Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Fri, 08 May 2026 13:45:11 +0400

Պատմական ժամանակներն են ծնում այն անհատներին, որոնց անունները հետո դառնում են դարերի ուղենիշ։ Երբ ժողովուրդը կանգնում է կորստի եզրին, երբ հայրենիքը կտոր-կտոր պոկվում է նրա աչքի առաջ, երբ խաթարվում են պատմական հիշողությունն ու ազգային հոգևոր հենարանները, այդժամ հասարակությունը սկսում է որոնել ոչ միայն առաջնորդի, այլ՝ փրկության ճանապարհ։
Այսօր Հայաստանը ապրում է հենց այդպիսի վճռորոշ ժամանակաշրջան։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես է վտանգվում պետականությունը, ինչպես են փորձ անում մարել ազգային ոգին, ինչպես է անտարբերությունը դառնում ամենամեծ սպառնալիքը։ Եվ այդ լռության, այդ ծանր խավարի մեջ հանկարծ հնչում է մի ձայն՝ «Եկեք իմ հետևից, ես ձեզ ցույց կտամ ճիշտ ճանապարհը»։ Այդպիսի պահերին ժողովուրդը բնազդաբար գնում է դեպի լույսը։
Պատկերացրեք խորխորատ։ Ամենուր խավար է, անորոշություն, վախ։ Բայց հեռվում մի փոքրիկ լույս է երևում։ Ի՞նչ կանի մարդը։ Իհարկե, կգնա այդ լույսի հետևից։ Որովհետև նույնիսկ ամենաթույլ լույսը հույս է տալիս, իսկ հույսն արդեն պայքարի սկիզբն է։
Այս ութ տարիների ընթացքում ժողովուրդը բազմիցս փորձել է հետևել տարբեր լույսերի։ Գնացել է, հավատացել, հույս կապել։ Բայց խավարը ավելի խիտ է եղել, կուլ է տվել այդ լույսերը։ Մարդիկ վերադարձել են ավելի հուսահատ, ավելի հիասթափված, ավելի ծանր կորուստներով։ Սակայն անգամ այդ ամենից հետո հայ ժողովուրդը չի դադարել սպասել այն անհատին, ով ոչ թե խոսքերով, այլ կամքով ու նվիրումով կկարողանա առաջնորդել դեպի դուրս գալու ճանապարհը։
Այսօր այդ սպասման շուրջ է ձևավորվում նոր իրականություն։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական ու տեղեկատվական պայքարը կենտրոնացած է Սամվել Կարապետյանի դեմ։ Որովհետև իշխանությունը վտանգ չի տեսնում թույլերի մեջ։ Վտանգ տեսնում է այնտեղ, որտեղ կա վճռականություն, ազգային հենարան, կամք և ժողովրդի վստահությունը շահելու ներուժ։
Նրանք հասկանում են, որ Սամվել Կարապետյանի համար տարիների աշխատանքով ստեղծված միլիարդները արժեք չունեն, եթե վտանգված է հայրենիքը։ Քրեական գործե՞ր։ Դատական ճնշումնե՞ր։ Սեփականության դեմ հարվածնե՞ր։ Մենք արդեն տեսանք, որ անգամ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված ամբողջ շղթայական ճնշումը չկարողացավ փոխել նրա դիրքորոշումը։ Որովհետև կան մարդիկ, որոնց համար հայրենիքը հաշվարկից վեր է։
Հայ ժողովուրդը վաղուց էր սպասում այնպիսի անհատի, որի համար ազգային շահը կլինի ամեն ինչից բարձր։ Մարդու, ով պատրաստ կլինի ոչ միայն խոսել հայրենասիրությունից, այլ անհրաժեշտության դեպքում սեփական կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին։ Փաշինյանի պատերազմը հաղթանակի դեմ է։ Մեր բոլոր հաղթանակները խլելուց հետո, չի հանգստանում, կրկին գրոհում է․․․
Եվ պատմությունը բազմիցս ապացուցել է՝ երբ խավարը չափազանց խտանում է, նշանակում է լույսը մոտ է։ Հայ ժողովուրդը երբեք չի ծնկել վերջնականապես։ Մենք վերապրել ենք կայսրությունների կործանում, ցեղասպանություն, պատերազմներ ու կորուստներ, բայց ամեն անգամ մոխիրների տակից վեր ենք բարձրացել՝ որովհետև մեր ժողովրդի մեջ միշտ ծնվել են նրանք, ովքեր սեփական անձից վեր են դասել հայրենիքը։
Այսօր ևս ժողովուրդը լույս է որոնում։ Իսկ երբ ժողովուրդը սկսում է հավատալ, ոչ մի խավար այլևս չի կարող մնալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր