Բարերարի ինչի՞ն էր պետք իշխանությունը․ հայի արյունն է խոսել․․․
Tue, 17 Mar 2026 16:45:32 +0400

Սամվել Կարապետյանին մեղադրում են, թե ով ասես՝ միանում է իրեն։ Բայց ազատագրական պայքարի ժամանակ ո՞նց է լինում։ Երբ երկիր են փրկում՝ ո՞նց է լինում։ Երբ գոյության հարց է դրված՝ ո՞նց է լինում։ Այդ ժամանակ գաղափարները չեն մրցում՝ համախմբվում են։ Ոչ թե «ով ում հետ է», այլ «ով ում համար է»։
Վերջին տարիներին ես այդ գոյաբանական պայքարն եմ տեսնում։ Մի կողմից՝ իշխանություն, որը հողեր է հանձնում, տարածքներ է զիջում, «էստի համեցեք» է անում թշնամուն, իսկ մյուս կողմից՝ ինչ ,, մեյմունություն,, ասես չի անում, որ ժողովուրդը չհամախմբվի, չկենտրոնանա, հանկարծ չհասկանա՝ իրականում ինչ է կատարվում։ Ինչ մեթոդ ասես չի կիրառում՝ շեղելու, բաժանելու, միմյանց դեմ հանելու։ Որովհետև գիտի՝ եթե ժողովուրդը կենտրոնացավ, կտեսնի պարզ ճշմարտությունը․ Հայաստանը շրջափակման մեջ է։
Գայլերի ոհմակ տեսած կա՞ք։ Երբ գառներին արանք են անում՝ նախ աչքերով են ուտում։ Նայում են, պսպղացնում աչքերը, թուլացնում զոհին։ Հետո միայն անցնում են իրականին։ Մենք հիմա այդ փուլում ենք՝ մեզ արդեն «աչքերով ուտում են»։
Բայց սարսափելին միայն գայլերի ոհմակը չէ։ Ավելի սարսափելին նա է, ով մեզ խաբելով տարել է նրանց երախը և ասում է՝ «մի վախեցեք, չեն ուտի, պարզապես կնայեն»։ Սա է այն «խաղաղությունը», որ մեզ առաջարկում են՝ կեղծ, մոլորեցնող, քայքայիչ։Մենք պիտի սա գիտակցենք։
Ազգովի հայտնվել ենք փակուղու մեջ։ Եվ այս պայմաններում յուրաքանչյուր խոսք, որը բաժանում է մեզ, այլևս կարծիք չէ՝ վտանգ է։ Դա թշնամություն է։ Որովհետև բաժանված ազգը հեշտ է կլանել։
Հիմա այլևս ընտրություն չկա՝ կամ համախմբվում ենք, կամ կուլ ենք գնում։ Այդ կրակը բոլորին է հասնելու՝ անկախ դիրքից, անունից, կողմնորոշումից։
Իշխանությունը պետք է մենակ մնա։ Ում մեջ հայի արյուն կա՝ հանգիստ չի ունենալու։ Արյունը մարմնի մեջ փակված ծով է։ Մի պահ կարող է լուռ թվալ, բայց գալիս է պահ, երբ այն փոթորկվում է, դուրս է գալիս ափերից, ու մարդը ինքն էլ չի հասկանում՝ ինչու հանկարծ կանգնեց իր հողի, իր երկրի կողքին։ Այնպես որ մի զարմացեք այն բանից, եթե որոշների համար ոչ սիրելի մարդիկ ոտքի են կանգնել և ուզում են համախմբվել։ Երկիրը կփրկի միայն համախմբման մոբիլիզացիան։
Սամվել Կարապետյանի ինչի՞ն էր պետք իշխանությունը․ հայի արյունն է խոսել․․․ Հայոց Եկեղեցին է խոսում՝ դարերի խորքից եկող ինքնության լեզվով։
Երկրից հեռու՝ կարող էր ապրել խաղաղ, ապահով, առանց ցնցումների, առանց այս ծանր բեռի։ Կարող էր չնայել, չմտածել, չզգալ։ Բայց ապրեց մտահոգությամբ, ապրեց ներսի անհանգստությամբ, ապրեց հայրենիքի ցավով։
Ինչու՞ չեք հարցնում՝ ինչու՞ էր այդքան կապված իր երկրին, ինչու՞ էր այդքան լուռ, բայց հաստատակամ օգնում, ինչու՞ էր իր ուժը դնում ոչ թե անձնական հանգստության, այլ ազգային հիմքերի պահպանության վրա, ինչու՞ էր կանգնում Եկեղեցու կողքին՝ ոչ թե որպես ձևականություն, այլ որպես հավատքի ու ինքնության պահապան։
Թող իր համար ապրեր՝ ասում եք։ Բայց հենց դա է հարցը՝ չէր կարող։ Որովհետև կան մարդիկ, որոնց համար հայրենիքը ընտրություն չէ։ Այն բնազդ է։ Ներսից եկող հրաման է, որը չի լռում ոչ մի հեռավորության վրա, ոչ մի հարմարավետության մեջ։ Պիտի կրկնեմ՝ հայի արյունն է խոսել․․․Այն արյունը, որ հիշում է իր ակունքները, որ չի հաշտվում կորուստների հետ, որը չի վարժվում անտարբերությանը։
Եվ երբ այդ արյունը խոսում է՝ մարդը այլևս իր համար չի ապրում։ Ապրում է հողի, Եկեղեցու, պատմության շարունակության համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր