Կոնյունկտուրային խորհրդանիշներ եւ մոռացված կերտողներ
Sat, 27 Jun 2026 17:15:34 +0400

Օրերս ականատես դարձանք մայրաքաղաքի փողոցների հերթական անվանափոխությանը։ Այս գործընթացն ինքնին արտասովոր երեւույթ չէ․ հասարակությունն իրավունք ունի վերադարձնելու մոռացության մատնած անունները եւ դրանով իսկ վերանայելու պատմական հիշողության իր պանթեոնը։ Ուստի, առանցքային հարցն այն չէ, թե ում անունն է դառնում քաղաքի կերպարի մաս, այլ այն, թե ի՛նչ իմաստ է դրել նման փոփոխության մեջ Երեւանի ավագանու ՔՊ-ական մեծամասնությունը։
Մայրաքաղաքի կենտրոնական՝ Ա․ Ամիրյանի անվան փողոցի վերանվանումը Պապ թագավորի անունով ցույց է տալիս, որ հիշողության քաղաքականության հիմքում ոչ թե անձի գործունեության համակողմանի գնահատականն է, այլ ընթացիկ գաղափարական կոնյունկտուրան։
Պապ թագավորը, իր գահակալության բոլոր հակասություններով հանդերձ, առանձնահատուկ տեղ ունի քրիստոնեական Հայաստանի վաղ պատմության մեջ։ Սակայն խնդրահարույց է այն, որ թագավորի անունն արդիականացվում է ոչ թե նրա ժառանգության մասշտաբի շնորհիվ, այլ բացառապես ՔՊ-ի քաղաքականության պրիզմայով։ Պապի հակամարտությունը Հայոց աշխարհում հաստատվող Հայ առաքելական եկեղեցու հետ բացահայտորեն համադրվում է ՔՊ-ի առաջնորդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկա սուր դիմակայության հետ։
Ակամա հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս է հավերժացվել նրանց հիշատակը, որոնց ներդրումը Հայաստանի զարգացման մեջ ոչ թե խորհրդանշական է, այլ՝ միանգամայն կոնկրետ, ստեղծարար եւ ինստիտուցիոնալ։ Այդպիսի նշանակալի գործիչների շարքում են, օրինակ, Գրիգոր Հարությունովը եւ Սերգեյ Մերգելյանը։
Գրիգոր Հարությունովը ղեկավարել է Խորհրդային Հայաստանը 1937-53 թվականներին՝ «մեծ տեռորի», պատերազմի, հետպատերազմյան վերականգնման եւ Խորհրդային Հայաստանի արդյունաբերականացման տարիներին։ Անհնար է ժխտել, որ հենց Գ. Հարությունովի անձնական ջանքերի շնորհիվ դրվեցին Հայաստանի տնտեսության, քաղաքաշինության, մշակութային-կրթական վերելքի հիմքերը։
Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը համաշխարհային մակարդակի մաթեմատիկոս էր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմքը հանդիսացող նոր գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծողներից, առանց որի դժվար է պատկերացնել 1960-ականներին մեր փոքրիկ հանրապետությունում սկիզբ առած արդիականացումը։
Թեեւ հայերի մի քանի սերունդ վայելում է Գ. Հարությունովի եւ Ս. Մերգելյանի ստեղծարար գործունեության պտուղները, սակայն այս երկու մեծանուն մարդիկ չարժանացան ըստ արժանվույն հասարակական եւ պետական ճանաչման։ Յուրաքանչյուրի անունով կոչվել է ֆուտբոլի դաշտի երկարության մի-մի փողոց՝ կորած երեւանյան բակերի խորքում։
Հենց այստեղ է ի հայտ գալիս մեր ժողովրդի երկու նշանավոր զավակների ճակատագրերի պատմական հեգնանքը․ նրանց նշանակալիությունը թույլ չէր տալիս անհետանալ ազգային հիշողությունից, իսկ բարդությունը՝ լիարժեք ճանաչում գտնել պաշտոնական հավերժացման տրամաբանության մեջ։ Եվ սա՝ այն պարագայում, երբ երկուսն էլ Հայաստանի համար արել էին ավելին, քան նրանցից շատերը, ովքեր հետագայում հեղինակություն ձեռք բերեցին նրանց ստեղծած ժառանգության հիման վրա։
Անցան տասնամյակներ, փոխվեց մեկ սերունդ, երկու սերունդ, սակայն իշխանավորները շարունակում են նույն ցինիզմով փառքի պատվանդանին բարձրացնել նրանց, որոնց արժեքը որոշվում է ոչ թե վաստակի մեծությամբ, այլ՝ քաղաքական պահի թելադրանքով։
Տեղանունները հասարակության հասունության եւ բարոյական անաղարտության ցուցիչներն են, հավաքական հիշողության առարկայացման ձեւերը, որոնց միջոցով ամրագրվում են տվյալ սերնդի արժեքային եւ պատմական առաջնահերթությունները։ Յուրաքանչյուր անվանակոչում ընտրություն է եւ պատասխան այն հարցին, թե ինչ ենք հաղորդում աճող սերնդին, ինչպես ենք գնահատում հեռացող սերնդի վաստակը եւ ինչ ենք ցանկանում պահպանել հնարավոր երկար ժամանակի կտրվածքով։
Եթե տեղանունների ընտրության սկզբունքները դառնում են նեղ կուսակցական մանիպուլյացիայի գործիք, ապա դա վկայում է պատմական հիշողությունը դիտավորությամբ խեղաթյուրելու, տաղանդավոր ու եռանդուն մարդկանց նվիրումն ու անձնազոհությունը անցողիկ խորհրդանիշներից տարբերակելու չկամության մասին։ Վստահ եմ՝ կանցնի եւս որոշ ժամանակ, եւ Հայաստանի հանրային հիշողությունը կձեւավորվի ոչ թե քաղաքական նպատակահարմարության գռեհիկ տրամաբանությամբ, այլ՝ երկրին մատուցված ծառայության գիտակցմամբ։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր