Պատերազմ սկսել- չսկսելը որևէ կապ չունի Փաշինյանի հռետորաբանության հետ

Պատերազմ սկսել- չսկսելը որևէ կապ չունի Փաշինյանի հռետորաբանության հետ

Sat, 21 Mar 2026 13:15:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է։

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պարբերաբար իրար հակասող հայտարարություններ են անում։ Մեկ հայտարարում են, որ այլևս երբեք չի լինելու պատերազմ, մեկ էլ հանկարծ սկսում են հանրությանը պատերազմի վտանգով սպառնալ։ Օրինակ 2025-ի օոգոստոսին, երբ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունեցավ, Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է», սակայն արդեն քանի օր է նա նորից պատերազմի վտանգի մասին է գուժում, ասում է, որ անգամ Արցախ, Արարատ եզրույթները պատերազմի վտանգ են առաջացնում, ուստի չպետք է Ալիևի բարկությունը շարժենք։ Կիրանցի հողերը հանձնելու ժամանակ էլ Փաշինյանը պնդում էր, որ դա արվում է խաղաղություն հաստատելու համար, սակայն այժմ կրկին պատերազմի մասին է խոսում:

– Իշխանությունները բնականաբար պատերազմի վտանգը օգտագործում են ներքաղաքական նպատակներով՝ հասարակությանը վախեցնելու համար, որպես ներքաղաքական քարոզչության գործիք։ Նրանք հայտարարում են, որ պատերազմ կարող է լինել, սակայն չեն ասում, որ դրա հավանականությունը որևէ կապ չունի նրա հետ, թե, օրինակ, Հայաստանը կփոխի՞ սահմանադրությունը, թե՞ չի փոխի, կամ` Հայաստանում կխոսե՞ն Արցախի պատմության մասին, թե՞ չեն խոսի, կամ` Ադրբեջանին անհատույց հումանիտար ճանապարհ ու օդային տարածք կտրամադրե՞ն, թե՞ չեն տրամադրի․․․․ այս ամենը ըստ էության ոչ մի կապ չունի պատերազմի վտանգի հետ։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանի նկատմամբ կարող է ագրեսիա իրականացնել և ինչ-որ բան ստանալ՝ անպատիժ ձևով, ապա հաստատ կանի այդ քայլը, իսկ եթե չունի նման հնարավորություն, ապա ինչ ուզում ես ասա, ուզում ես Արցախի մասին խոսիր, ուզում ես Ադրբեջանի հանցագործությունների մասին, դա ոչ մի ազդեցություն չի թողնի։ Պատերազմ սկսելը, կամ չսկսելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հռետորաբանության հետ, ոչ էլ կապ ունի ընդդիմության հռետորաբանության հետ։ Պարզապես ներքաղաքական մանիպուլյացիաներ են իրականացնում իշխանությունները, քանի որ ունեն վերարտադրման խնդիր։

– Քանի որ իշխանություններն ամենօրյա ռեժիմով վախեցնում են պատերազմով և մարդկանց մի մասն էլ իրոք վախենում է, եկեք բացատրենք ընթերցողին, թե Ադրբեջանը որ դեպքում կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ։

– Մենք պետք է նախ հասկանանք, թե Ադրբեջանն ինչ խնդիրներ է ցանկանում լուծել։ Նրանք ասում են հստակ, թե ինչ նպատակ ունեն` դա հուսալի ցամաքային կապն է Թուրքիայի հետ, խոսքը ոչ թե միջանցքի մասին է, այլ ուղիղ կապի մասին։ Նրանց նպատակը դա է, անկախ այն բանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչ բառերով կխոսի, Ալիևի նպատակը դրանից չի փոխվելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանության կոնցեպտը, որ եթե մենք հարևանի նկատմամբ հավակնություններ չունենանք, մոռանանք պատմությունը և այլն, այդ դեպքում կչեզոքացվի պատերազմի վտանգը, մեծ սուտ է։ Պատերազմի վտանգ չի լինի մի դեպքում, եթե Ադրբեջանին հաջողվի վերցնել Սյունիքը։ Քանի դեռ այդպիսի բան չկա, միշտ լինելու է պատերազմի վտանգ, հետևաբար խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը Ադրբեջանին չտա այդ հնարավորությունը։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք, ընդ որում՝ խոսքը միայն տանկերի ու հրթիռների մասին չէ, պետք է ուժեղ լինենք դաշնակիցների հարցում։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ հաղթեց ոչ թե այն պատճառով, որ մի քանի անգամ մեզանից ուժեղ էր, ոչ, այլ որովհետև երկար ժամանակ հետևողականորեն աշխատել է, որպեսզի ձեռք բերի հնարավոր դաշնակիցներ և ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը իր հնարավոր դաշնակիցների հետ փչացնի հարաբերությունները։ Այսինքն՝ Ադրբեջանը հաղթեց ոչ թե իր բանակի հզորությամբ, այլ պարզապես ստեղծեց մի աշխարհաքաղաքական իրավիճակ, որը տվեց հաղթանակի հնարավորություն։ Այժմ նույն բանը պետք է անի Հայաստանը։ Այո, թե բանակը պետք է հզորացնել՝ հնարավորության սահմաններում, և թե հարաբերություններ հաստատել այնպիսի ուժերի հետ, որոնք մեզ կաջակցեն։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե լռեց` չեն հարձակվելու Հայաստանի վրա, բայց մենք պետք է հասկանանք, թե որն է Ադրբեջանի առաջնային նպատակը, արդյո՞ք լռությունն ու վախը կարող են խաղաղության երաշխիքներ լինել։ Հայտնի արտահայտություն կա՝ նապաստակին թվում է, որ եթե ինքը խելոք մնա, գայլն իրեն չի ուտելու․․․․ դա մեծ անհեթեություն է։

– Իսկ 2025-ի օգոստոսին ինչո՞ւ էր Փաշինյանը հայտարարում, որ վերջապես հասել ենք խաղաղության։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ պնդեց, որ Ալիևն ու Փաշինյանն արդեն ընկերներն են և պատերազմի վտանգը չեզոքացվել է։ Այսինքն՝ բոլորը ստո՞ւմ են։

– Այդ հայտարարություններից հետո Ալիևը շարունակում է. չէ՞ Հայաստանի Հանրապետությունն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Նրանք շարունակում են չէ՞ պնդել, որ Հայաստանում մի քանի հարյուր հազար ադրբեջանցի պետք է ապրի, քանի որ չկա Հայաստան։ Եթե խաղաղության իրական պայմաններ լինեն, լինի ուժերի բալանս և քաղաքական կամք, ապա ինչո՞ւ պետք է նման հայտարարություններ արվեն։ Օգոստոսին կնքված նախահամաձայնագիրը հնարավորություն է տալիս կողմերին ստեղծել խաղաղություն, բայց եթե չկա բալանս, ապա հենց նույն համաձայնագրի հիման վրա Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։ Խնդիրը այդ փաստաթուղթը չէ, այնտեղ և խաղաղության հնարավորություն կա, և պատերազմի բազմաթիվ առիթներ կան։ Խնդիրը իրավիճակի մեջ է, և թե այն ինչպես կօգտագործվի։

– Ալիևը հայտարարել է, որ ՀՀ օդային տարածքը ազատ օգտագործում են առանց Հայաստանի թույլտվության։

– Սա նշանակում է, որ Ադրբեջանը համոզված է, որ Փաշինյանը չի համարձակվի որևէ ձևով խանգարել իրենց, կամ առարկություններ հանձնել։ Փաշինյանը բացահայտորեն հայտարարել է, որ չպետք է այնպիսի քայլեր անենք, որոնք կարող են հարևաններին բարկացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դե ուրեմն ինձ քվեարկեք, որ ճանապարհը սարքվի. Փաշինյանը՝ խաչաղբյուրցիներին

Դե ուրեմն ինձ քվեարկեք, որ ճանապարհը սարքվի. Փաշինյանը՝ խաչաղբյուրցիներին Sat, 21 Mar 2026 12:55:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով