Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը

Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը

Fri, 27 Mar 2026 18:15:31 +0400


Ամերիկացի նշանավոր քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնը համաշխարհային ժողովրդավարացման դինամիկան վերլուծում էր ալիքների համատեքստում՝ առանձնացնելով ժողովրդավարացման երեք հիմնական փուլ․ առաջինը՝ XIX դարից մինչեւ երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակաշրջանը, երկրորդը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ երրորդը՝ սկսած 1974 թվականից։ Ժողովրդավարացման յուրաքանչյուր ալիք նպաստում էր այն պետությունների թվի ընդլայնմանը, որոնցում հաստատվում էին մրցակցային ընտրությունները, քաղաքական բազմակարծությունը եւ ներկայացուցչական կառավարման մեխանիզմները։

Ըստ Հանթինգթոնի՝ ժողովրդավարացման առաջին ալիքը սկիզբ էր առել 18-րդ դարում՝ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխություններից հետո, իսկ հետագայում արտահայտվել էր Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ընտրական իրավունքի, պառլամենտարիզմի եւ սահմանադրական կառավարման աստիճանական ընդլայնմամբ ու ամրապնդմամբ։ Սակայն այս գործընթացին շուտով հաջորդեց ավտորիտարացման առաջին ալիքը․ 1920-ականներից սկսած՝ բազմաթիվ երիտասարդ ժողովրդավարություններ փլուզվեցին ֆաշիստական, ռազմական եւ այլ ավտորիտար ռեժիմների ճնշման ներքո։ Այսպիսով, ժողովրդավարական առաջընթացը փոխարինվեց հետընթացով՝ ի ցույց դնելով, որ ժողովրդավարության ինստիտուցիոնալ ձեւավորումը դեռեւս ինքնին բավարար չէ՝ դրա կայունությունն ապահովելու համար։

Ժողովրդավարացման երկրորդ ալիքը սկսվեց 1945-ից հետո եւ պայմանավորված էր ֆաշիզմի պարտությամբ, հետպատերազմյան վերակառուցմամբ, ինչպես նաեւ՝ Արեւմտյան Եվրոպայում, Ճապոնիայում եւ հետգաղութային որոշ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ եւ տարածմամբ։ Սակայն 1970-ականներին այս գործընթացը բախվեց ավտորիտարացման երկրորդ ալիքին․ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներ հայտնվեցին ռազմական ռեժիմների, միակուսակցական համակարգերի եւ անձնակենտրոն ավտոկրատիաների վերահսկողության տակ։

Հանթինգթոնի գնահատմամբ՝ ժողովրդավարացման երրորդ ալիքը մեկնարկեց 1974 թվականին՝ Պորտուգալիայում տեղի ունեցած «մեխակների հեղափոխությունից» հետո, եւ ընդգրկեց Հարավային Եվրոպան, Լատինական Ամերիկան, այնուհետեւ՝ Արեւելյան Եվրոպան եւ հետխորհրդային տարածքի մի մասը։ Հենց այս ալիքն էր, որ 20-րդ դարի վերջում սահմանեց գլոբալ լավատեսությունը. ժողովրդավարությունը, ենթադրվում էր, անխուսափելիորեն կդառնա քաղաքական զարգացման համընդհանուր մոդելը: Այս էյֆորիայի մեջ էր, որ լայն ճանաչում ստացավ Ֆրենսիս Ֆուկույամայի «պատմության ավարտի» հայեցակարգը, որի համաձայն՝ լիբերալ ժողովրդավարությունը եւ ազատ շուկայական տնտեսությունը դիտվում էին որպես մարդկության համար քաղաքական եւ սոցիալական կարգի վերջնական ձեւ:
Սակայն շուտով ակնհայտ դարձավ նման սպասումների անհիմն լավատեսությունը։ Ավելին, հեղինակավոր շվեդական V-Dem ինստիտուտի օրերս հրապարակած Democracy Report 2026 զեկույցի գնահատմամբ՝ աշխարհում ժողովրդավարության միջին մակարդակը հետ է գլորվել մինչեւ 1978-ի ցուցանիշը, իսկ ժողովրդավարացման երրորդ ալիքի ձեռքբերումները գրեթե զրոյացվել են։ Freedom House-ի զեկույցի համաձայն՝ ներկայում ԱՄՆ-ում ժողովրդավարության մակարդակը համադրելի է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ցուցանիշին։ Ստեղծված իրողությունը հետազոտողները բնութագրեցին որպես ավտորիտարացման երրորդ ալիք, որի ընթացքում աշխարհում արձանագրվում է ժողովրդավարական ռեժիմների աստիճանական նահանջ եւ ժողովրդավարական ինստիտուտների թուլացում։

V-Dem ինստիտուտի 2026-ի զեկույցում Հայաստանը հայտնվել է «զանգակաձեւ ավտոկրատացման» (Bell-turn autocratization) առաջին 10-յակում։ Այս հասկացությամբ նկարագրվում է այնպիսի գործընթաց, որի դեպքում ժողովրդավարացումը կարճ ժամանակահատվածում արձանագրում է արագ առաջընթաց, սակայն նույնքան արագ էլ վերածվում է հետընթացի՝ ուղղվելով դեպի ավտոկրատացում։ Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում ժողովրդավարացումը հասել էր իր գագաթնակետին 2018-ին՝ ընտրական ժողովրդավարության անցման հետ, սակայն արդեն 2020-ից երկրում հաստատվել է ավտոկրատացման միտումը։
Փորձագետները մասնավորապես նշում են, որ «Փաշինյանի կառավարությունն անցել է կառավարման անձնակենտրոն ոճի՝ սահմանափակումներ մտցնելով կարծիքի արտահայտման ազատության, քաղաքացիական տարածքի եւ քաղաքացիական ազատությունների նկատմամբ»։ Նշվում է նաեւ, որ «ատելության հրահրումը, ապատեղեկատվությունն ու բեւեռացումը, ինչպես նաեւ ռազմական իրավիճակն ու Ադրբեջանի հաղթանակը մինչեւ 2023 թվականը այն գործոններն են, որոնք նպաստել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացմանը»։

Շվեդ գիտնականների զեկույցն ի ցույց է դնում ընտրական ժողովրդավարության վտանգավոր արատը։ Թեեւ նման ռեժիմներում կառավարման մանդատը ձեռք է բերվում ընտրության արդյունքում, հետագայում խափանվում են այն մեխանիզմները, որոնք կոչված են ապահովելու ժողովրդավարության բնականոն գործառույթը։ Մասնավորապես՝ սահմանափակվում են քաղաքացիական ազատությունները, թուլանում են գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության լծակները, եւ խախտվում է ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ V-Dem 2026-ի զեկույցը վկայում է, թե ինչպես են ժողովրդավարության ընտրական բաղադրիչի առկայության պայմաններում ձեւախեղվում ժողովրդավարական կառավարման ճարտարապետության մյուս կարեւորագույն տարրերը։ Մինչդեռ, երբ խաթարվում են կառավարման, հաշվետվողականության, հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները, կառավարությունը ստիպված ապավինում է օտարերկրյա ֆինանսական, փորձագիտական եւ քաղաքական աջակցության՝ հաճախ ազգային շահի հաշվին։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է Fri, 27 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով