Ինչ միջավայրում են բուծվում եւ զարգանում նման լուսավոր ուղեղները
Sat, 28 Mar 2026 19:45:43 +0400

Նիկոլ Փաշինյանը, լինելով հզոր խելքի ու մտքի տեր անձնավորություն` տիեզերական մասշտաբի ինտելեկտուալ, իր շուրջն է հավաքել համարյա իր նման ինտելեկտուալների, որոնք իրենց գիտելիքով, տեղեկացվածությամբ եւ վերլուծական կարողություններով գրեթե չեն զիջում միմյանց: Կարելի է մի երկու համեմատություն անել, եւ պարզ կդառնա, որ սրանք իրար ոչնչով չեն զիջում, շատ հարցերում անգամ գերազանցում են, իսկ որ ՔՊ-ում լուրջ մրցակցություն է, եւ բոլորն ուզում են ցույց տալ իրենց մտավոր ընդունակությունները, գիտականորեն ապացուցված փաստ է:
Օրերս իր գիտելիքներով հերթական անգամ փայլեց Նիկոլ Փաշինյանը. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակներում նա բառացիորեն հայտարարեց. «Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է` Ռուսաստանն է: Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտե՞ք ով է դերակատարություն ունեցել` Թուրքիան»: Փաշինյանը չշարունակեց զուգահեռները, բայց պարզից էլ պարզ է, որ եթե շարունակեր, պետք է ասեր՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը գիտեք՞ ով կարող է լինել` Ադրբեջանը: Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանը երաշխավորում Ուկրաինայի անվտանգությունը․ գրավել է այդ երկրի տարածքի 20-25 տոկոսը, ուզում է գրավել մնացած մասը, ոչնչացնել Ուկրաինան՝ այն միացնելով Ռուսաստանին: Իսկ Թուրքիան Կիպրոսի անվտանգությունն ինչպե՞ս է երաշխավորում․ կղզու 40 տոկոսը գրավելով, այդ տարածքում էթնիկ զտում իրականացնելով եւ այնտեղ արդեն 50 տարուց ավելի ռազմաբազաներ պահելով: Հիմա Ադրբեջանը ո՞նց է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի քանի՞ տոկոսն է այդ երաշխավորության դիմաց Փաշինյանը պատրաստ հանձնել Ադրբեջանին` 25, 40, թե՞ 100 տոկոսը:
Քանի որ գրել ենք, որ ՔՊ-ում ինտելեկտուալ մրցակցություն է, Փաշինյանից փորձեց հետ չմնալ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը եթեր մտավ ու հայտարարեց, որ հունիսի 7-ին ընդդիմությունը պատրաստվում է զավթել իշխանությունը եւ պատերազմ հրահրել: Նախ, ի տարբերություն ՔՊ-ի, որը 2018 թվականին իսկապես հակասահմանադրական եղանակով հեղաշրջում է կազմակերպել եւ զավթել իշխանությունը, որեւէ ընդդիմադիր կուսակցություն կամ գործիչ չի խոսում իշխանության զավթման մասին, հայտարարում են ընտրություններում հաղթելու եւ իշխանություն ձեւավորելու մասին: ՔՊ-ի համար իշխանությունից իրենց հեռացնելու ցանկացած փորձ, այդ թվում՝ եւ սահմանադրական, իշխանազավթում է:
Կոնջորյանի խելքն ու միտքն առանձնակի փայլով շողացին, երբ փորձեց հիմնավորել, թե ինչու է ընդդիմության հաղթանակը դառնալու պատերազմի պատճառ: Ըստ նրա, ընդդիմությունը դա արդեն մի անգամ արել է Ղարաբաղում՝ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ Ղարաբաղում ընդդիմությունը զավթեց իշխանությունը, երբ Սամվել Շահրամանյանն ընտրվեց նախագահ: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը շնորհավորեցին նրան եւ հույս հայտնեցին, որ նույն բանը տեղի կունենա Հայաստանում: Արդեն սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողությունները, իսկ սեպտեմբերի 26-ին՝ իր ընտրվելուց ընդամենը 17 օր անց, Սամվել Շահրամանյանը ստորագրեց Ղարաբաղի լուծարման հրամանագիրը: Ահա թե ինչ են ուզում անել ընդդիմադիրները Հայաստանում. զավթել իշխանությունը, սանձազերծել պատերազմ, լուծարել Հայաստանը: «Սա իրենց աղետաբեր եւ եղկելի պլանն է, մենք թույլ չենք տալու այս պլանի իրագործումը»:
Ինչպես տեսնում եք` գործ ունենք հիրավի խոշոր ինտելեկտուալի հետ, որն իր խելքով մի քիչ է զիջում Նիկոլ Փաշինյանին: Ըստ Կոնջորյանի, եթե 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանը չընտրվեր նախագահ, այլ նախագահ մնար Արայիկ Հարությունյանը, Ադրբեջանը չէր հարձակվի Արցախի վրա, Ադրբեջանի կողմից Արցախի 9-ամյա շրջափակումը մարդասիրական միջոցառում էր, ոչ թե թշնամանքի եւ պատերազմի դրսեւորում: Մենք Կոնջորյանին կարող էինք հուշել, որ երկրի տոտալ շրջափակումը նույնպես պատերազմի դրսեւորում է, բայց քանի որ տիեզերական մասշտաբի ինտելեկտուալ է, մեզ նման լկտիություն թույլ չենք տա:
Կոնջորյանի մյուս մեղադրանքն այն է, որ Շահրամանյանն իր հրամանագրով լուծարել է Արցախի Հանրապետությունը, որի անունը Կոնջորյանը վախից չի էլ կարող տալ․ ինչպես հայտնի է ՔՊ-ական ինտելեկտուալները նաեւ չափազանց վախկոտ են, այդ հարցում եւս նա մի փոքր է զիջում իր ղեկավարին: Սրանց ասածից ստացվում է, որ եթե Սամվել Շահրամանյանը 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր չստորագրեր, ԱՀ-ն մինչ օրս շարունակելու էր գոյություն ունենալ, հնարավոր է նույնիսկ, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչած լիներ Արցախի Հանրապետությունը: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը ոչ միայն վախենում է «Արցախ» բառն արտասանելուց, այլեւ մարդուն հրապարակային ազատում է աշխատանքից, միայն այն պատճառով, որ նա «Արցախ» անունով գիրք է ձեռքը բռնել, իսկ Ալիեւն իմացել է դրա մասին:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Կոնջորյանը թույլ չտալու, որ հասարակությունն ընտրությունների միջոցով իրենց հեռացնի իշխանությունից եւ նոր իշխանություն ձեւավորի. ընտրողների տոտալ ցեղասպանությո՞ւն են իրականացնելու, ընտրություննե՞րն են չեղարկելու, ընտրության արդյունքնե՞րն են կեղծելու, թե՞, անկախ ընտրությունների արդյունքից, իրենց հաղթող են հռչակելու:
Հայ եւ համաշխարհային քաղաքագիտական միտքը հսկայական կորուստ կկրի, եթե Փաշինյանն ու Կոնջորյանը, եւ ոչ միայն նրանք, հեռացվեն իշխանությունից, նրանք այլեւս չեն կարողանա անհեթեթություններ դուրս տալ կամ եթե դուրս էլ տան, դա առանձնապես որեւէ հանրային արժեք չի ունենա: Բայց մի բան գուցե այդպես էլ չբացահայտվի. ինչ պայմաններում եւ միջավայրում են բուծվում ու զարգանում նման լուսավոր ուղեղները:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր