Եթե Պուտինն ասի, որ չկա Հայաստանի Հանրապետություն` կա «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլը նույնը կկրկնի՞
Thu, 02 Apr 2026 21:45:57 +0400

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է:
– Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել: Ռուսաստանում նրա այցի օրը բողոքի ակցիաներ եղան, քննադատական խոսքեր հնչեցին Հայաստանի վարչապետի հասցեին, մի տղամարդ անգամ խնդրեց իր երեխայի հետ լուսանկարվել, ապա Ն. Փաշինյանին ասաց, որ այդ լուսանկարն այն բանի համար է, որ իր երեխան իմանա, թե ով է հանձնել Արցախը Ադրբեջանին: Հետեւե՞լ եք Փաշինյանի` Մոսկվա կատարած այցին եւ վերոհիշյալ բողոքի ակցիաներին:
– Դե, եթե ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են այցելում և Հայաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք խիստ ժողովրդավար են և նորմալ են վերաբերվում արմանբաբաջանյանների ակցիաներին և թույլ են տալիս նման էլեմենտներին ակտիվանալ և վիրավորել ռուս պաշտոնյաներին, ապա ինչո՞ւ Ռուսաստանը պետք է թույլ չտար, որ հականիկոլական շրջանակները ՌԴ-ում ակցիա իրականացնեին` Նիկոլի դեմ: ՌԴ ԱԳ նախարարի այցի ժամանակ Արման Բաբաջանյանն իր թիմի հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, ինչպես նաև ԱԳ նախարարության մոտ ակցիաներ են իրականացնում….
Մենք Հայաստանը ժողովրդավարական երկիր ենք հռչակել և պնդում ենք, որ չենք կարող միջամտել քաղաքացիական ըմբոստացումներին, ապա ՌԴ-ն էլ գոնե պաշտոնապես հանդես է գալիս ժողովրդավարական երկիր և Պուտինն էլ չի ցանկանում մարդկանց հույզերի վրա ազդել: Շատ նորմալ և համարժեք վերաբերմունք է: Ինչ վերաբերում է հանդիպմանն, ապա այն մեծագույն խայտառակություն էր, այլ ոչ թե հանդիպում: Ես անգամ իմ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ Հայաստանն այն աստիճան է կորցրել ինքնիշխանությունը, որ Հայաստանի վարչապետն ասում է` քանի որ Ռուսաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս` երկու անգամ, այդ պատճառով մենք էլ ճանաչեցինք….
Օրինակ, եթե նույն Պուտինն ասի, որ չկա Հայաստանի Հանրապետություն, դրա փոխարեն «Արևմտյան Ադրբեջան» է, Նիկոլը այդպես խրոխտ պետք է նույն բանը կրկնի՞: Ես այսպիսի բան չեմ տեսել իմ կյանքում: Ինքնիշխան պետության ղեկավարը չի կարող այսքան ստորանալ: Նա պարբերաբար հպարտանում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը: Փաստորեն մենք ոչ միայն անկախ ու ինքնիշխան չենք, այլև սպասում ենք, թե Պուտինն ինչ է ասելու, որ խելոք հավի նման կրկնենք:
Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել, որ Արևմուտքը իր քիթը մտցնի Հայաստանի ներքին հարցերի մեջ, ի դեպ` մենք ենք դիմել ԵՄ-ին, թե իբրև Հայաստանը հիբրիդային պատերազմի է ենթարկվում` գործընկերոջ կողմից: ԵՄ-ն դրա համար գումար է տրամադրել, եվրոպացիներն այցելում են Հայաստան, հակառուսական զառանցանքներ են առաջ քաշում, Ռուսաստանը, տեսնելով այդ ամենը, կարծում է, որ այն, ինչ կարելի է եվրոպացիներին, կարելի է նաև իրեն: Այդ պատճառով էլ նույն Պուտինն է սկսել միջամտել մեր ներքին հարցերին: Օրինակ, ասում է` պետք է բոլոր պրոռուսական ուժերին թույլ տաք մասնակցել ընտրություններին: Իրականում` սա էլ է շատ ամոթալի երևույթ և դա մենք ենք թույլ տալիս: Կամ օրինակ` ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունները խիստ տարօրինակ էին: Ամենախայտառակ բանն էլ այդ հանդիպման ընթացքում այն էր, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը հայտարարեց, որ դեռ պետք է հաց ուտեն:
Ի՞նչ էր դա` ծաղր: Անգամ Մոսկվայում են հասկացել, որ Նիկոլը ուտելու թուլություն ունի: Նրան ուղղակի ծաղրի ենթարկեցին: Խոսեցին հեծանվավազքի մասին, դա էլ էր ծաղր: Ցավով պետք է արձանագրենք, որ մենք ունենք մի ղեկավար, ով ձեռնտու է անխտիր բոլորին: Այս մարդը կարող է Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածել և աշխատել նաև ռուսների համար:
– Այսինքն` նա նաև ռուսների՞ն է ձեռնտու:
– Իհարկե: Ինչու` ոչ: Նա կարող է հակառուսական տրամադրություններ գեներացնել և հիմարի դեմքով հայտարարել, որ նույն ՌԴ-ն Հայաստանի բարեկամն է ու գործընկերը: Մի քանի ամիս առաջ` այս մարդը ՌԴ-ին բացահայտ մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ: Ասաց, որ մեզ ռուսներն են դավաճանել: Լավ, ինձ մի բան է հետաքրքրում, Նիկոլին ընտրողներն այս ամենն ինչպե՞ս են դիտարկում:
– Ասում են` տեսա՞ք ինչ օրը գցեց Փաշինյանը Պուտինին:
– Ի՞նչ օրը գցեց, ի՞նչ արեց: Անկախ նրանից, որ ես չեմ ընդունում Նիկոլին, ուրախ կլինեի, որ նա կարողանար առհասարակ ինչ-որ բան անել, բայց ի՞նչ է արել: Արցախյան հարցը գցում է Պուտինի գրպանը, առանց գիտակցելու, որ դրանով առաջին հերթին ինքն իրեն է ստորացնում, հետո` հայ ժողովրդին, բայց ոչ Պուտինին: Վաղը Պուտինը կարող է ասել Հայաստան գոյություն չունի, բայց ո՞վ է Պուտինը մեզ համար, եթե մենք ինքնիշխան երկիր ունենք: Ես միմիայն մի բան հասկացա այդ հանդիպումից` Նիկոլ անհողին մինչև վերջ ստորացրին, նվաստացրին ու ծաղրեցին:
Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Թրամփի, Ռուսաստանի նախագահն անկեղծ չէ իր հույզերը արտահայտելիս: Թրամփը կարող է ստորացնել ցանկացածին, դրա վառ ապացույցը Զելենսկին է, այսօր էլ Մակրոնի հասցեին է ինչ ասես ասել, Պուտինն, ի տարբերություն Թրամփի, խոսում է ակնարկներով: Նիկոլի ընտրազանգվածը բացարձակապես չեն հասկանում այդ մեսիջները, նրանց խնդիրը դա է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր