«Հրապարակ». Հայաստանի հետ արդեն որեւէ գործընկերության մասին խոսակցություն լինել չի կարող. Գաբրիելյանով
Tue, 05 May 2026 09:15:10 +0400

Եվրոպական Միության քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նպատակն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստեղծելն է, եւ եվրոպացիներն այս մասին խոսում են անթաքույց: Հասկանալի է, որ ի սկզբանե թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում եւ թե՛ Հայաստանում սա ընկալվեց որպես Ռուսաստանին նվաստացնելու փորձ: Զելենսկուն ընդունում է մի պետություն, որը պատմականորեն ռուսական կողմնորոշում է ունեցել եւ Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակիցն է համարում, պետություն, որի գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները ռուսական են, որտեղ ռուսական երկու ռազմաբազա կա, պետություն, որի ղեկավարն առերեւույթ, բոլոր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ ու դրանցից հետո, ներառյալ` վերջին հանդիպումը Մոսկվայում, հավաստիացրել է, թե ջերմ բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ ՌԴ նախագահի հետ: Հասկանալի է, որ Ռուսաստանի արձագանքը կոշտ է լինելու:
«Կասեմ այն, ինչ ես գիտեմ` իհարկե, Զելենսկու այցելությունն էմոցիաների փոթորիկ է առաջացրել Մոսկվայում: Ըստ էության, Հայաստանի հետ որեւէ գործընկերության մասին խոսակցություն արդեն չի կարող լինել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է ռուսաստանցի մեդիամագնատ, հրատարակիչ, վերլուծաբան Արամ Գաբրիելյանովը:
– Մեզ մոտ տրամադրությունները երկակի են: Մարդկանց մի մասը ոգեւորված է, խցկվելով նկարվում է Մակրոնի հետ, մյուսները չեն ողջունում Զելենսկու այցը, համարում են, որ Պուտինը սա կուլ չի տա, եւ սպասում են Ռուսաստանի արձագանքին՝ ներառյալ գազի վաճառք եվրոպական գներով: Ձեր կարծիքով, ի՞նչ պատասխան սպասել Ռուսաստանից:
– Փաշինյանը եւ նրա թիմը իրենց համար որպես գործընկեր ընտրեցին Զելենսկուն: Ես չեմ մեկնաբանի այն, որ Զելենսկին առաջինն է շնորհավորել Ադրբեջանին, եւ նմանատիպ բաներ: Իրենք` Փաշինյանի թիմն անընդհատ ասում է, որ պատերազմին Պուտինը չմասնակցեց հայերի կողմից, բա ինչո՞ւ են ողջագուրվում Զելենսկու հետ, որը մասնակցեց հակառակորդի կողմից: Որքան գիտեմ, Զելենսկին այսօր չպատասխանեց հարցին, թե, այնուամենայնիվ, Ուկրաինան մատակարարե՞լ է Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր: Նա չպատասխանեց, ո՛չ այո ասաց, ո՛չ` ոչ: Եթե մատակարարած չլիներ, կասեր՝ ոչ: Այս ամենի մասին չարժե անգամ խոսել: Այն հազար մարդը, որ դուրս եկավ փողոց` եվրոպացիներին տեսնելու, ողջունելու, այն զանգվածն է, որն ամեն դեպքում լինելու է Փաշինյանի կողքին: Պարզ է, չէ՞, որ անգամ եթե վաղը Փաշինյանը փոքր երեխաներ խորովի եւ ուտի ուղիղ եթերում, մարդիկ կասեն՝ ոչ մի սարսափելի բան չկա: Ես ուղղակի տեսել եմ տեսանյութ, որում մի տարիքով հայուհի ասում է՝ այո, իմ թոռնիկը մահացել է Ղարաբաղում, առաջնագծում, բայց ես, միեւնույն է, Փաշինյանի կողմից եմ լինելու, որովհետեւ նա մեզ համար Հիսուս Քրիստոս է:
– Իհարկե, կան Նիկոլի վրա էքստրեմալ ձեւով կենտրոնացածներ, բայց քիչ են: Մի մասն էլ ասում է՝ եվրոպացիներին հրավիրել էր քաղաքական գագաթնաժողովի, ինչպե՞ս չկանչեր Զելենսկուն, արգելեր նրա ժամանումը:
– Նախ՝ Ուկրաինան Եվրոպական Միության անդամ չէ: Հայաստանը եւս ԵՄ կազմում չէ: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որը ԵՄ անդամ չէ, անցկացնել ԵՄ գագաթնաժողով: Բացատրեք ինձ:
– Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի:
– Այ, դա արդեն ուրիշ խոսակցություն է: Այսինքն, դա ակցիա է՝ ի աջակցություն Նիկոլի, որ ընտրությունների ժամանակ Նիկոլի տոկոսները որոշ չափով ավելացնեն: Բայց կարծում եմ, այդ ակցիան ոչինչ չի ավելացնի, քանի որ Հայաստանը կտրուկ բեւեռացվել է, բաժանվել է երկու մասի: Մի մասը՝ մոտ 30 տոկոսը, Նիկոլի կողմնակիցներն են: Ես հիմա Մոսկվայում զբաղված եմ այդ հաշվարկներով: Փաշինյանը, ըստ իմ հաշվարկների, առավելագույնը 30 տոկոս է հավաքելու: Այս ընտրազանգվածի վրա անօգուտ է աշխատելը, նրանց որեւէ բան բացատրելը, որովհետեւ, ինչ էլ լինի, նրանք, միեւնույն է, քվեարկելու են նրա օգտին: Պայքարը գնում է մյուս 70 տոկոսի համար:
– Ձեր տպավորությամբ, մյուս թեկնածուների թվում ո՞վ է այս պահին առաջինը:
– Իմ տպավորությամբ, ինչպես ես եմ տեսնում, Սամվել Կարապետյանն արագընթաց առաջ է գնում: Նա կհավաքի մոտ 40 տոկոս: Իմ կարծիքով, նա կհաղթի ընտրություններում, եթե, իհարկե, նրան չհանեն ընտրապայքարից, օրինակ, ընտրություններից մի շաբաթ առաջ: Սանդուն հենց այդ պատճառով էլ եկել է: Չէ՞ որ նա Մոլդովայում հենց այդպես վարվեց՝ 2 կուսակցություն հանեց ընտրապայքարից, ու վերջացավ:
– Եվ հիմա փորձի փոխանակո՞ւմ է անելու Փաշինյանի հետ:
– Այո: Իսկ Կրեմլում, իմ իմանալով, կա երկու թեւ: Մեկը կարծում է, որ պետք է մեղմ մոտեցում ցուցաբերենք: Իսկ երկրորդը վճռականորեն է տրամադրված եւ կարծում է, որ Հաղթանակի օրվանից հետո պետք է կիրառել բոլոր հնարավոր սանկցիաները Հայաստանի նկատմամբ՝ սկսած Հայաստանից Ռուսաստան օդային հաղորդակցությունը դադարեցնելուց եւ գազի գնի բարձրացումից, վերջացրած ատոմակայանը կանգնեցնելով: Ես չգիտեմ, թե այս դիրքորոշումներից որը կընտրի Պուտինը: Նա շատ խելամիտ, կշռադատող քաղաքական գործիչ է: Տեսնենք, թե ինչ ընտրություն նա կկատարի: Բայց այսօր ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր կոշտ դիրքորոշում ունեն: Դուք հասկանում եք, երեւի, որ եթե չլիներ Զելենսկու՝ Երեւան գալը եւ Փաշինյանի հետ նրա գրկախառնությունները, ոչ մի նման բան, ոչ մի կոշտ ռեակցիա չէր լինի:
– Փաստորեն, հիմա Պուտինը ստիպված է որեւէ կերպ արձագանքել` բոլորը հիմա սպասում են նրա արձագանքին:
– Չէ, կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ Պուտինն ինքն էլ է տրամադրված վճռականորեն: Նա մարդ է, որը չգիտի «հետ» բառը եւ գիտի միայն «առաջ» բառը: Թե ինչ դիրք «կընդունի» Կրեմլը, հիմա ոչ ոք չգիտի, բացի Պուտինից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր