթաղյանը մեր հարցին, թե քանի ընտանիք է ցուցակագրվել տան եւ օժանդակ շինությունների տանիքները փոխելու համար, եւ երբ բնակիչներին կտրամադրվի օգնությունը, ասաց. «Այս պահին թիվը չեմ հիշում: Բայց դա օգնությո՞ւն է, դա օգնություն չի, ընդամենը գրություն էր եկել, որին պետք է պատասխանեի, իսկ դրա շարունակությանը տեղյակ չեմ, թե ինչ ա»: Եթե ցուցակագրում են, ուրեմն ինչ-որ աջակցություն պետք է տան, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչի համար եք ցուցակագրում մարդկանց։ «Հետաքրքրում է, բայց հիմա Դուք ինձ արդեն ուրիշ հարց եք տալիս, հիմա Ձեզ ցուցակագրվածների թի՞վն ա հետաքրքրում, թե՞ ինչու ենք ցուցակագրում»:

Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աղաջանյանն էլ ասաց. «Բայց այդ տվյալները Ձեզ ինչի՞ համար պետք է տամ, շատ կներեք, մենք հասկանում ենք այդ պրոբլեմները, փորձում ենք լուծել»: Բնակիչներն ասում են, որ օգնություն եք տալիս, ասբեստե տանիքը թիթեղով եք փոխարինում։ «Շատ մարդկանց են էդպես մանիպուլացնում, բայց էդպես բան չկա: Բա չիմանա՞նք` մեր գյուղում քանի տանիք ունենք ժեշտից, քանիսը՝ կղմինդրից, քանիսը՝ ասբեստից»: Իսկ դա ի՞նչ կտա գյուղացուն։ «Մնացածը մենք կմտածենք, կորոշենք` ինչ կտա գյուղացուն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապրում ենք «գերինքնիշխան» ու «գերարժանապատիվ» երկրում

Ապրում ենք «գերինքնիշխան» ու «գերարժանապատիվ» երկրում Mon, 16 Mar 2026 23:15:00 +0400 Ինչ մեղքս թաքցնեմ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով