Երկուշաբթի , 16 Մարտի 2026

«Հրապարակ»․ Իսկ ի՞նչ պետք է նվիրեր թանգարանի տնօրենը` «3 խոզուկների հեքիա՞թը», թե՞ «Սուտլիկ որսկանը»

«Հրապարակ»․ Իսկ ի՞նչ պետք է նվիրեր թանգարանի տնօրենը` «3 խոզուկների հեքիա՞թը», թե՞ «Սուտլիկ որսկանը»

Sat, 14 Mar 2026 13:15:21 +0400


Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը քանիցս հակաարցախյան հայտարարություններով է հանդես եկել: Նա մասնավորապես Եվրախորհրդարանում հայտարարել է, որ արցախցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Արցախ վերադարձի մասին, իսկ դրա հաջորդ օրը` Կառավարության նիստից հետո պնդել է, որ Արցախի Հանրապետություն եզրույթի կիրառումը ուղիղ պատերազմի կոչ է: Փաշինյանի կարծիքով` այժմ խոսել Արցախի մասին, կամ որևէ հյուրի նվիրել Արցախին վերաբերող գիրք, նշանակում է սադրել, քանզի մեկ հանրապետության մեջ չի կարող վարվել երկու արտաքին քաղաքականություն: Փաշինյանը նաև կարծում է, որ մենք նախքան 2023 թվականը ունեինք Արցախ, սակայն չունեինք Հայաստան, իսկ այժմ Արցախ չունենք, սակայն ունենք Հայաստան: Այս մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում պնդեց, որ պետք է արցախցիները մեկընդմիշտ մոռանան Արցախ վերադառնալու մասին, և միևնույն ժամանակ Ալիևին շնորհակալություն հայտնեց և խոսեց այն մասին, որ կողմերի միջև վերջապես խաղաղություն է հաստատվել:

– Ես կարծում եմ, որ այստեղ որևէ զարմանալի բան չկա, նա քանիցս իր խմբի հետ միասին այդ քաղաքականությունն է որդեգրել, որ չկա Արցախ և չկա Արցախի հարց, ուստի չի կարող լինել Արցախ վերադարձի հարց: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից արցախցիները վաղուց չեն զարմանում, մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյան և ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի կողմից վարած քաղաքականություն: Փաշինյանի այս հայտարարությունը Հայաստանում ընտրություններին մասնակցող արցախցիների համար պետք է ազդակ հանդիսանա և բոլոր նրանք, ովքեր մինչ այս պահը կասկածներ ունեին, այժմ կարող են հստակ իրենց վերաբերմունքը ցույց տալ ընտրությունների ժամանակ:

– Բայց Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, անգամ Ադրբեջանին հումանիտար միջանցք են առաջարկում` ոչ մի բանի դիմաց: Չե՞ն կարող գոնե խաղաղ բնակեցման հարցը լուծել, կամ գոնե առնվազն լռել, նման դժխտողական հայտարարությունների փոխարեն:

– Ես ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե գոնե պետք է լռեն, այլ նման հարթակներն օգտագործեն, որպեսզի Արցախի հարցը որպես այդպիսին բարձրացնեն և կատարված հանցագործությունները ներկայացնեն եվրոպացի գործընկերներին: Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով չի ներկայացնում հայ ժողովրդի իղձերն ու նպատակները: Հայաստանում կա մի իշխանություն, որը հայկական շահին տրամաբանորեն հակառակ շահեր է առաջ տալիս:

– Փաշինյանը Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ հեռացրել է աշխատանքից, այն բանի համար, որ վերջինս Վենսին Արցախի մասին պատմող գիրք է նվիրել, Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին գիրք նվիրելը համարում է ուղիղ սադրանք ՀՀ-ի դեմ:

– Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ի՞նչ գիրք պետք է նվիրեր Ցեղասպանության թանգարանի տնօրենը Վենսին: Գուցե Երեք խոզուկների հեքիաթը, կամ գուցե Սուտլիկ որսկա՞նը: Այդ կինը նվիրել է Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին գիրք, գիրք որտեղ գրված է Սումքայիթի, Բաքվի կոտորածների մասին և այլն: Այդ գիրքը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին է, իսկ ուրիշ ո՞վ պետք է խոսի այդ ամենի մասին, եթե ոչ Ցեղասպանության թանգարանի տնօրենը:

– Նա նաև հայտարարել է, որ Արցախի Հանրապետություն եզրույթի կիրառումը նշանակում է պատերազմի կոչ….

– Հավելեմ, որ նրան ավելի շատ այդ փաստը անհանգստացրել է, քանի որ այն հնչել է պատարագներից մեկի ժամանակ: Զարմանալի է, որ Արցախ բառը կարող է պատերազմի առիթ դառնալ և անգամ այս միտքը մեկնաբանելը ես համարում եմ անիմաստ: Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս մի բան, Նիկոլը փորձում է հերթական անգամ Ալիևին հաճոյանալ, քանի որ ունի վերարտադրման խնդիր:

– Փաշինյանը կարծում է, որ այն ժամանակ կար Արցախ, չկար Հայաստան, իսկ այժմ կա Հայաստան, չկա Արցախ:

– Սա նշանակում է պարտության գեղեցիկ փաթեթավորում, որպեսզի հայ մարդկանց կարողանա հրամցնել իր պարտությունը: Նրա մոտ դա լավ է ստացվում: Ցանկացած պարտություն փորձում է ձեռքբերում ներկայացնել, հաղթանակ, սակայն մարդիկ չեն հավատում այլևս այդ ստերին: Արցախի կորուստը չի կարող հաղթանակ համարվել:

– Ասում եմ, որ արցախցիներին դիտավորյալ չեն գրանցում Հայաստանում, ձգձգում են պրոցեսը, որպեսզի մարդիկ անձնագիր չստանան և ընտրություններին չմասնակցեն: Տեղյա՞կ եք այս պրոցեսներից:

– Արցախցիների համար այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն: Սա մի գործընթաց է, որտեղ արցախցիները պետք է հստակ ասեն` համաձա՞յն են այն քաղաքականության հետ, որը վարում է ՀՀ իշխանությունը, թե՞ ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սուրճ խմեց տեսախցիկի առջև, որ հերքի իր սպանված լինելու մասին լուրերը

Սուրճ խմեց տեսախցիկի առջև, որ հերքի իր սպանված լինելու մասին լուրերը Sun, 15 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով