Ստացվում է՝ պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան․ Վահե Դավթյան
Fri, 27 Mar 2026 19:45:59 +0400

Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես ՛՛տեխնիկական հարց՛՛՝ նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը։ Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։
Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր գազատարի մի հատված փաստացի դուրս է մնացել լիարժեք շահագործման ռեժիմից․ անհնար է ոչ միայն դրա կայուն տեխնիկական սպասարկումը, այլև մշտական վերահսկողությունը:
Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված՝ վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանը՝ իր։
Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Հայաստանը տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով՝ ՛՛Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս՛՛ երթուղով, որը միանում է ՛՛Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ՛՛ գազատարին։ Եվ հենց այս միացման հանգույցում է ձևավորվում այն խոցելիությունը, որը այսօր ստիպում է վերակառուցել լոգիստիկան:
Սահմանազատման գործընթացը այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ՝ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ՝ փաստացի անցել են հակառակորդի ուղիղ հասանելիության տիրույթ։
Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է՝ պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է՝ ռիսկի կառավարում (ժամանակավոր), այ ոչ թե դրա չեզոքացում։
Մի տեսակ չի տեղավորվում խաղաղության հաստատման մասին բանեցվող հռետորական գծի մեջ:
Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր