Սփյուռքը գալիս է կարոտով, իշխանությունը դիմավորում է կասկածով
Fri, 13 Mar 2026 19:45:03 +0400

Իշխանական ստատիստիկան վկայում է, որ մեր երկիրը վերածվել է տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոնի` զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է, աշխարհի ամենատարբեր անկյուններից մարդիկ գալիս են Հայաստան` մեր երկիրը «մագնիսի պես ձգում» է զբոսաշրջիկներին։ Բայց առանց որեւէ վարդագույն ակնոցի էլ պարզ երեւում է մի բան, որ Հայաստան եկող «զբոսաշրջիկների» ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ չեն` մեր հայրենակիցներն են՝ սփյուռքահայերը, որոնք գալիս են ոչ թե զբոսաշրջային հետաքրքրասիրությունից, այլ կարոտից մղված, ովքեր ուզում են տեսնել իրենց հայրենիքը, հարազատներին, վայելել հայրենի հողն ու ջուրը։ Բայց հայրենիքն այնքան էլ գրկաբաց չի դիմավորում նրանց:
Առաջին ահազանգը ստացանք Ֆրանսիայից․ Թուլուզ քաղաքից անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստան էին ժամանել պարոն Կ․-ն ու նրա կինը։ Նրանք արդեն 5 տարի է՝ Ֆրանսիայի քաղաքացիներ են, որոշել էին իրենց արձակուրդը Հայաստանում անցկացնել: Պարզվեց՝ հայրենիքում նրանց սպասում էր բոլորովին այլ վերաբերմունք։ Սահմանին հանկարծ «հայտնաբերել» էին, որ պարոն Կ․-ի փաստաթղթերում որպես ծննդավայր նշված է Գետաշեն գյուղը։ Եվ ահա՝ այստեղ սկսվում է իսկական թատրոնը, քանի որ Գետաշենը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այսինքն, մեր իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ ջան-ջիգյար հարաբերությունների մեջ է, մեր քաղհասարակությունն օրումեջ Ադրբեջան է մեկնում, ադրբեջանցիներն են Հայաստան գալիս, իսկ Գետաշենում ծնված մարդուն կասկածում են, որ Ադրբեջանի լրտես է, գործակալ ու, ահա, ամիսներ շարունակ պարզում են, ստուգում, քննություն իրականացնում։ Մի բան է մնում, որ մի օր էլ որոշեն այդ «վտանգավոր գործակալին» հանձնել եղբայրական Ադրբեջանի արդարադատությանը։ Իսկ մարդը շուրջ 18 տարի առաջ հեռացել է Հայաստանից, բայց ծննդավայրը մնացել է Գետաշենը։ Դա, հավանաբար, նաեւ օգնել է, որ օտար երկրում հաստատվեն` աշխատանք գտնեն, նաեւ՝ քաղաքացիություն ստանան։ Եվ այդպիսի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցները քիչ չեն։ Նրանք լավ կյանքից չեն վտարանդի դարձել․ հեռացել են ցավով՝ չկարողանալով սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրել եւ չեն դադարել կարոտել իրենց հողը։ Մինչեւ վերջերս նրանցից շատերը տարին մեկ կամ երկու անգամ գալիս էին Հայաստան։ Հիմա, կարծես թե, այս ճանապարհն էլ է փակվում։ Եվ սա միակ դեպքը չէ:
Ֆրանսիայի Նանտ քաղաքից չորս հայ ընտանիք այս տարի որոշել էր այցելել Հայաստան։ Ուզում էին իրենց 6 երեխաներին մկրտել Սուրբ Էջմիածնում։ Երեխաներին պիտի բերեին, մկրտեին այստեղ, ցույց տային հայրենիքը, ծանոթացնեին այն հողին, որի մասին տարիներով պատմել էին նրանց։ Բայց այդ մտադրությունից հրաժարվեցին, երբ իմացան, որ Հայաստան մտնող յուրաքանչյուր անձի հարցաքննում են, կասկածում, տնտղում փաստաթղթերը, սկսում պարզել, թե ով է, որտեղից է, ինչու է եկել։ Մարդիկ մտածեցին` իսկ եթե գանք, ու խնդիր առաջանա՞: Իսկ եթե երեխաների՞ հետ խնդիր ստեղծվի, ու եթե այլեւս հանգիստ վերադառնալ չկարողանա՞ն։ Ու որոշեցին չգալ։ Նման անպատասխանատու քայլով կարելի է ոչ միայն վիրավորել մարդկանց, այլեւ կամաց-կամաց քանդել հայրենիք- սփյուռք կապերը։
Ես երկար մտածում էի՝ ինչի՞ համար է այս ամենն արվում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում մեր իշխանությունները։ Մի՞թե չեն հասկանում, որ իրենց գործողություններով վախեցնում են նաեւ նրանց, ովքեր մշտապես գալիս էին Հայաստան, եւ դրանով նոսրացնում են զբոսաշրջիկների եւ արտարժույթի հոսքերը, որոնցով այդքան սիրում են պարծենալ իրենց հաշվետվություններում։ Մի՞թե չեն տեսնում, որ իրենց ձեռքով սեպ են խրում Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։ Այս առեղծվածը լուծեց հարեւանս, որը ՔՊ-ի ամենահավատարիմ երկրպագուներից է։ Մի օր ձայն տվեց ետեւիցս.
– Հե՛յ, հարեւան, մի րոպե կանգնի… Էս ո՞նց տի ըլի, էրեխեքս ուզում էին էս տարի Հայաստան գալ, բայց հիմա վախենում են։
Նրա տղան տասնյոթ տարի առաջ ամուսնացել էր։ Աշխատում էր ոստիկանությունում, կինը՝ բանկում։ Երեխա ունեցան։ Մի օր տղան հորն ասել էր. «Իմ ու կնոջս աշխատավարձը երեխայի պամպերսին էլ չի հերիքում։ Ո՞նց ապրենք», ու ընտանիքով մեկնեցին Գերմանիա։ Հիմա այնտեղ են ապրում, աշխատում են, քաղաքացիություն էլ ունեն։ Պարզվում է` ցանկացել են այս տարի Հայաստան գալ, բայց երկմտել են, որովհետեւ որդին` հարեւանիս թոռը, շուտով 18 տարեկան է դառնում։ Վախեցել են՝ հանկարծ Հայաստանում ինչ-որ մեկը որոշի, որ տղան պիտի այստեղ մնա, կամ ինչ-որ խնդիր առաջացնեն։ Հիմա իշխանամետ հարեւանս ինձ հարցնում է․ «Ասա, ի՞նչ անեմ»։ Չգիտեի ինչ պատասխանել, որոշեցի կատակել. «Դու ՔՊ-ին հավատարիմ մարդ ես, դիմիր քո աստծուն՝ Նիկոլին։ Եթե էս երկրում մի բան շտկող կա, ուրեմն նա է»։ Հարեւանս վիրավորվեց. «Նիկոլին հե՞շտ է բռնեցնել»։ Շատ հեշտ է․ երբ գա Լոռի` ձայներ հավաքելու, կնոջդ ուղարկիր, թող կանգնի ճանապարհի եզրին` ծանր տոպրակներով, Նիկոլը կմոտենա, տոպրակները կվերցնի, կհասցնի ձեր տուն, դու էլ հարցերդ կտաս ու հարցը կկարգավորես: Հարեւանս մի պահ լուռ նայեց ու ասաց. «Այ, հենց էդպես եք արել, դրա համար էլ մեր Նիկոլը բոլորից նեղացած է… Ու դուք ուզում եք, որ նա մեզ ների ու սիրի՞»։
Այդ պահին ես վերջապես հասկացա գաղտնիքը` Նիկոլը չի սիրում մեզ, չի սիրում այստեղ ապրողներին, չի սիրում նաեւ դրսում ապրող մեր հայրենակիցներին։ Եվ ամեն ինչ անում է, որ ոչ միայն Հայաստանում ապրողների կյանքը սոդոմ-գոմորի վերածի, այլեւ՝ սփյուռքում ապրողներինը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր