Աննորմալ մտածողության դրսեւորումը
Tue, 07 Apr 2026 17:15:07 +0400

Այս կիրակի ԵՄ անդամ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են: Հունգարիայի բազմամյա վարչապետ Վիկտոր Օրբանը վերածվել է ԵՄ թշնամու: Բրյուսելում չեն կասկածում, որ Օրբանը կպահպանի պաշտոնը: Որպեսզի Օրբանը հետայսու չկարողանա արգելափակել իր որոշումները՝ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, եթե, իհարկե, չկարողանա չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչպես դա կատարվեց 2024-ին, Ռումինայում: Ամերիկյան Politico պարբերականի տվյալներով, ԵՄ-ում այդ առումով շրջանառվում է 4 տարբերակ: Առաջինը եւ հիմնականը քվեարկության կանոնների փոփոխությունն է: Երկրորդը ԵՄ բյուջեով Հունգարիային հատկացվելիք միլիարդների սառեցումն է: Երրորդը ԵՄ խորհրդում Հունգարիայի քվեարկության իրավունքի կասեցումն է: Չորրորդը Հունգարիան ընդհանրապես ԵՄ-ից վռնդելն է, ինչը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել:
Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ում պատրաստ են նույնիսկ գնալ այդ քայլին, որպեսզի ինքն այլեւս ոտնատակ չընկնի: Իսկ ինչո՞վ է Օրբանը վաստակել այդ թշնամությունը: Նախ, որովհետեւ փորձում է պահպանել պետության ինքնիշխանությունը: Այո, ԵՄ անդամ երկիրը փորձում է ինքնիշխանություն ապահովել: Ու դա հաղթահարելու նպատակով ցանկանում են կա՛մ միջամտել ընտրություններին եւ կա՛մ կյանքի կոչել Politico-ի միջոցով գաղտնազերծված չորս տարբերակներից որեւէ մեկը: Դժբախտաբար, Հունգարիան մեզանում հիշվում է Գուրգեն Մարգարյանի սպանությամբ, իսկ անձամբ Վիկտոր Օրբանը՝ մարդասպանի արտահանձնումով Ադրբեջանին, ինչպես նաեւ թյուրքախոս երկրների կազմակերպությունում իր դիտորդական կարգավիճակով:
Իսկ հակաեվրոպական դիրքորոշումը դրսեւորվում է իր երկրի քաղաքացիների բարեկեցության հաշվին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու դեմ պայքարով: Քանի որ ոչ մեկը հույս չունի, թե այդ վարկը կարող է վերադարձվել՝ գոնե տեսանելի ապագայում, ու իրենք էլ պետք է փակեն այն: Իսկ վարկ տալով էլ ընդամենը երկարաձգվելու է ռուս-ուկրաինական պատերազմը: Քանի որ նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն չի հավատում իր երկրի հաղթանակին: Իսկ երկարաձգումն ընդամենը շարունակելու է խլել մարդկային կյանքեր եւ ավելացնել երկրի ավերումը: Բայց պատերազմի շնորհիվ նախագահ Զելենսկին շարունակում է պաշտոնավարել: Միաժամանակ վարչապետ Օրբանը փորձում է պաշտպանել իր երկիրն անօրինական միգրանտների հոսքից՝ դեմ գնալով նաեւ ԵՄ-ով թույլատրված՝ միգրանտների քվոտավորված ներթափանցումը:
Վիկտոր Օրբանը եւ վերջերս նաեւ` Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեղադրում են Ուկրաինայի իշխանություններին Հունգարիային եւ Սլովակիային մատակարարվող եւ այդ երկրի տարածքով անցնող ռուսական «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները դիտավորյալ դադարեցնելու մեջ: Ուկրաինայի իշխանություններն արդարանում են, թե դրա ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են ռուսական անօդաչու սարքերի հարվածների հետեւանքով: Որպես պատասխան՝ Հունգարիան եւ Սլովակիան դադարեցրել են դիզելային վառելիքի եւ էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային: Այս հարցում եւս այդ երկիրը՝ Սլովակիայով հանդերձ, ձգտում է ինքնիշխանության:
Հունգարիայից անցնենք հյուսիս եւ գանք Լեհաստան: 7 տարի առաջ, ըստ սոցհարցումների, ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները Լեհաստանում կազմում էին 6-7%: 2026-ին դրան կողմ է արդեն հարցվածների 22-25%-ը: Այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է 18-29 տարեկանների շրջանում` 35,5%: Հարց է առաջանում, թե ժամանակին ԵՄ ձգտող լեհերն ինչու են ցանկանում դուրս գալ եվրոպական դրախտից: Պատասխան՝ լեհերը բացարձակ դեմ են ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությանը, որովհետեւ չեն ցանկանում փախստականներ ընդունել, իսկ դա պարտադիր պայման է ԵՄ-ի կազմում գտնվող երկրների համար: Առանձին այդ երեւույթն ավելի լուրջ խնդրի՝ պետության ինքնիշխանության մաս է կազմում: 2021 թ. հոկտեմբերի 7-ին Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՄ պայմանագրերի եւ ԵՄ դատարանների որոշումների որոշակի դրույթներ հակասում են Լեհաստանի սահմանադրությանը: Որոշմամբ հայտարարվել է, որ ԵՄ ինստիտուտները գործում են իրենց իրավասությունից դուրս՝ փաստացի մերժելով իրավունքի գերակայության եվրոպական սկզբունքը։
Իսկ Հայաստանում, եթե հավատանք վերջին սոցհարցումներին, բնակչության կեսից ավելին ձգտում է միանալ Եվրամիությանը: Եվ դա ներկայացվում է ոչ միայն բարեկեցության, այլեւ ինքնիշխանության աճի պրիզմայով: Փաստորեն ստացվում է, որ որոշ չափով մեր երկրի մակարդակին մոտ, թեեւ շատ ավելի բարձր, երկրները հանուն ինքնիշխանության եւ ժողովրդի բարեկեցության պահպանման կռիվ են տալիս ընդդեմ ԵՄ-ի: Իսկ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է դրանք ձեռք բերել կամ ավելացնել ԵՄ-ին միանալու շնորհիվ: Այստեղ է երեւում, թե ինչ մակարդակի կեղծիք է շրջանառում կառավարությունը: Ստացվում է նաեւ, որ Ռուսաստանի դեմ ինքնիշխանության անվան տակ մղվող սառը պատերազմն իրականում հեքիաթ է: Որովհետեւ աննորմալ բան է սեփական անվտանգությունն ապահովող երկրի դեմ կռիվ տալ նրան թշնամի վերպետական կառույցի տակ պառկելու համար՝ անունը դնելով ինքնիշխանության հաստատում: Ի՞նչ է դա, եթե ոչ աննորմալ մտածողության հերթական դրսեւորում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր