Քաղաքական պայքարի փոխարեն՝ վարչական ճնշո՞ւմ

Քաղաքական պայքարի փոխարեն՝ վարչական ճնշո՞ւմ

Fri, 05 Jun 2026 22:40:38 +0400


Հայաստանի քաղաքական կյանքում ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե գաղափարական հակադրությունն է, այլ այն իրավիճակը, երբ քաղաքական մրցակցությունը փոխարինվում է վարչական լծակների կիրառմամբ։

Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը լռության օր է, իսկ ընտրություններից առաջ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա հանգիստ և ազատ գնահատելու քաղաքական ուժերի ծրագրերն ու առաջարկները։ Սակայն հենց այս վճռորոշ պահին ականատես ենք լինում մի գործընթացի, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում հանրության շրջանում։

«Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել դիմում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը դադարեցնելու պահանջով։ Եվ այսօր՝ ժամը 22:00-ից, այդ հարցը քննարկվում է ԿԸՀ արտահերթ նիստում։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանը ընտրում է» բանավեճի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրապարակային ելույթում անդրադարձ կատարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցության հարցին և իր խոսքում փաստացի հորդոր հնչեցրեց Արամ Սարգսյանին՝ դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Երբ արդեն հաջորդ օրը նման դիմումը հայտնվում է ԿԸՀ-ի օրակարգում, հանրության մոտ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք սա պարզապես քաղաքական համընկնում է, թե՞ նախապես մշակված քաղաքական սցենարի մաս։ Այս հարցերին պատասխանելը պարտավոր են այն քաղաքական ուժերը, որոնք մշտապես խոսում են ժողովրդավարության, իրավական պետության և ազատ ընտրությունների մասին։

Եթե իսկապես փորձ է արվում ընտրական գործընթացից դուրս մղել քաղաքական մրցակիցներին՝ դիմումների, բողոքների և իրավական մեխանիզմների միջոցով, ապա դա լուրջ հարցեր է առաջացնում ժողովրդավարության որակի վերաբերյալ։ Ժողովրդավարության ուժը ոչ թե մրցակիցներին հեռացնելու, այլ նրանց հետ բաց և արդար պայքար մղելու մեջ է։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի քաղաքական դիրքորոշումը։ Տարիներ շարունակ հնչել են ժողովրդավարության, ազատ մրցակցության և քաղաքական բազմակարծության մասին հայտարարություններ։ Սակայն երբ քաղաքական գործընթացներում գերակշռում են մրցակցին սահմանափակելու փորձերը, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք գործնական քաղաքականությունը համապատասխանում է այդ հռչակված սկզբունքներին։

Առավել մտահոգիչ է այն, որ այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի վերջին օրը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ քաղաքական դերակատարներ ընտրել են լարախաղացի մարտավարությունը՝ վերջին պահին փորձելով ազդել ընտրական գործընթացի բնական ընթացքի վրա։ Սա ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական անվստահության և սեփական դիրքերի նկատմամբ կասկածի դրսևորում է։

Քաղաքական ուժի իրական հեղինակությունը որոշվում է ոչ թե մրցակիցների դեմ ներկայացված դիմումների քանակով, այլ հասարակության վստահությամբ, ծրագրերի որակով և գաղափարների մրցունակությամբ։ Երբ քաղաքական պայքարը տեղափոխվում է վարչական հարթություն, հանրության մեջ ստեղծվում է տպավորություն, որ գաղափարական պայքարի ռեսուրսը սպառվել է։

Հայաստանի քաղաքացին արժանի է տեսնելու ծրագրերի մրցակցություն, ոչ թե քաղաքական հաշվեհարդարի տպավորություն ստեղծող գործընթացներ։ Պետության շահը պահանջում է, որ բոլոր քաղաքական ուժերը մրցեն հավասար պայմաններում, իսկ վերջնական որոշումը կայացնի ժողովուրդը՝ իր ազատ քվեով։

Ժամանակը միշտ տալիս է իր գնահատականը։ Եվ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական տեխնոլոգիաներով հնարավոր է ժամանակավորապես խոչընդոտել մրցակցին, սակայն անհնար է երկարաժամկետ հեռանկարում հաղթել ժողովրդի կամքին։

Եթե որևէ քաղաքական ուժ վստահ է իր գաղափարների, ծրագրերի և հասարակական աջակցության վրա, ապա նրա հիմնական պայքարը պետք է ծավալվի հանրության վստահությունը շահելու դաշտում, այլ ոչ թե մրցակիցներին ընտրական գործընթացից հեռացնելու փորձերի միջոցով։ Ժողովրդավարությունը ենթադրում է մրցակցություն, ոչ թե մրցակցության սահմանափակում։

Ժողովուրդն ի վերջո տարբերում է սկզբունքային քաղաքականությունը պահի շահից, իսկ պետական մտածողությունը՝ քաղաքական հաշվեհարդարից։ Ժամանակը ցույց կտա, թե ով էր առաջնորդվում ազգային և պետական շահերով, և ով՝ անձնական կամ խմբակային հաշվարկներով։

Աստված խոհեմություն, արդարամտություն և պետական պատասխանատվության զգացում պարգևի բոլոր նրանց, ում վրա դրված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը դադարեցնելու պահանջի որոշման պատասխանատվությունը։

ԱՇՈՏ ԴԱԼԼԱՔՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը շուն է, բայց՝ անատամ

Ռուսաստանը շուն է, բայց՝ անատամ Fri, 05 Jun 2026 21:45:35 +0400 Դեռեւս ԱԺ նախագահ աշխատող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով