Մտահոգիչ են ընդդիմությանը վարկաբեկելու՝ ՀՀ իշխանությունների փորձերը․ ՌԴ ԱԳՆ
Thu, 21 May 2026 13:07:01 +0400

Գրել ենք, որ ՌԴ ԱԳՆ–ն կոշտ հայտարարություն է արել` կապված «The Insider»–ի հրապարակման հետ, որում նշվում էր Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ գործունեության մասին։ Գերատեսչությունում նշել են, որ «The Insider» օտարերկրյա գործակալ–լրատվամիջոցի ներկայացրած «հետաքննության» մեջ արծարծված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ կեղծիք և կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել ռուսաստանցի դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ։
Ռուսական կողմը նաև առանձին մեկնաբանել է Երևանում Ռուսական տան հիշատակումը։ ԱԳՆ-ում շեշտել են, որ կազմակերպության մշակութային, կրթական և մարդասիրական գործունեությունը նրա անմիջական գործառույթն է, և դա «հատուկ ծառայությունների գործողություն» ներկայացնելու փորձերը հակառուսական արշավի մաս է։ Նախարարությունը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի ընդդիմությանը և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն աջակցող հասարակական գործիչներին վարկաբեկելու փորձերի առնչությամբ։
Ռուսական կողմի հետ նման գործիչների ցանկացած շփում, միջազգային հարթակներում և փորձագիտական միջոցառումներին նրանց մասնակցությունը ավտոմատ կերպով հայտարարվում է որպես «աշխատանք ռուսական հատուկ ծառայությունների համակարգման ներքո», իսկ բուն ընդդիմադիր գործունեությունը` «Կրեմլի օպերացիայի» մաս։
«Հայ հասարակությանը փորձում են պարզունակ սխեմա պարտադրել. կառավարությանը քննադատելը համարժեք է Մոսկվայի համար աշխատելուն», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
Գերատեսչությունն ընդգծել է` տեղի ունեցողը «մոլդովական սցենար» է հիշեցնում, որի դեպքում, Մոսկվայի վարկածով, արտաքին խաղացողները միջամտում են ներքին գործընթացներին՝ ժողովրդավարությանը աջակցելու և կոռուպցիայի դեմ պայքարելու կարգախոսների ներքո։
Նշվում է, որ հայկական մեդիատիրույթում տարածվող կեղծ լուրը բրյուսելյան քարոզիչների կողմից հակառուսական ուղղվածություն ունեցող հետևողական քայքայիչ աշխատանքի արդյունք է`«Կրեմլից բխող հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի պատրվակով ՌԴ–ին վարկաբեկելու և հայ–ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով։
«Ակնհայտ է Հայաստանի վրա «մոլդովական սցենարի» պրոյեկցիան՝ Ռուսաստանի շուրջ թշնամական, թունավոր մթնոլորտի ստեղծում և տեղական մեդիադաշտի մաքրում այն ամենից, ինչ կապված է մեր երկրի հետ», – նշել է նախարարությունը։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել, որ ՀՀ ղեկավարության առանձին ներկայացուցիչներ հղում են արել «The Insider»-ի հրապարակմանը որպես «ազդեցիկ ռուսական ռեսուրս» և աջակցել են դրանում նշված թեզերին․ «Վստահ ենք` հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իրեն խաբեն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր