Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ». Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

«Հրապարակ». Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

Tue, 05 May 2026 10:15:47 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երեւանում գումարած գագաթնաժողովը, ինչ խոսք, դրվատանքի արժանի եւ գոհունակություն պատճառող իրադարձություն էր։ Դա Եվրոպայի հետ Հայաստանի հազարամյակներ միահյուսված պատմության մերօրյա վիզուալ դրսեւորումներից էր։ Իհարկե, ոչ այնքան հետաքրքիր ու փառահեղ, որքան երկու հազարամյակ առաջ Հուլիոս Կեսարի, Տիգրան Մեծի, Մարկ Անտոնիոսի, Կլեոպատրայի, Արտավազդ Երկրորդի միջեւ դաշինքների ու դիմակայությունների ժամանակներն են եղել։

Ոչ այնքան խորիմաստ ու նշանակալից, որքան հազար տարի առաջ Բյուզանդական կայսրությունում գահակալած Հայկական (Մակեդոնյան) դինաստիայի ժամանակները, երբ հարստության հիմնադիր Բարսեղ I-ը (Basil I, Vasil I) Բյուզանդիայի ինքնակալ հռչակվելուց հետո հայոց Աշոտ Բագրատունի իշխանին խնդրեց իրեն թագ ուղարկել, քանի որ ինքը հայ է, սերում է Արշակունիներից, հետեւաբար՝ իր թագը պետք է ստանա հայոց արքաներին թագադրող Բագրատունյաց իշխանական տնից։ Իսկ 867-ին թագադրվելուց հետո Բարսեղ I-ը ոչ միայն Բյուզանդական կայսրության վերածնունդը սկզբնավորեց, այլեւ արեց ամեն ինչ՝ Բագրատունյաց արքայատան եւ Հայաստանի անկախության համար։

Հայաստանի եւ Եվրոպայի՝ հազարամյակներ միահյուսված պատմության այսօրվա դրվագը չէր կարող աղերս ունենալ այն ազնվականության եւ նվիրումի ժամանակների հետ, երբ Եվրոպայի Խաչակրաց ուխտերն ու Կիլիկիայի հայոց թագավորությունը, ձեռք- ձեռքի՝ հարյուրամյակներ մարտնչում էին քրիստոնեությունն ու քաղաքակրթության օրրան Մերձավոր Արեւելքը մահմեդական հրոսակներից ու թյուրքական խուժանից պաշտպանելու համար (ստուգաբանորեն՝ հայերենում գործածվող «խուժան» բառը թյուրքական ցեղերով բնակեցված «Խուժիստան» անունից է ծագել)։

Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովից որեւէ մեկը ակնկալում էր այնպիսի խորը ճանաչողություն եւ ճշմարտախոսություն, ինչպես հարյուր տարի առաջ Հայաստանի եւ Եվրոպայի ճակատագրերը միահյուսած Վերսալյան վեհաժողովում, երբ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում «միակ քաղաքակիրթ ժողովուրդը հայերն են», հետեւաբար, նրանց պետությունը պետք է հիմնադրվի այդտեղ, եւ իր համոզվածությամբ եւ հետեւողականությամբ իրականություն դարձրեց Սեւրյան Հայաստանի ճանաչումը։

Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովը կարող էր այնպես հետաքրքրել ու տպավորել մարդկանց, ինչպես ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Երեւանի Ազատության հրապարակը կիզակետ դարձրած Ղարաբաղյան շարժումը, որ առաջին ու աննախադեպ ժողովրդական ընդվզումն էր Խորհրդային Միության 70-ամյա պատմության մեջ եւ ծնունդ տվեց հետագա ժողովրդավարական շարժումներին ԽՍՀՄ այլ հանրապետություններում, Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ սկզբնավորելով գործընթացները, որ, ի վերջո, հանգեցրին Վարշավյան պակտի փլուզմանն ու կոմունիստական բռնապետությունից ժողովուրդների ազատագրմանը Արեւելյան Եվրոպայում, նաեւ՝ ԽՍՀՄ-ում։

Այնպես որ, Եվրոպայի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հազարամյակներ միահյուսված պատմության դիտակետից 2026-ին Երեւանում գումարված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաճելի իրադարձություն էր, որի նմաններն ապագայում, հուսանք, ավելի շատ եւ հաճախ կլինեն։

Իհարկե, գագաթնաժողովը կարող էր նաեւ հիշարժան ու տպավորիչ դառնալ, եթե Հայաստանում իշխանության չլիներ մի թերուս խեղկատակ, որի միակ իդեա ֆիքսը Հայաստանին ցուցաբերվող սատարումն իր վրա տարածելն է։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի էժանագին վարքը հասավ այնտեղ, որ նման հավաքներում պետության գլխի՝ միապետի կամ նախագահի անունից ի պատիվ երկիր ժամանած հյուրերի տրվող ճաշկերույթին (ի դեպ, ԵՄ-ի պաշտոնական consilium.europa.eu կայքում վաղուց տեղադրված էր EPC Yerevan-ի միջոցառումների ժամանակացույցը, որտեղ բառացի գրված էր․ 03/05/2026 19:00 Leaders dinner hosted by Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, and Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia) ամեն աստիճանակարգություն, դրվածք, ավանդույթ մի կողմ շպրտելով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին տեսադաշտից իսպառ հեռացրեց, ինքն ու Ալեն Սիմոնյանը, որպես հյուրընկալներ, սկսեցին ճաշկերույթին ժամանող հյուրերին ողջունել։ Ինչո՞ւ դա արեցին․ պարզ է՝ որպեսզի ժամանող հյուրերի ողջույնի լուսանկարներում եվրոպացի առաջնորդների ֆոնին իրենք երեւան, հանկարծ տպավորություն չլինի, թե միջոցառումը Հայաստանի հետ կապ ունի, ոչ թե անձնապես Նիկոլ Փաշինյանի․․․ Ի՜նչ կարգի ամբոխավար, չկայացած, ինքնահաստատման բարդույթից տառապող մեկը պետք է լինել՝ այդպես վարվելու համար։ Փաշինյանը, որ առլեկինի ցիլինդրով է շրջում, ճիշտ է վարվում: Առլեկինությունն իր համար միայն կերպար չէ, էություն է։

Մեկ էլ, ինչը երեւանյան գագաթնաժողովից մոռանալ չի լինի, Փաշինյանի ջարդրտված անգլերենն է, որով հանպատրաստից խոսել չի էլ կարողանում, եւ հնարավոր է, այդ պատճառով չպատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեսակապով հնչեցրած հաչոցին՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի առիթով, թե «իրենք Արցախում վերջ են դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին կանգնեցրել են արդարադատության առջեւ»։ Նախ, այդ՝ մարդկության դեմ հանցագործի ելույթը հայաստանյան միջոցառումում ինչո՞ւ էր կազմակերպվել։ Ադրբեջանը կամ Ալիեւն ի՞նչ ընդհանրություն ունեն Եվրոպայի կամ քաղաքակրթության հետ, որ Եվրոպական համայնքների գագաթնաժողովում խոսեն։ Ատյանը, որտեղ Ալիեւին պատշաճ է խոսել, Հաագայի դատարանն է, ոչ թե Եվրոպայի կամ Հայաստանի հարթակները։

Իսկ Փաշինյանը բավական չէ Ալիեւին հնարավորություն էր տվել հայաստանյան հարթակում խոսելու, դեռ անամոթ վայրահաչոցին էլ չհակադարձեց… Անգլերեն պատասխանելուն բառապաշարը չէր բավարարում՝ հայերեն պատասխաներ՝ թարգմանեին։ Ոչ, ինքը լռում է, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան է Ալիեւին պատասխանում։ Այդքանից հետո արհամարհանքից եւ արգահատանքից բացի ուրիշ մի վերաբերմունք Փաշինյանի հանդեպ հնարավո՞ր է ունենալ։ Հայաստանի հասարակության պարագայում լինի, թե Եվրոպայից ժամանած ղեկավարների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաց նամակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին

Բաց նամակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Tue, 05 May 2026 18:45:15 +0400 Համոզված եմ՝ Ադրբեջանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով