Ո՞ւմ կրծքում է բաբախում «Դանկոյի սիրտը»
Tue, 16 Jun 2026 17:45:55 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ասելով, «մոտ 30 ձայնի բացակայության եւ իրավասու մարմինների թերացումների պատճառով արհամարհել ու առոչինչ դարձնել 60 հազար ձայնը՝ դեմ է իրավական ու ժողովրդավար պետության առանցքային սկզբունքներին եւ ընտրական գործընթացի ողջ էությանը»: Հարգելով հանդերձ տիկին Մելոյանին՝ չպետք է համաձայնեմ նրա հետ: Նախ՝ այն հարցով, թե տեղի են ունեցել «իրավասու մարմինների թերացումներ»: Իրականում, դրանք ոչ թե թերացումներ էին, այլ նպատակամղված ջանքեր: Իսկ նպատակն էլ Գագիկ Ծառուկյանին ու նրա ԲՀԿ-ն ԱԺ-ից ներս չթողնելն էր, ինչն արդեն հստակ էր այն պահից, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր պաշտոնին բացարձակ անհարիր բառապաշարով սպառնում էր պատժել Ծառուկյանի որդուն: Ու ինքն ամեն ինչ անելու էր, որպեսզի հասներ իր նպատակին: Իսկ Ազգային ժողով ԲՀԿ-ի մուտքն արգելելը դրա մի մասն էր՝ կարեւոր մասը:
Ինչ վերաբերում է «մոտ 30 ձայնի բացակայության … պատճառով 60 հազար ձայնն արհամարհելուն ու առոչինչ դարձնելուն», ապա դա բռնապետական կառավարման համակարգին բնորոշ երեւույթ է: Նախ՝ այն առումով, որ մեր այս դարում բռնապետը թքած ունի թե՛ 60 եւ թե՛ 160 հազար ձայնի վրա, եթե դա իրենը չէ: Երկրորդ․ 30 ձայնի պատճառով 60 հազարը վարի տալը, հատկապես որ այդ ձայներն էլ, վստահաբար, չեղարկվել են ոչ օրինական հիմունքներով, իսկապես վկայում է արհամարհանքի մասին: Սակայն ոչ թե 60 հազարի «տերերի», այլ այն անձի նկատմամբ, որին հատկացվել էին դրանք: Այդ արհամարհանքը վկայում է, որ մենք գործ ունենք պետական մտածողության իսպառ բացակայության երեւույթի հետ: Այն անձի առումով, որը, որպես երկրի ղեկավար, պետք է հանդես բերեր նման մտածողություն: Իսկ դրա բացակայությունը վերջինիս «սիրելի» ժողովրդի խոսակցականում շատ ավելի բնորոշ ձեւակերպում ունի՝ «գեղցիական շուստրիություն»:
Եվ, վերջապես, տիկին Մելոյանի դատողության այն մասը, թե արվածը դեմ է «իրավական ու ժողովրդավար պետության առանցքային սկզբունքներին եւ ընտրական գործընթացի ողջ էությանը», ապա նման բան ասելիս ենթադրվում է, որ մինչ այդ գործ ենք ունեցել հենց իրավական ու ժողովրդավար պետության հետ: Այնինչ, քննչական ու ոստիկանական «բեսպրեդելի» առկայության պարագայում նման պետության մասին խոսելը մեծ շռայլություն կլինի: Կարծում եմ, որ մասնագիտությամբ իրավաբան տիկին Գոհարն ինձնից ավելի լավ է պատկերացնում իրավիճակը: Չնայած բոլորս էլ ուղեղի հեռավոր մի անկյունում հույս ունեինք, որ ընտրություններով հնարավոր է, այնուամենայնիվ, կատարել իշխանափոխություն: Այլապես իմաստ չէր ունենա եռամսյա այդ կրկեսին մասնակցելն ու մեկ դերասանով ներկայացմանը դիմագրավել փորձելը: Բայց կյանքը հերթական անգամ մեզ ցույց տվեց, որ հույս ունենալը վատ բան չէ, սակայն դրանով առաջնորդվելը՝ աններելի մանկամտություն, ինչը վերաբերում է մեզ՝ բոլորիս, շարքային քաղաքացուց մինչեւ առաջնային քաղաքական գործիչներին:
Ինչեւէ, ՀՀ վարչապետի պաշտոնին ինքնասոսնձված անձը հերթական դասը տվեց մեզ՝ բոլորիս: Ասել, թե նա ավելի խելացի է, քան իր ընդդիմադիրները, ճիշտ չի լինի: Բայց վերջիններս միշտ ինչ-որ կարմիր գիծ էին տեսնում կամ պատկերացնում առջեւում՝ մտածելով, որ այդ անձը չի համարձակվի հատել այն: Այնինչ վերջինս՝ առանց իրեն նեղություն տալու, անում էր դա եւ անում էր հաճույքով՝ դրանով մեզ ցույց տալով, որ ոչ մի կարմիր գիծ էլ չկա իրականում: Եվ ինքը միշտ կվարվի այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի պահպանի պաշտոնը՝ թքած ունենալով մնացած ամեն ինչի վրա: Իզուր չէր, որ ժամանակին հիացած էր ամերիկյան բլոգեր ու գրող Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի վերնագրով: Չնայած կարդալով գիրքը՝ հասկացել էր, որ դա այն չէ, ինչն ինքը պատկերացրել էր նախապես:
Ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի հավաքական ընդդիմությունը վերը նշված անձի՝ թքած ունենալու վարքագծին, բայց մի բան հստակ է՝ եթե դա ունենալու է խորհրդարանական պայքարի տեսք, ապա այն լինելու է երկարատեւ, ինչպես նաեւ՝ ընդդիմության համար տհաճ երեւույթներով հագեցած: Եթե ընտրվեց փողոցի ուղին, ապա այն հաջողության հասնելու համար չպետք է կրկնի այն, ինչը տեղի է ունեցել 2021-2024 թվականներին: Իսկ հաջողության հասնելու փոքրաթիվ ուղիներից մեկը, իմ համեստ կարծիքով, փոխաբերաբար ներկայացված է Մաքսիմ Գորկու «Դանկոյի սրտի» հերոսի տեսքով: Մնում է, որ հանդես գա այնպիսի մի երիտասարդ, որի կրծքում կբաբախի «Դանկոյի սիրտը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր