Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»

Tue, 11 Aug 2026 23:15:50 +0400


Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«2023 թվականի բռնի տեղահանումը չի վերացրել և չի կարող վերացնել Արցախի ժողովրդի քաղաքական կամքը, նրա իրավունքները կամ այդ իրավունքների միջազգային պաշտպանության իրավաչափ պահանջը։ Ժողովրդին հայրենիքից բռնի հեռացնելը չի նշանակում նրան զրկել քաղաքական սուբյեկտ լինելու իրավունքից։

Արցախի ժողովուրդը զրկվել է իր հայրենիքում ապրելու հնարավորությունից, սակայն չի զրկվել իր քաղաքական ձայնից։ Այդ ձայնը պատկանում է ժողովրդին և չի կարող վերացվել վարչական որոշումներով, քաղաքական հայտարարություններով կամ որևէ այլ ուժի կամ մարմնի կամայականությամբ։ Այս համատեքստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պարզապես գործող կամ նախկին պետական կառույց չէ։ Այն Արցախի ժողովրդի կողմից ձևավորված և ընտրված ներկայացուցչական մարմին է, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական քաղաքական կամքը։ Հետևաբար դրա պահպանումը և շարունակական գործունեությունը ոչ թե ձևական կամ խորհրդանշական, այլ քաղաքական և իրավական անհրաժեշտություն է։

Ոչ մի այլ մարմին չի կարող նույն լեգիտիմությամբ փոխարինել ժողովրդի կողմից ընտրված Արցախի Ազգային ժողովին, քանի դեռ չկա ժողովրդի կողմից ընտրված նոր Ազգային Ժողով։ Չի կարելի ժողովրդի անունից խոսելու իրավունքը վերապահել այնպիսի կառույցների, որոնք չեն ստացել այդ ժողովրդի քվեն։ Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացուցչությունը չի կարող փոխարինվել ինքնահռչակված կամ նշանակված այլ ձևաչափերով։

Ժողովրդին հայրենիքից կարող են բռնի հեռացնել, բայց չեն կարող նրա փոխարեն վերաշարադրել նրա քաղաքական կամքը։ Արցախի Ազգային ժողովի գոյությունն ու գործունեությունը Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների շարունակականության կարևորագույն ինստիտուցիոնալ երաշխիքներից են։ Այն ապահովում է ոչ միայն քաղաքական հիշողության պահպանումը, այլև ժողովրդի հավաքական դիրքորոշման ձևակերպումը, դրա հրապարակային արտահայտումը և միջազգային հարթակներում հետևողական ներկայացումը։

Միևնույն ժամանակ պետք է հստակ արձանագրել՝ Արցախի Ազգային ժողովը և Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացուցչությունը որևէ սպառնալիք չեն և չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համար։ Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունը հակադիր նպատակներ չեն։ Ընդհակառակը՝ ժողովրդավարական, իրավական և քաղաքական ներկայացուցչության պահպանումը պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային և միջազգային իրավաքաղաքական գործընթացներում հայկական շահերի պաշտպանության կարևոր բաղադրիչ։

Հայաստանի Հանրապետությունը չպետք է վախենա Արցախի ժողովրդի ձայնից՝ այդ ձայնը չի կարող դիտարկվել որպես Հայաստանի դեմ ուղղված գործոն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոխվում են գաղութարարները, նրանց հոգեբանությունը մնում է նույնը

Փոխվում են գաղութարարները, նրանց հոգեբանությունը մնում է նույնը Tue, 11 Aug 2026 18:15:03 +0400 Մեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով