«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան

«Հրապարակ»․ Լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան

Fri, 01 May 2026 09:15:02 +0400


Մեր զրուցակիցն է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:

– ՀՀ նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը պատկերել են այնպես, որ Արարատ սարը չերեւա․ եկեղեցին «շրջել են» հակառակ կողմից։ Ձեր կարծիքը այս մասին:

– Ինչ վերաբերում է նոր անձնագրում Խոր Վիրապի պատկերին, ապա այստեղ եւս տեսնում ենք նույն տրամաբանությունը՝ իրականության մի հատվածը մոլորեցնելու փորձ։ Բայց խորհրդանիշները երբեք անմեղ չեն։ Երբ Խոր Վիրապը ներկայացվում է առանց Արարատ լեռան, դա արդեն ոչ թե գեղարվեստական ընտրություն է, այլ՝ ենթատեքստ ունեցող քաղաքական ժեստ։ Հարցն այստեղ այն չէ, թե նկարը որքան ճշգրիտ է, այլ՝ ինչ է այն լռեցնում։ Վերջապես, եթե փորձեմ այս ամենն ամփոփել ավելի լայն՝ փիլիսոփայական դիտանկյունից, ապա կասեմ․ պետությունը չի կարող երկար գոյատեւել, եթե սկսում է զիջել իր հիշողությունը, իր խորհրդանիշները եւ իր հոգեւոր հիմքերը՝ հանուն կարճաժամկետ շահերի։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման զիջումները երբեք չեն մնում միայն արտաքին քաղաքականության սահմաններում․ դրանք ներթափանցում են հասարակության ինքնագիտակցության մեջ եւ քայքայում այն ներսից։ Իսկ մեր առաքելությունը՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես հասարակություն, ոչ թե միայն քննադատելն է, այլ՝ հիշեցնելը, որ կան արժեքներ, որոնք չեն կարող լինել բանակցության առարկա։

– Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում, Հանրայինի եթերում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները միշտ եղել են բարդ։ Բայց երբ այդ բարդությունը վերածվում է բացահայտ դիմակայության, երբ հնչում են հակաեկեղեցական շեշտադրումներ, դա արդեն ոչ թե առողջ տարանջատում է, այլ՝ վտանգավոր խզում։ Եկեղեցին այս ժողովրդի հոգեւոր ողնաշարն է, եւ նրա թուլացումը, անկախ պատճառներից, երկարաժամկետ առումով վնասում է հենց պետությանը։ Ադրբեջանի կողմից եկեղեցիների ոչնչացման մասին հնչած այն ձեւակերպումը, թե «իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում», քաղաքականապես գուցե փորձ է՝ չսրել իրավիճակը, բայց բարոյապես անընդունելի է։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել ինքնիշխանության գաղափարով։ Սա այն դեպքն է, երբ լռությունը կամ մեղմ բառապաշարը դառնում են համակրանքի կամ անտարբերության նշան։ Իսկ եկեղեցիների հարցը մեզ համար պարզապես քարերի հարց չէ, այլ՝ հավատքի, հիշողության եւ ներկայության։

– Ապրիլի 24-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանը «ցեղասպանություն» բառը փոխարինել էր «Մեծ եղեռն» խոսույթով, կարծես խոսում էր ոչ թե Հայաստանի վարչապետը, այլ մեկ ուրիշ երկրի ղեկավար: Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար փակո՞ւմ է ցեղասպանության էջը:

– Քաղաքական խոսքը, հատկապես ապրիլի 24-ի նման օրերին, երբ առնչվում է մեր ժողովրդի հիշողության ամենախոր շերտերին, չի կարող լինել պարզապես բառերի ընտրության հարց։ Այն դառնում է ինքնության հարց։ Երբ պետական ղեկավարն ընտրում է «Մեծ եղեռն» ձեւակերպումը՝ «ցեղասպանության» փոխարեն, հարցը միայն տերմինաբանական չէ․ դա ենթադրում է նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հաշվարկների առկայություն։ Սակայն այստեղ կա մի սահման, որից այն կողմ հաշվարկը դառնում է ինքնահրաժարում։ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար արտաքին քաղաքական գործիք չէ միայն, այլ՝ պատմական արդարության եւ ազգային հիշողության հիմնասյուն։ Այդ հիմքը թուլացնելը, թեկուզ աստիճանաբար, կարող է վերածվել ինքնության ճգնաժամի։ Այստեղ ես կխուսափեմ հապճեպ եզրակացություններից, թե արդյոք իշխանությունը «փակո՞ւմ է» ցեղասպանության էջը։ Բայց ակնհայտ է, որ կա լեզվի եւ շեշտադրումների փոփոխություն, որն անհանգստություն է առաջացնում։ Պետությունն իրավունք ունի վերանայել իր մարտավարությունը, բայց ոչ՝ իր պատմական ճշմարտությունը։

– Երբ ամուսնանում են, եկեղեցում՝ Աստծո առաջ, խոսք են տալիս, որ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամանակ միասին կլինեն: Կամ ասում են․ այր եւ կին` մի մարմին: Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը մե՛կ բաժանվում է, մե՛կ միանում: Որքանո՞վ այս զույգը կապ ունի Եկեղեցու եւ հայկական ավանդույթների հետ՝ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարը:

– Ինչ վերաբերում է ընտանիքի եւ Եկեղեցու օրինակին՝ ամուսնության խորհրդին, ապա այստեղ համեմատությունը գայթակղիչ է, բայց՝ վտանգավոր։ Ամուսնությունը սրբություն է, որովհետեւ այն հիմնված է հավատարմության վրա, ոչ թե պահի շահերի։ Երբ ասում ենք՝ «այր եւ կին՝ մի մարմին», դա չի ենթադրում մշտական տատանումներ, այլ՝ խնդիրների հաղթահարում՝ հանուն միասնության։ Եթե քաղաքական դաշտում մենք տեսնում ենք փոփոխականություն, հակասական ուղերձներ, ապա դա ավելի շատ բնորոշ է ոչ թե եկեղեցական խորհրդին, այլ քաղաքականության բնական, երբեմն էլ ցավոտ դինամիկային։ Այստեղ պետք է զգույշ լինել՝ անձնականը եւ հանրայինը չխառնելու հարցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ քվեարկել ընդդիմության օգտին․ Գաբրելյանով

Սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ քվեարկել ընդդիմության օգտին․ Գաբրելյանով Fri, 01 May 2026 09:53:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով